Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանական հավատով խոստովանությունը

Խորհրդարանական հավատով խոստովանությունը

Կամ հայկական ցեմենտը, ադրբեջանական նավթն ու ռուսական բանկը

Եթե շփման գծում չի հաջողվում վստահության ապահովման միջոցառումներ իրականացնել, ապա գոնե քաղաքատնտեսական գծում այն պետք է ապահովվի։ Եվ ահա Ազգային ժողովը փորձեց 2,95 տոկոսանոց վստահության միջոցառումներ իրականացնել։ ВТБ- ի հենց 2,95 տոկոս բաժնետոմսերի փաթեթն է, որ պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին։ Ճիշտ է, այդ ֆոնդը ռուսական այս բանկում որեւէ պահանջ չի կարող թելադրել, եթե հավատանք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, սակայն այս բանկը կարող է փրկել «Հրազդան-Ցեմենտ» ընկերությունը, եթե կրկին հավատանք նախարարին։

Փրկել առայժմ չի հաջողվի, քանի որ ապրիլի 25-ին խորհրդարանը չկարողացավ հարկային եւ սոցիալական վճարների արտոնություն տրամադրել «Հրազդան- Ցեմենտի» սեփականատեր ВТБ-ին։ Երբ օրինագիծը չանցավ, մտածեցի, որ իրոք մեր երկրում բան է փոխվել, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո իշխանությունը դասեր է քաղել եւ այլեւս չի փորձի հասարակության հաշվին օլիգարխների կամ խոշոր բիզնեսի վատ մենեջմենտի ծախսերը փակել։ Սին հույսեր։ Իշխանությունն այս շրջանում սովորել է միայն հավատով խոստովանել։

Նույն այդ հավատով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոստովանեց, որ օրենքի չընդունման պատճառը սահմանին գտնվող 12 ՀՀԿ-ականներն ու գործուղման գտնվող դաշնակցականներն էին։ Նրանք կգան, կառավարությունը մերժված օրինագիծը կրկին կբերի խորհրդարան։ Ու այդ ժամանակ վստահության միջոցառումներ էլ կլինեն՝ թեկուզ 2,95 տոկոսի չափով, «Հրազդան-Ցեմենտն» էլ կփրկվի՝ թեկուզ հավատի մակարդակով։ Որ օրենքը կընդունվի՝ դրան ոչ թե պետք է հավատալ, այլ ընդունել որպես իրողություն։ Չմոռանանք, որ անգամ հանրապետության նախագահն էր հանդիպել ՀՀԿ խմբակցության անդամների հետ, նրանց կարգի հրավիրել, հիշեցրել, որ պատգամավորները պետք է ԱԺ նիստերին մասնակցեն՝ իմա. խոշոր բիզնեսին՝ այս դեպքում խոշոր բանկին, աջակցություն ցուցաբերեն։

Ասեմ, որ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ սեփականատեր ռուսական ВТБ բանկին հարկային արտոնություն տրամադրելու օրինագծի քննարկումն սկսվել էր ապրիլի 5- ին։ Կառավարությունը որոշել է մեր՝ ՀՀ քաղաքացիների անունից եւ հաշվին ներել ընկերության 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած 504923.4 հազար դրամ տույժը։ Իշխանությունը սա կարեւորում է, քանի որ պալատական գործարար Միկա Բաղդասարովի վատ մենեջմենթի պատճառով, ինչը անգամ կառավարությունն է խոստովանում, «Հրազդան- Ցեմենտը» հայտնվել է սնանկացման եզրին։ Բաղդասարովին վարկ տրամադրած ВТБ-ն, եթե հավատանք կառավարությանը, կարող է փրկել այս գործարանը՝ միայն թե նրան տրվի տույժերի գծով արտոնությունը։ Հակառակ դեպքում, եթե կրկին հավատանք կառավարությանը, բանկը գործարանը մաս- մաս կանի, մաս- մաս կվաճառի, բյուջեն դրանից ոչինչ չի ստանա։

Որ «Հրազդան-Ցեմենտը» համակարգաստեղծ ձեռնարկություն է Հայաստանի տնտեսության համար, դեռ ապրիլի 5- ին հայտարարում էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ասում, որ այստեղ 470 աշխատող գործազուրկ կմնա։ Ճիշտ է, արդեն ապրիլի 25- ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոսում էր 1040 աշխատողի մասին։ Սակայն սա կարեւոր չէ, կարեւորն այս գործում հավատն է։ Ու կառավարությունն այնքան է հավատում ВТБ-ին, որ չի պատրաստվում անգամ տրամադրվող արտոնության չափով բաժնետոմսեր ձեռք բերել եւ դրանց միջոցով հետեւել այս «համակարգաստեղծ ձեռնարկության» առողջացման ընթացքին։

Այնպես որ՝ այս գործարանի հետ կապված օրենսդրական այս նախաձեռնության ողջ իմաստը հավատն է։ Հավատը, որ գործարանը վատ վիճակում է հայտնվել ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլ ոչ թե իշխանության ձեւավորած համապետական կոռուպցիայի պատճառով, հավատը, որ 2014 եւ 2015 թվականներին վնասով աշխատող «ВТБ-Հայաստան» բանկն ունի գործարանն առողջացնելու ծրագիր, այլ ոչ թե՝ միջազգային պատժամիջոցների մեջ գտնվող բանկն ինքն է վնասով աշխատում եւ ինքը առողջացման ծրագրի կարիք ունի, հավատ, որ կես մլրդ դրամից ավելի արտոնություն տրամադրելուց հետո գործարանում աշխատողներից ոչ մեկը չի կրճատվի, այլ ոչ թե՝ որ նրանց կարող են պահել շարունակական աշխատավարձ չվճարելով, հավատ, որ Հայաստանում շինարարության ոլորտը կրկին բուռն տեմպերով կաճի, այլ ոչ թե, որ նախորդ աճը հակասում էր տնտեսության կազմավորման տրամաբանությանը։

Հավատ, որ մեր երկրում ինչ- որ բան է փոխվել կամ փոխվելու, հավատ, որ իշխանությունը դասեր է քաղել կամ քաղելու, հավատ՝ հանուն հավատի ...

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները