Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ. առաջարկում է ստեղծել բանակ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ՝ նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որը «կերաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: «Հաշվի առնելով հանգամանքը, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է հեղինակը:

Թ.Պողոսյանի նախագիծն այժմ կառավարությունում է: Գործադիրն այն պետք է քննարկի, եզրակացություն տա և հետ ուղարկի խորհրդարան: ԱԺ-ում նախագիծը դեռևս «նստաշրջանի օրակարգում չընդգրկված» նախաձեռնությունների բաժնում է:

Մահվան դատավճի՞ռ, թե՞ գենոֆոնդի պահպանում

Հասարակական-քաղաքական շրջանակներում, մամուլում ու սոցցանցերում Թ.Պողոսյանի նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ դարձավ՝ հիմնականում քննադատության արժանանալով: «Տասնութ տարեկանին կյանքի հնարավորություն տվեք, ոչ թե մահվան ծես կազմակերպեք», «մեր նորակոչիկներին մահվան տեղեկա՞նք եք տալիս», «ապահով խավին՝ ապահով սեքս, անապահով նորակոչիկներին՝ սաղմնաբջջի պահպանում». նախագծին նման գնահատականներ տրվեցին:

Թևան Պողոսյանը բացատրում է, որ գաղափարը ծագել է արցախյան քառօրյա պատերազմից հետո, երբ հաճախ է կարդացել, թե զոհված երիտասարդը «տան վերջին ճրագն» էր, թե զոհվածի «օջախը մարեց»: Հեղինակի ներկայացմամբ կա նաև ավելի գլոբալ հարց՝ Հայաստանն ունի դեմոգրաֆիկ լուրջ խնդիր, ծնելիությունը նվազում է, կա անպտղության պրոբլեմ: Այս խնդիրները մեղմելու համար ևս պատգամավորն առաջարկում է պետականորեն երաշխավորել սերմնաբջիջների բանկի ստեղծումն ու պահպանումը:

Թևան Պողոսյանն ասում է, որ մինչ նախագիծը ներկայացնելն ուսումնասիրել է միջազգային փորձը և համոզվել, որ նման պրակտիկա կիրառվել է տարբեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում ու Իսրայելում:

Ազգային ժողովում պատգամավորները դեռևս ձեռնպահ են մնում կարծիք հայտնել սերմնաբջիջների պահպանման բանկ ստեղծելու նախաձեռնության մասին: Որոշակիորեն ակնհայտ է, որ գաղափարը խորհրդարանականների մեծ մասի աջակցությունը չի վայելում:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, կրթությամբ բժիշկ Կարեն Ավագյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում նկատեց, որ գործող օրենսդրությունն այսօր էլ քաղաքացիներին չի սահմանափակում սերմնաբջիջները պահ տալ որևէ վերականգնողական կենտրոնում, անկախ հանգամանքից՝ զինակոչիկ է, թե ոչ: «Շատ կամավորներ այսօր էլ օգտվում են այդ հնարավորությունից, պարզապես պետք է այդ հնարավորության մասին բարձրաձայնել, որպեսզի շատերն իմանան այդ մասին: Իմ կարծիքով՝ պարոն Պողոսյանի առաջարկությունը ուղղակի դրա մասին բարձրաձայնելն է»,- ասում է Կ.Ավագյանը:

Ավագյանը նաև հիշեցնում է, որ ԱԺ օրակարգում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրինագիծը, որտեղ այս խնդրին առնչվող շատ հարցեր՝ դոնորության, փոխնակ /սուրոգատ/ մայրության, արհեստական բեղմնավորման վերաբերյալ, գտել են իրենց պատասխանները:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Թ.Պողոսյանի նախագիծը զինվորներին անուղղակիորեն տրամադրում է վիրավորվելու կամ զոհվելու: «Մինչդեռ մեր զինվորները չպետք է մտածեն նահատակվելու և վիրավորվելու մասին»,- ասում է Իշխանյանը:

Եթե ուրիշ երկրում կա, նշանակո՞ւմ է լավ ու կարևոր գործ է՝ հարցնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Եվ հետո՝ ո՞վ է լինելու սաղմնաբջջի իրավատերը, հետո ո՞վ, ի՞նչ կարգի իրավունքներ պետք է ունենա, ո՞ւմ են այդ սերմով բեղմնավորելու, ո՞վ է կարողը լինել այդ սերմի կրողը: Սերմնաբջջի տերն իր ապագա զավակի և նրա ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներ ու ցանկություններ է ունենում: Այդ հարցերին ի՞նչ պատասխան է տրվելու: Բայց թիվ մեկ հարցն ինձ համար բարոյական է՝ մեր տղաներին մահավճռո՞վ ենք բանակ ուղարկելու»,- ասում է Խառատյանը:

«Իսկ նրանք դրա մասին չգիտե՞ն, թե՞ այդ մասին իմանում են, երբ սերմ են հանձնում: Իմ կարծիքով՝ վատ նախաձեռնություն չէ»,- հակադարձում է բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պետրոսյանը:

«Իհարկե, հասկանում եմ, որ այստեղ բարոյական պահեր էլ կան, բայց եթե մոտենանք բիոլոգիական, բժշկական տեսանկյունից, վատ նախաձեռնություն չէ: Սերմնաբջիջների բանկեր կան տարբեր երկրներում, որտեղ սերմ են հանձնում հայտնի մարդիկ, գիտնականներ և այլն: Իսկ ի՞նչ վատ բան կա, եթե մեր խիզախ տղաների գենոֆոնդը պահպանվի»,- իր հերթին հարցնում է Գ.Պետրոսյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները