Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կենսաթոշակային բարեփոխումների քաղաքական գինն ավելին է, քան քաղաքական ընտրություններինը

Կենսաթոշակային բարեփոխումների քաղաքական գինն ավելին է, քան քաղաքական ընտրություններինը

Մայիսի 10-12-ի արտահերթ նիստի ընթացքում Ազգային ժողովը 2 ընթերցումներով ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության նախագիծը: Նախատեսվում է սոցիալական պարտադիր վճարների համակարգի ներդրման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: 1 տարով հետաձգումը կառավարությունը պայմանավորում է հարկային նոր օրենսդրության մշակմամբ և 2 համակարգերի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կիրառման հետաձգումը 2017թ. մինչև 2018թ. քաղաքական ի՞նչ նպատակ էր հետապնդում: Քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ պայմանավորված է 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ սոցիալական դժգոհություն չբարձրացնելու հանգամանքով:

- Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական ողջ փաթեթը և ընդհանրապես կուտակային կենսաթոշակների գաղափարն իր էությամբ կանխարգելիչ է աղքատության համար: Սոցիալական ոլորտում որևէ գործողության արդյունքը շուտ չի լինում, տասնյակ տարիներ են անհրաժեշտ: Աղքատության վերացման, արժանապատիվ կենսաթոշակի ապահովման, աշխատատեղերի ստեղծման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այնպես որ, ցանկացած քաղաքական երևույթ ավելի փոքր է իր նշանակությամբ, քան կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը: Ողջամիտ տրամաբանությունն է ասում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումն իր էությամբ այնքան բարձր է, որ նրա քաղաքական գինն այսօր շատ ավելի մեծ է, քան բոլոր քաղաքական ընտրություններինը:

Այս փիլիսոփայությունը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ մեկ տարվա հետաձգումը տեխնիկական պատճառներով է պայմանավորված: Հարկային նոր օրենսգրքով, իսկապես, շատ բան է փոխվելու: Նաև չմոռանանք, որ հարկերից կախված են մեր քաղաքացիների եկամուտները:

- Բայց չէ՞ որ պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգվեց նաև քաղաքական ճնշման արդյունքում:

- Քաղաքական ճնշում չի եղել: Այդ ժամանակահատվածը տրված էր ՍԴ որոշումներն իրագործելու, օրենսդրական գործունեություն իրականացնելու համար: Եթե քաղաքական ճնշում լինել, ոչ մեկը կենսաթոշակային վճար չէր մուծի:ծ

- 2014-ին ոչ իշխանական ուժերը դիմեցին ՍԴ, հակառակ դեպքում ՍԴ-ն այդ հարցը քննության չէր առնի:

- Բայց մենք որոշեցինք պետական համակարգը պահել և թողնել կամավորների մուտքը: 125 հազար վճարողներից միայն 68 հազարն են պետական համակարգից, մյուսները ոչ պետական համակարգից են: Համակարգն աշխատում է, բայց ոչ այն հզորությամբ, որով կցանկանայինք: Այսօր խնայված ցանկացած գումար վաղվա բարձր կենսաթոշակն է:

- Այդ դեպքում ևս մեկ տարով հետաձգելով կուտակային համակարգի լիարժեք գործարկումը, հետաձգում եք մեր թոշակառուների բարեկեցիկ կյանքը:

- Տրամաբանորեն այդպես է, բայց քանի որ սա բարդ ռեֆորմ է, դրա տակ մտնելը դժվար է: Օրինակ, Ֆրանսիան կամ Ռուսաստանն ընդամենն ուզում են կենսաթոշակային տարիքը 2 տարով ավելացնել: Երկուսն էլ հասարակության մեծ դժգոհության առաջ են կանգնել, 5 տարի է, չեն կարողանում իրագործել: Կենսաթոշակային համակարգը ցանկացած երկրի համար բարդ է, և մի զարմացեք, որ մենք այդ բարեփոխումների ժամանակ հասարակության որոշ դժգոհություններ շրջանցում ենք:

- Պարոն Հակոբյան, կուտակային կենսաթոշակային վճարները կառավարելու համար հրավիրված միջազգային ընկերություններին նախապես խոսք էր տրվել, որ տարեկան մոտ 100 միլիոն դոլար կստանան, բայց համակարգի ոչ լիարժեք ներդրման արդյունքում այդ գումարը մի քանի անգամ նվազել է: Արդյոք այդ ընկերությունների հետ խնդիրներ չե՞ն առաջացել:

- Ես համոզված եմ, որ կառավարությունը նախքան օրենսդրական այս նախաձեռնությունն ԱԺ ներկայացնելը, մեկ տարվա հետաձգումը համաձայնեցրել է կառավարիչների հետ:

- Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից 60 կամ 65 հազար դրամ դարձնելու օրենսդրական առաջարկը: Չե՞ք կարծում, որ կյանքի թանկացմանը զուգահեռ պետք է նվազագույն աշխատավարձը բարձրանա:

- Կյանքն ամեն օր թանկացման միտում ունի, մարդկանց եկամուտներն ու ապրանքների գներն ամեն օր բարձրանալու միտում ունեն, հետևաբար աշխատավարձն էլ պետք է դրանց հետևից գնա, որպեսզի հասարակության կենսամակարդակը չիջնի: Բայց երբ ես նայում եմ 2015թ. և 2016թ. նվազագույն զամբյուղի արժեքը, այն եզրահանգմանը չեմ գալիս, որ մեր քաղաքացիները շատ ավելի վատ են ապրում: Դժգոհությունը գալիս է նրանից, որ մարդու՝ լավ ապրելու բնական ձգտումն անսահման է:

- Ամեն տարի գնաճ կա, բայց երկրորդ տարին է նվազագույն աշխատավարձի շեմը չի բարձրացվում:

- Ես այդպես չեմ մտածում: Դուք մտածում եք հետևյալ կերպ՝ եթե գնաճ կա, ապա պետությունը պարտավոր է բարձրացնել աշխատավարձը, որպեսզի քաղաքացին շարունակի նույն կերպ ապրել: Այդ փիլիսոփայությունն ընդունում եմ և հասկանում: Իսկ ինչո՞ւ քաղաքացին չի մտածում, որ ինքն էլ յուրաքանչյուր տարի գնաճի չափով ավելի աշխատի, որ լավ ապրի: Չէ՞ որ մենք սոցիալիստական պետություն չենք, շուկայական տնտեսությամբ երկիր ենք: Այսինքն` քաղաքացու կենսամակարդակի բեռը հավասարապես բաժանված է պետության և քաղաքացու միջև:

Քվեարկության պատմություն

Հակոբյան Հակոբ Ռաֆիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հակոբյան Հակոբ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 903 12 9 6 35 27 22
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները