Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը

Ազգային ժողովը մայիսի 18-ին ավարտեց ՀՀ վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը: Այն խորհրդարանին ներկայացրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Կառույցը 2015թ. ընթացքում ուսումնասիրել է սոցիալական, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության և դատաիրավական ոլորտները, նաև ՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերը: Նախորդ տարիների նման այս անգամ էլ պետական և վարկային միջոցներով իրականացվող ծրագրերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Թե որքան գումար է անարդյուանվետ ծախսվել կամ վերադարձվել պետբյուջե, ՎՊ նախագահ Ի.Զաքարյանը չներկայացրեց, նշեց, որ հատկապես ռիսկային համարում են սոցիալական, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտները:

Պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչու է տարեցտարի նվազում ՎՊ հաշվետվությունների ծավալը: Թևան Պողոսյանը ներկայացված փաստաթութը համեմատել էր նախորդների հետ. 2013թ. հաշվետվությունը բաղկացած էր 61, 2014 թվականինը՝ 34 էջից, 2015թ. հաշվետվությունն ընդամենը 25 էջ ծավալ ունի: Ի.Զաքարյանի բացատրությամբ՝ պատճառը նոր մեթոդաբանությունն է: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա մեր հաշվետվությունը էլ ավելի կնվազի, որովհետեւ մենք մոտենում ենք INTOSAI (Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպություն) սկզբունքներին: Այդ սկզբունքները չեն պարտադրում, որ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվությունները դարձնենք տարեկան հաշվետվության մաս,- բացատրեց Ի.Զաքարյանը:

ՎՊ-ն 2015-ի ընթացքում 23 ընթացիկ հաշվետվություն է ներկայացրել:

Խախտումներն ընդունվել են առանց առարկությունների

ՎՊ-ն ուսումնասիրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սոցիալական տարածքային գործակալությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը: 8 գործակալություններում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում գրանցել են 571 խախտում՝ մոտ 105 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Խախտումները հիմնականում վերաբերել են նպաստների բաշխման համակարգին. պետությունից դրամական աջակցություն են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնց տվյալները չեն համապատասխանել նպաստառուի համար սահմանված չափանիշներին:

Առողջապահության ոլորտում ՎՊ-ն շարունակել է ուսումնասիրել դեղերի ներմուծման օրինականությունն ու արդյունավետությունը: Նախորդ տարիների ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ, օրինակ, պետական գնումներով «Ինսուլին» դեղը գնվում է շուկայականից բարձր գնով: Այս անգամ ՎՊ-ն պարզել է, որ դեղի համար հատկացվող բյուջետային ծախսերն էապես նվազել են, քանի որ այն արդեն գնվում է անմիջապես արտադրողից` ավելի էժան գնով: «Դեռևս լուծված չէ շաքարային դիաբետի «Գլիմեպիրիդ», «Մեթֆորմին» դեղերն արտադրողից գնելու հարցը»,- ասվում է ՎՊ զեկույցում և նշվում, որ այս ոլորտում հիմնական խնդիրը պոլիկլինիկաների կողմից դեղերի՝ ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով գնելն է: ՎՊ-ն առաջարկում է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծում պետական գնումների մրցույթի համար նախատեսել գների ձևավորման ավելի հստակ մեխանիզմներ:

Գյուղատնտեսության ոլորտում անցած տարի ստուգվել են թե պետական, թե վարկային միջոցներով իրականացվող ծրագրերը, խախտումներ են հայտնաբերվել գրեթե բոլորում: Օրինակ, ստուգվել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությունը, որոնց ստեղծման համար գյուղատնտեսության նախարարությունը բյուջեից մոտ 500 մլն դրամ է ծախսել: Ծրագրի նպատակը եղել է մարզերի ագրոպարենային համալիրի ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ գործնական աջակցության ցուցաբերելը: 10 մարզերում 2014-2015թթ կազմակերպվել է 1356 սեմինար, որից ՎՊ-ն ստուգել է 383-ը և պարզել, որ հաշվետվությունները հիմնականում ձևական բնույթ ունեն և ռիսկային են:

Ի. Զաքարյանի ներկայացմամբ՝  հայտնաբերված խախտումների առնչությամբ որևէ կառույցից առարկություն չեն ստացել:

Պաշտոնանկություններ, նկատողություններ և տուգանքներ

Հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանում էին ՎՊ-ի կողմից ռիսկային գնահատված ոլորտների պատասխանատուները՝ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արմեն Մուրադյանն ու Արտեմ Ասատրյանը: Երկուսն էլ հայտարարեցին, թե հաշվի են առել ՎՊ ստուգումների արդյունքներն ու արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկել: Ա.Ասատրյանի ներկայացմամբ՝ սոցիալական ծառայությունների երեք տնօրեն է աշխատանքից ազատվել, երեքը ստացել են խիստ նկատողություն: Նկատողություն է ստացել ոլորտի ևս 11 պաշտոնատար անձ: «Սա հաշվետվության արդյունքների միայն մեկ արձագանքն է: Մենք նաև կառավարություն ենք ներկայացրել համապատասխան միջոցառումների ծրագիր և քայլեր, որոնք պետք է լուծում տան այս խնդրին»,- Խոստացավ Ա.Ասատրյանը:

«150 վարչական վարույթ է հարուցվել, հայտնաբերվել է 170 չգրանցված , 120 ժամկետանց դեղ: Հարուցվել է քրեական գործ, 6 դեղատուն զրկվել է մանրածախ լիցենզիայից»,- հայտարարեց առողջապահության նախարար Ա.Մուրադյանն ու ավելացրեց, որ վերահսկողության մեխանիզմները «Դեղերի մասին» նոր օրենքով խստացվում են:

ՎՊ-ն պետք է անկախ լինի

Պատգամավորները կարծում են, որ մի շարք կարևոր ոլորտներ ՎՊ ուշադրությունից դուրս են մնացել, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում կառույցի ազդեցությունը նկատելի չէ: «Ուսումնասիրեք գազի եւ էներգետիկ ոլորտները»,- ՎՊ նախագահին առաջարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը`ուշադրություն հրավիրելով հատկապես գազի սակագնի ձևավորման վրա: «Տարիներ շարունակ այդ շեղումները մենք արձանագրում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- հայտարարեց նա:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում որոշ գերատեսչություններում դրական արդյունք է նկատվում: «Դա ես ուզում եմ կապել այն ղեկավարների հետ, որոնք ավելի բարեխիղճ են: Ամեն դեպքում մեզ համար կա մի կարևոր խնդիր՝ կոռուպցիան: Ստացվել է այնպես, որ այսօր ամենաբարձր մակարդակով է այդ մասին խոսվում: Բայց որտե՞ղ է կոռուպցիան: Կոռուպցիան այնտեղ է, որտեղ ՎՊ-ն է ստուգումներ իրականացնում՝ պետական համակարգում»,- հայտարարեց տիկին Բիշարյանն ու կարծիք հայտնեց, թե ՎՊ-ին պետք է ավելի լայն հնարավորություններ տալ ու անկախ դարձնել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ գնալով փոխվում է ՎՊ-ի հաշվետվությունների մատուցման ձևը: 2011թ. նշվել էր 500 մլն դոլարի, 2012-ին` 700 մլրդ դրամի չարաշահման մասին, 2013-ից հետո գումար չի ներկայացվել: Լ.Զուրաբյանի կարծիքով` կառավարությունն ու իշխանությունն ամեն ինչ արեցին, որ ՎՊ դերը նվազեցվի, որովհետև այդ գերատեսչության բացահայտումները դառնում էին բուռն արձագանքի պատճառ ու ապացույց կոռուպցիայի ահռելի չափերի մասին: «ՎՊ-ին կռտելու ուղղությումբ միտում է նկատվում»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

ՎՊ հաշվետվության քննարկումը տևեց ընդամենը մի քանի ժամ, հնչեց հազիվ մեկ տասնյակ հարց ու ելույթ : Քննարկման ավարտին ԱԺ դահլիճում մոտ 15 պատգամավոր էր, գերակշիռ մասը՝ Հանրապետական խմբակցությունից: Այս հանգամանքը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին բերեց այն եզրահանգման, որ ընդդիմությունը գոհ է ՎՊ աշխատանքից:

Նշենք, որ ՎՊ հաշվետվությունը քվեարկության չի դրվում, այն քննարկվում է և ընդունվում ի գիտություն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները