Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ օրենք դառնալու ճանապարհին

Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ օրենք դառնալու ճանապարհին

Ընտրական օրենսգիրքը, համաձայն փոփոխված Սահմանադրության, համարվում է սահմանադրական օրենք, որի ընդունման համար պետք է, որ կողմ քվեարկեն պատգամավորների 3/5-ը: Օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մայիսի 17-ին՝ 94 կողմ, 18 դեմ և 4 ձեռնպահ ձայնով: Ամբողջական կազմով կողմ էին քվեարկել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, դեմ՝ ՕԵԿ խմբակցությունը: Դեմ էին նաև որոշ պատգամավորներ ԲՀԿ-ից, «Ժառանգությունից», դեմ էր ՀԱԿ-ը՝ բացի Լյուդմիլա Սարգսյանից:
11 օրինագծից կազմված Ընտրական օրենսգրքի փաթեթը, մինչև երկրորդ ընթերցում անցնելը, համալրվեց ևս 2 նախագծով: Մեկով փոփոխություններ էին առաջարկվում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, մյուսով՝ հանրային ծառայության մասին օրենքում: Այս փոփոխությունները ընդունվեցին գրեթե առանց քննարկման. դրանց վերաբերող 1-2 հարց ունեին միայն ՕԵԿ խմբակցության պատգամավորները:

Ամբողջական նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տևեց սպասվածից կարճ. ընդամենը 2 նիստ, մինչդեռ կառավարությունը խորհրդարանին առաջարկել էր նախատեսված ժամկետների մեջ տեղավորվելու, մինչև հուիսի 1-ը Ընտրական օրենսգիրքը ընդունելու համար նախագծի երրորդ ընթերցումը կազմակերպել դրա՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Քառօրյայի վերջին օրը՝ հինգշաբթի, պարզ դարձավ, որ այս հատուկ ռեժիմից օգտվելու անհրաժեշտությունը չի լինելու. կառավարությունը որոշեց մայիսի 25-ին նախաձեռնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է նաև Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ 3-րդ ընթերցմամբ:

Կբերի՞ արտահերթը կոնսենսուսի

«Ուրեմն, մեր առաջարկությունը ընդունվել է»,-այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել Ընտրական օրենսգրքի նախագծի երրորդ ընթերցումը ընթացիկ քառօրյայից տեղափոխել մայիսի 25-ի արտահերթ նիստ: Քառօրյայի առաջին օրը Ընտրական օրենսգրքի նախագիծը առանց շտապողականության քննարկելու, կոնսենսուսի հասնելու մասին խոսեցին ՀԱԿ խմբակցության անդամները: Լևոն Զուրաբյանը դարձյալ հայտարարեց, որ իրենց 5 առաջարկությունները չեն ընդունվել, մինչդեռ երկուստեք խոսվում է համաձայնությունների գալու անհրաժեշտության մասին: «Առաջարկում ենք հենց հիմա հրապարակային երաշխիքներ տրվեն, որ օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո անցկացվի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն կոնսենսուսի հարցերը և բազմաթիվ այլ առաջարկություններ: Եթե չեք հրավիրում անմիջապես արտահերթ նիստ մեր առաջարկությունները քննարկելու համար, մենք չենք մասնակցվի նաև երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկմանը»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Դավիթ Հարությունյանը, սակայն, իր հայտարարությամբ, «թույլ չտվեց», որ ՀԱԿ-ը լքի նիստերի դահլիճը: Ասաց, որ որպես ՀՀԿ-ական ու կառավարության ներկայացուցիչ, կողմնակից է, որ լինի լուրջ կոնսոլիդացա, բազմաթիվ առաջարկություններ ընդունվեն, իսկ նախագծի ընդունումը չի բացառում դրա վրա աշխատանքը շարունակելու հնարավորությունը:

Իսկ նրա խոսքից մի նախադասություն թույլ է տալիս ենթադրել, որ և ՀԱԿ-ին, և իշխանությանը, խիստ անհրաժեշտ է իսկապես հասնել կոնսենսուսի, ավելին, այդ ուղղությամբ նրանք նաև աշխատում են: «Եթե մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի, մենք կհրավիրենք արտահերթ նիստ և կներկայացնենք այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ համաձայնության ենք եկել»: Արտահերթ նիստն արդեն հրավիրված է, ինչը նշանակում է, որ ինչ-որ հարցերի շուրջ կողմերը համաձայնության են գալու: Իսկ այդ համաձայնության վերաբերյալ ամենայն հավանականությամբ կհրապարակվի համատեղ հայտարարություն:

Որ այդպիսի մի փաստաթուղթ պատրաստվում է, օրերս հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի վերաբերմունքը դաշնակցականի այս հայտարարությանը` զարմանալիորեն նման էին իրար. Լևոն Զուրաբյանն ասաց, թե ինքը այդ մասին չի խոսի, Դավիթ Հարությույանն ասաց, թե ինքը չգիտի՝ խոսքը ինչ փաստաթղթի մասին է: Մինչդեռ այս փաստաթուղթը առանցքային դեր է ունենալու ընտրական համակարգում որոշ նորամուծություններ ներդնելու հարցում. եթե ընդդիմության ու իշխանության միջև համաձայնություն ձեռք բերվի, ասենք, էլեկտրոնային գրանցման կամ մատնահետք թողնելու հարցերում ու այս մասին գրվի թղթի վրա, այն, որպես կոնսենսուսի վկայություն, կներկայացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ ֆինանսներ գտնելու ակնկալիքով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները