Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ

Հունիսի 6-9-ի քառօրյան 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի վերջին հերթական քառօրյան է, բայց դրա ավարտից հետո էլ խորհրդարանում կարող են նիստեր ընթանալ: Բոլոր նախորդ տարիների նման, այս անգամ ևս չի բացառվում, որ հերթական նստաշրջանից հետո կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան հրավիրվի՝ անավարտ մնացած նախագծերը ամբողջությամբ ընդունելու համար: 

Կփոփոխվի՞ նոր Ընտրական օրենսգիրքը

Ամբողջ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենքներից առանցքայինը, առայժմ միակ սահմանադրականը, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկությունը, Ընտրական օրենսգիրքն էր: Առաջիկա քառօրյան կարող է լինել այս նստաշրջանում միակը, որի ընթացքում Ընտրական օրենսգրքին անդրադարձ չի լինի, թեպետ ընդդիմությունը դեռ հույսը չի կտրել, որ կարող է դրա շուրջ իշխանության հետ կոնսենսուսի գալ:

Եթե կոնսենսուսը կայանա, իշխանությունը պատրաստ է փոփոխություններ կատարել նոր ընդունված Ընտրական օրենսգրքում, ու փոփոխությունների նախագիծը ընդգրկել արտահերթ նստաշրջանի օրակարգում: Համաձայնությունը իշխանության և ընդդիմության միջև, հիշեցնենք, անհրաժեշտ է առավելապես ընտրական համակարգում որոշ բարեփոխումներ կատարելու նպատակով միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու համար:

Սահմանադրական էլի մի օրենք

Ավարտվող 9-րդ նստաշրջանի օրակարգում առաջիկա քառօրյայում կընդգրկվի ևս մեկ սահմանադրական օրենք: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագծին: Այն ներկայացրել է կառավարությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրան դրական եզրակացություն տվեց: Օրենքով հստակեցվում են Պաշտպանին ներկայացվող պահանջները, նրա լիազորությունների դադարեցման դեպքերը, ուժեղացվում է Պաշտպան-ԱԺ կապը: Գրվում է նոր օրենք՝ համապատասխան փոփոխված Սահմանադրությանը:

Այս նախագիծը, սակայն, խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի արդեն հաջորդ նստաշրջանում: Դրա հեղինակները, նաև գլխադասային հանձնաժողովի պատգամավորները կարծում են, որ նախագիծը լայնորեն քննարկվելու կարիք ունի, ու հարկ կլինի դրա շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:

ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, կմիանանք մի նոր համակարգի

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված հայտարարության նախագիծ, որով առաջարկվում է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս նախագիծը քննարկեց, իսկ հեղինակը՝ <Ազատ դեմոկրատներ> կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը առաջարկեց դրա ընդգրկումը նստաշրջանի օրակարգ՝ հետաձգել մինչև մեկ տարով: Նա ասաց, թե չի ուզում, որ ստացվի այնպես, թե խորհրդարանը դեմ է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից: Իսկ որ լիագումար նիստում քննարկվելու դեպքում նախագիծը չէր ընդունվելու, հստակ էր բոլորի համար. նույն ԵԱՏՄ-ին անդամակցությանը խորհրդարանը կողմ էր քվեարկել միաձայն:

Նրանք, ովքեր ժամանակին դեմ էին այս անդամակցությանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում դեմ քվեարկեցին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագված մի համաձայնագրի, որով ստեղծվում է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ: Այն, ըստ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի՝ կառավարվելու է հայկական զինված ուժերի ՀՕՊ զորքերի պետի կողմից: Նիկոլ Փաշինյանի ճշգրտող հարցից, թե՝ ո՞ւմ՝ հայ թե՞ ռուս զինվորի ձեռքում է լինելու դրա կառավարման կոճակը, պարզ դարձավ, որ կառավարման մանրամասները դեռեւս որոշակիացված չեն: Փոխնախարարի խոսքով՝ կից փաստաթղթով սահմանվելու է կառավարման պլան, որը սակայն, փակ է լինելու, հրապարակման ոչ ենթակա:

131-1. հանրապետականների թիվը մեկով պակասեց

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ՏԻՄ կամ համապետական ընտրություն դեռ չի անցկացվել, բայց օրերս օրենսգրքին հղում անելու առիթ եղավ: Օրենսգրքի անցումային դրույթներից մեկը արձանագրում է, որ մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի լիազորությունը դադարելու դեպքում նրա մանդատը թափուր է մնում: Սա նշանակում է, որ հանրապետական Մանվել Բադեյանի՝ Քուվեյթում դեսպան նշանակվելուց հետո թիվ 22 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր էր ընտրվել նա, լրացուցիչ ընտրություն չի անցկացվի:

Այս մանդատը թափուր կմնար նաև, եթե գործողության մեջ լիներ հին Ընտրական օրենսգիրքը. դրանով սահմանվում էր, որ Ազգային ժողովի գործունեության վերջին տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն չի անցկացվում:
Ի դեպ, դեսպան նշանակված Մանվել Բադեյանը 4 գումարման պատգամավոր էր. 3 անգամ ընտրվել էր համամասնական, 1 անգամ՝ մեծամասնական ընտրակարգով: Նրա գնալուց հետո ՀՀԿ խմբակցության անդամների թիվը դարձավ 69:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները