Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջեի կատարողականին կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն

Բյուջեի կատարողականին կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն

Ազգային ժողովը հունիսի 6-9-ի քառօրյայի ընթացքում քննարկեց 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Փաստաթուղթը կքվերակվի հունիսի 13-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ:

Կատարողականը ներկայացնելիս՝ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2015թ. Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ, սակայն նախորդ տարվա համեմատ առավել դանդաղ տեմպերով, ինչի արդյունքում անցած տարի տնտեսական աճը կազմել է 3%՝ նախատեսված 4.1%-ի փոխարեն: Հայաստանի տնտեսությունն, ըստ գործադիրի, կրել է «հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման, ինչպես նաեւ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման բացասական ազդեցությունը»:

Կատարողականի համաձայն` բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 248 մլրդ եկամուտների փոխարեն հավաքագրվել է 1 տրիլիոն 167 մլրդ դրամ. ցուցանիշը թերակատարվել է 6,7 %-ով: 5.1%-ով նվազել են կապիտալ ներդրումները՝ պայմանավորված մասնավոր ներդրումների կրճատմամբ: Փոխարենը 15,7%-ով աճել են պետական ներդրումները: Գնաճը կազմել է 3.7 %, գործազրկության մակարդակը` 18.5 %: 2015թ. արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 4,7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6 %-ով: 2015թ. նվազել են արտահանման եւ ներմուծման ծավալները. արտահանումը 3.9 %-ով` կազմելով 1,4 մլն դոլար, ներմուծումը` 26.5 %-ով՝ 3,2 մլրդ դոլար: Նշվել է, որ պետական պարտքը կառավարելի մակարդակում է. մեր երկիրը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր՝ ունենալով նոտ 5,2 մլրդ դոլար պարտք:

2+2+1

Քանի որ բյուջեն ֆինանսական փաստաթուղթ լինելուց բացի նաև քաղաքական փաստաթուղթ է, պատգամավորների ելույթները հիմնականում քաղաքական շեշտադրումներ ունեին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե «կռվելու հարցում մենք խնդիր չունենք` մեր տղաները, մեր բանակը լավ են կռվում, մենք ունենք տնտեսական դիմակայման խնդիր»: «Չե՞ն տեսնում, որ ՀՆԱ-ն իրականում ոչ թե աճում, այլ նվազում է։ Չե՞ն տեսնում, որ երկրում չկա զարգացում, այլևս չկան օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Չե՞ն տեսնում, որ միակ կայուն ցուցանիշը մեր տնտեսության մեջ արտագաղթն է՝ տարեկան 50.000 մարդ և գործազրկությունը՝ 18 տոկոս մակարդակով»,- իր ելույթում այս հարցերը հնչեցրեց Լ.Զուրաբյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե կառավարությունը 2015թ. չի կարողացել լուծել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: «Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող տասնյակ հազարավոր ընտանիքներ անցնող տարում չեն հաղթահարել աղքատության շեմը: Ինչպե՞ս ապրեն 2500 շարքային զինծառայողները 25.000 դրամ կենսաթոշակով կամ 62.000 հաշմանդամները 17.000 դրամով, 450.000 թոշակառուներ ինչպե՞ս հոգան իրենց կարիքները, ինչպե՞ս բուժվեն, վճարեն կոմունալ ծախսերը: Մենք չենք տեսնում բյուջե, որը նպաստել է երկրում տնտեսական աճի խթանմանը և սոցիալական նվազագույն խնդիրների լուծմանը»,- հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը բյուջեի կատարողականը դիտարկեց առավելապես ֆինանսական տեսանկյունից և շեշտեց, որ ՀՀ տնտեսության ցուցանիշները 2009-ից հետո աննախադեպ վատացել են: Նրա խոսքով` բյուջեի կատարմանը խանգարում է անբարենպաստ բիզնես միջավայրը: «Ոչ մի ներդրող չի կարող վստահ լինել, որ իր ներդրած միջոցները անձեռնմխելի կլինեն, չի կարող վստահ լինել իր բիզնեսի շարժունակության հնարավորություններում: Թույլ է նաեւ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը սահմանափակված է գների զսպումով ու կայունությամբ»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե որպեսզի արդար պայքար մղվի մենաշնորհների դեմ, անհրաժեշտ է համագործակցել ժողովրդի հետ:

2015թ. բյուջեի կատարողականը դրական գնահատականի չարժանացրեց նաև իշխող Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Դաշնակցությունը»: Կուսակցության մտահոգությունները հայտնելով՝ Արմեն Ռուստամյանը շեշտեց երկու հիմնական խնդիր. կոռուպցիոն իրավիճակն ու դրա դեմ իրական պայքարի անարդյունավետությունը և մենաշնորհները տնտեսության մեջ: «Մենք աշխարհի տարբեր ծայրերում ենք աշխատում, որպեսզի կարողանանք ներդրողներ հրավիրնել մեր երկիր: Բնական է, որ կան նաև բնական ռիսկեր, մենք, ի վերջո, շրջափակված երկիր ենք և այդպիսի երկրների համար հայեցակարգ պետք է ունենանք: Ներդրումների ծավալը մեծացնելու իրական պոտենցիալ գոյություն ունի` տեղական արտադրության ընդլայնման և ինքնաբավ մեխանիզմների միջոցով»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ 2015թ. բյուջեին իրենք «դեմ» են քվեարկել, իսկ կատարողականին «ձեռնպահ» կքվեարկեն:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մասամբ համաձայնելով հնչող քննադատությունների հետ՝ հավելեց, թե բնակչությունն արտագաղթում է ոչ այնքան սոցիալական պատճառներով, որքան ապագայի նկատմամբ անվստահության պատճառով: Ի պատասխան հնչած քննադատությունների՝ ավելացրեց. «Հասկանում եմ` նախընտրական տարի է, կան պոպուլիստական նախընտրական ելույթներ, բայց ցավում եմ, որ բյուջեի կատարողականի բուն բովանդակային մասի շուրջ ակտիվ ծավալում չեղավ: Ես հետևել եմ բոլոր հանձնաժողովների նիստերին, և ոչ իշխանական քաղաքական ուժերից մասնակցում էր մեկ-երկու հոգի, այն էլ` կամ հարց տալիս էին, կամ չէին տալիս: Քննարկումները տարել է քաղաքական մեծամասնությունը»:

ՀԱԿ-ը և ՕԵԿ-ն հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կատարողականին, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ձեռնպահ: «Ժառանգություն» խմբակցության տեսակետը դեռ հայտնի չէ: ՀՀԿ-ն, բնականաբար կողմ կքվեարկի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները