Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կոնսենսուսի ճանապարհին. մնացին դոնորները

Կոնսենսուսի ճանապարհին. մնացին դոնորները

3 ընթերցում անցած և ընդամենը 1 ամիս առաջ ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը առաջիկայում կփոփոխվի: Իշխանությունը կկատարի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հնչեցրած խոսոտումը՝ կոնսենսուսի գալու դեպքում ընդդիմության առաջ քաշած պահանջները օրենսգրքում ներառելու մասին: Խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, և իշխող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոնսենսուսի եկան ու այդ մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին հունիսի 16-ին: Քաղաքական ուժերի գնահատմամբ՝ սա ամբողջական համաձայնություն չէ, բայց բացառիկ է՝ որպես ընդդիմության և իշխանության միջև կայացած համաձայնության փաստ:

Սկսեցին 3-ը, մնացին 2-ը

Այս հայտարարությանը բերող գործընթացը մեկնարկել էր մարտի 30-ին՝ 4+4+4 ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության 4-ական ներկայացուցիչների մասնակցությամբ: Գործընթացի ավարտին համատեղ հայտարարության տակ ստորագրեցին քառյակներից միայն երկուսը՝ իշխանությունն ու ընդդիմությունը: Քաղաքացիական հասարակությունը հրաժարվեց դա անել՝ հայտարարելով, որ թեպետ կատարվելիք փոփոխությունները դրական են, բայց Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ վատն է, ու դրա հետ կապված բազմաթիվ մտահոգություններ կան:

Որպես այդպիսի մի մտահոգություն՝ քննարկումներին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանը նշում է ստորագրված ցուցակների տրամադրմանը վերաբերող սահմանափակումը. համատեղ հայտարարության մեջ գրված է, որ այդ ցուցակները տրամադրվում են միայն վստահված անձանց և կուսակցություններին. դիտորդական կազմակերպություններին դրանք ստանալու իրավունք չի տրվում:

Ինչ էին պահանջում

Պահանջները, որ ընդդիմադիրները ձևակերպել էին քաղաքացիական հասարակության հետ միասին, դեռևս 2 ամիս առաջ, 5-ն էին. 1.ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակում, 2.ընտրողների ցուցակների մաքրում, 3.Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը, 4.ընտրատեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահարահանում՝ որպես պետության պարտականություն, 5.ընտրողների մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման կարգի ներդրում։

Ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում լուծումներ են տրվել այս բոլոր պահանջներին, բացի մեկից՝ տարածքային և վարկանիշային ցուցակների կիրառումը բացառելու պահանջին:

Ինչ ստացան

•   4+4+4 բանակցային ձևաչափի՝ միայն քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարությամբ արձանագրվում է, որ կիրառվելու է ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ, ընտրողներին ոստիկանության մարմինը անվճար տրամադրելու է նոր նմուշի նույնականացման քարտ(նախապես ձեռբերված քարտերը ևս համարվելու են կիրառելի): Անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում կհանձնի ձեռքերի 10 (բոլոր) մատնահետքերը: Քվեարկության օրը ընտրողների գրանցումը կկատարվի տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով:

•   Նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու, քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու, տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ կստեղծվի պաշտոնական հանձնաժողով՝ իշխանության, քաղհասարակության և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների`հավասար մասնակցությամբ:

•   Ստորագրված ցուցակների հրապարակման մասին. դրանք լիարժեք հասանելի կլինեն ստուգումների համար: Քվեարկության ավարտից անմիջապես հետո վստահված անձինք կարող են ընտրական հանձնաժողովի նախագահից ստանալ ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանք` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների, իսկ կուսակցությունները համապատասխան հայտով կարող են նման տեղեկանքները ստանալ նաև տարածքային ընտրական հանձնաժողովներից: Տեղեկանքները դիտորդներն ու լրագրողները կարող են տեսալուսանկարահանել:

•   Լուծում է գտնվել նաև քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակամ համար: Այդ նպատակով կստեղծվեն հատուկ կայքեր, որոնք ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով ուղիղ կհեռարձակեն ողջ գործընթացը:

Կարևորը՝ վերջում

Ի սկզբանե էր հայտնի, որ կոնսենսուսի գալու վերջնական նպատակը միասնական փաստաթուղթ ներկայացնելու միջոցով դոնոր կազմակերպություններից ֆինանսական աջակցություն ստանալն է՝ «նախատեսվող աշխատանքները կազմակերպելու և մեխանիզմները ներդնելու ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով»: Այս մասին կողմերը գրել են հայտարարության ամենավերջին հատվածում: Նշվում է, որ շարադրված մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն, և եթե հրաժարվեն դրանցից մեկից կամ ֆինանսավորման առկայության դեպքում որևէ մեկը չկիրառվի, չեղյալ կհամարվի համաձայնությունը ամբողջ փաթեթի վերաբերյալ:

Ուշագրավ մեկ հանգամանքն ևս. փոխհամաձայնությունը կա, բայց առայժմ միայն թղթի վրա: Որպեսզի այդ «թուղթը» համարվի ուժի մեջ մտած, պետք է ունենանք դոնոր կազմակերպությունների հաստատումը՝ ամբողջ փաթեթի համար համապատասխան ֆինանսավորում ապահովելու վերաբերյալ: Կողմերը հնարավոր են համարում նաև մեխանիզմների ներդրման փուլային տարբերակը՝ կախված ֆինանսներից և հասանելի ռեսուրսներից: Ի դեպ, ըստ նախնական հաշվարկների, ընտրական համակարգը բարեփոխող այս մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ է 15 միլիոն դոլար:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները