Որպեսզի բյուջե շատ գումար մտնի, պետք է շատ աշխատողներ ունենանք

Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, Դուք քննադատեցիք նոր Հարկային օրենսգրքի նախագիծը, բազմաթիվ մտահոգություններ հայտնեցիք, բայց առաջին ընթերցման քվեարկության ժամանակ կողմ քվեարկեցիք: Ինչո՞ւ:
- Հարկային դաշտը կարգավորող մայր օրենսդրությունը վերջին 15-18 տարիներին չի փոխվել: Եղել են մոտ 500 փոփոխություններ ու լրացումներ, որոնք հիմնական օրենքները դարձրել են խճճված: Այնպես որ, հարկային նոր օրենսգիրք ունենալու անհրաժեշտություն կա, և գործատուների համար որոշ սկզբունքային հարցեր ընդգրկված են նախագծում: Եթե դեմ քվեարկեի, ապա դեմ կարտահայտվեի այն առաջադեմ քայլին, որը կատարվում է կառավարության կողմից: Ես քվեարկել եմ կողմ՝ համաձայնելով Հարկային օրենսգիրքը փոխելուն և իմ մտահոգությունն եմ արտահայտել այն երևույթների կապակցությամբ, որոնք ուղիղ կապ ունեն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հետ:
-Մասնագետներն ասում են, որ օրենսգիրքը պետք է նպաստի պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի զարգացմանը, տնտեսական աճին: Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ այս օրինագիծը նման խնդիր չի լուծում:
- Հարկային օրենսգիրքը պետք է նպաստի տնտեսության այն ճյուղերի զարգացմանը, որոնք ընդգրկված են երկրի զարգացման ռազմավարության մեջ: Մյուս կողմից էլ` կա տնտեսագիտական մեկ այլ մոտեցում, ըստ որի` հարկային արտոնությունները ճիշտ չեն և վնասում են մրցակցությանը: Եթե հիշում եք, իմ ելույթում ասացի, որ համաձայն եմ շրջանառության հարկի շեմը` 115 մլն դրամը 40 մլն դրամ դարձնելուն, որովհետև այն շուկայում բերել էր մրցակցության խախտմանը: Օրինակ, մի ձեռնարկատեր, ով 500 մլն դրամի շրջանառություն է ունեցել, իր բիզնեսը մասերի բաժանելով՝ կարող է հարկային դաշտից դուրս մնալ: Այսինքն` այն սահմանը, թե որտեղ է պետական բյուջեի մուտքերն ավելացնելու և տնտեսությունը զարգացնելու շեմը, դժվար է գտնել:
- Ձեր ելույթում նշեցիք, որ նախագիծը չի նպաստի աղքատության կրճատմանը:
- Այո, իմ կարծիքով այդպես է, և այդ հարցը դեռ պետք է քննարկենք: Սահմանվել է աշխատավարձի հարկման վտանգավոր շեմ, որը մեր նվազագույն աշխատավարձի՝ 55.000 դրամի քառապատիկն է: Ես կարծում եմ, որ որոշակի դիֆերենցածված սահման պետք է լինի: Օրինակ, որպես հարկման շեմ սահմանվի ոչ թե նվազագույն աշխատավարձի քառապատիկը, այլ` հնգապատիկը, որ եթե աշխատող մարդու աշխատավարձը մի քիչ բարձրանա, նա ոչ թե ավելի շատ հարկ վճարի, այլ կարողանա իր ընտանիքի կեցության բարելավման հարցը լուծել: Ոչ թե ընդհանրապես չվճարի, այլ քիչ վճարի: Ընդհանրապես իմ սկզբունքը հետևյալն է` աշխատողը պետք է հարկ վճարի: Բայց որպեսզի պետական բյուջեի մուտքերն ավելանան, մեզ պետք է շատ աշխատողներ ունենալ:
- Պարոն Հակոբյան, Ազգային ժողովում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը գրեթե ամեն օր հանդիպում է ունենում և քննարկում օրինագիծը: Հատկապես ի՞նչն եք ուզում փոխել:
- Այո, հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկվել են փորձված պատգամավորներ ու այլ մասնագետներ: Նպատակը մինչև երկրորդ ընթերցում Հարկային օրենսգրքի այնպիսի նախագիծ մշակել, որը կհամապատասխանի մեր առջև դրված նպատակներին:
- Եվ որո՞նք են այդ նպատակները:
- Առաջինը տնտեսության զարգացումն է, երկրորդը՝ բյուջեի մուտքերի ավելացումը:
- Բայց շատ պատգամավորների, գործարարների կարծիքով առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը միայն երկրորդ նպատակն է հետապնդում:
- Եթե հարկային օրենսգիրքը չի նպաստում տնտեսության զարգացմանը և լուծում է միայն ֆիսկալ խնդիր, չի կարող արդյունավետ լինել: Աշխատանքային խմբում հրավիրված են նաև հասարակական կազմակերպություններից, արտադրության ու այլ ոլորտներից մասնագետներ, և մենք միասին հոդված առ հոդված քննարկում ենք ամբողջ օրենսդրական փաթեթը: