Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եթե ֆինանսավորում չլինի, փոփոխությունները չեղյալ կհամարվեն

Եթե ֆինանսավորում չլինի, փոփոխությունները չեղյալ կհամարվեն

Հունիսի 27-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի, որը երկրորդն է գարնանային նստաշրջանի ավարտից հետո: Նախաձեռնությունը կրկին կառավարությանն է:

Արտահերթի հրավիրման հիմնական պատճառը 1 ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է: Կառավարությունը, սակայն, որոշել է բաց չթողնել հնարավորությունը ու արտահերթով մի շարք ընթացիկ հարցեր լուծել:

Օրակարգում ընդգրկված է 21 հարց: Դրանցից 8-ը օրենսդրական փաթեթներ են, որոնք խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է. կառավարությունը դրանք արտահերթի օրակարգում ներառել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով:

Օրակարգում նաև մոտ 1 տասնյակ «նոր» օրինագծեր են. դրանք գործադիրը խորհրդարանին է ներկայացնում առաջին ընթերցմամբ քննարկելու համար: Այս խմբում նախագծեր կան, որոնց քննարկման հրատապությունը գոնե առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ: Գործադիրն , օրինակ, օրենսդիրին առաջարկում է արտահերթ ռեժիմով քննարկել տոհմային անասնաբուծությանը, աշխարհագրական նշումներին, սելեկցիոն նվաճումների պահպանությանը, փրկարարի կարգավիճակին առնչվող օրինագծեր:

Օրակարգային հարցերի մեջ նաև 3 միջազգային պայմանագիր է, որոնցից մեկը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» վիճահարույց համաձայնագիրն է:
Այն նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ քննարկվել էր ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովում, դրական եզրակացություն էր ստացել, սակայն քառօրյայի օրակարգում չէր ընդգրկվել: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը վստահեցրել էր, թե պայմանագիրը վավերացնելու հարցում խորհրդարանը շտապելու որևէ առիթ չունի:

Օրակարգի մեխը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրինագիծն է: Նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը գրել է, որ մշակված փոփոխությունները իշխանություն-ընդդիմություն քաղաքական համաձայնության արդյունք են: «Քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով հունիսի 16-ին կայացած համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները եւ միջոցառումները», -նշվում է հիմնավորման մեջ:

Ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են 4+4+4 ձևաչափով առաջադրված 5 պահանջներից 4-ին: Ըստ համաձայնեցված մոտեցումների` կուսակցություններին հասանելի կլինեն բոլոր 2 հազար տեղամասերում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները, քվեարկությունը կթույլատրվի միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը կտրամադրի անվճար, տեղամասերում կտեղադրվեն տասը մատնահետքերը ստուգող սարքեր, ընտրական ամբողջ գործընթացը բոլոր տեղամասերից կհեռարձակվի ուղիղ եթերով։ Միակ հարցը, որ լուծում չի ստացել, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ու վարկանիշային ցուցակների պահպանումն է. իշխանության համար սա բանակցելի թեմա չէր ի սկզբանե:

Կոնսեսնսուսի լիարժեք լինելուն խանգարեց ոչ միայն մեկ պահանջի չբավարարումը, այլ նաև հայտարարությանը երրորդ կողմի՝ քաղհասարակության չմիանալը: Թեև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեք 4-երի ձևաչափով մասնակցեցին ողջ գործընթացին, սակայն հրաժարվեցին դրա արդյունքի տակ իրենց ստորագրությունը դնելուց:

Փոփոխություններն, ըստ նախնական հաշվարկների, ավելի քան 15 մլն դոլար են պահանջում: Ստորագրված փաստաթղթով իշխանությունն ու ընդդիմությունը դիմում են դոնոր կազմակերպություններին` նոր մեխանիզմների ներդրման համար անհարժեշտ ֆինանսավորման հարցը լուծելու նպատակով:

Ի դեպ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման է գնում աննախադեպ նախապայմանով. կառավարության ներկայացուցիչն ասել է, որ եթե մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարի, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են, նախագիծը չեղյալ կհամարվի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները