Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի պայմանով

Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի պայմանով

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ. կողմ էր 106, դեմ՝ 6 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հարգելի պատճառով դահլիճում չէին: Երկուշաբթի նրանք չէին բացառում, որ կարող են և նախագծին կողմ չլինել, բայց քվեարկությունից առաջ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե խմբակցությունը քվեարկելու է կողմ, քանի որ հենց իրենք են բոլոր փոփոխությունները առաջարկել:

Հունիսի 27-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդգրկված օրենսդրական փաթեթով Ընտրական օրենսգքրում 2 տեսակի փոփոխություններ են առաջարկվում: Դրանց մի խումբը, որը առնչվում է դիտորդների գործունեությանը, բողոք-դիմում ներկայացնելու ժամկետներին, ընտրողների մասնակցության մասին տեղեկանքին, ուժի մեջ կմտնի օրենքի ընդունումից հետո 10-րդ օրը: Իսկ երկրորդ խումբը կարող է ուժի մեջ չմտնել ընդհանրապես: Այս փոփոխությունները, ի տարբերություն առաջին խմբին, ոչ թե իրավիճակն են բարելավում, այլ առաջարկում են նորություններ ընտրական համակարգում: Եվ ամենակարևորը՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսներ, որոնք ակնկալվում են միջազգային դոնոր կազմակերպություններից: Ֆինանսներն ու դոնոր կազմակերպությունները Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկման առանցքում էին:

Ստորագրել են, բայց չեն վստահում

Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցում էին ապրիլից, փոփոխությունների բովանդակության շուրջ համաձայնագիր ստորագրել էին հունիսի 16-ին: Թվում էր թե այսքանից հետո հունիսի 27-ին մեկնարկած նստաշրջանում փոփոխությունների ընդունումը լինելու է ընդամենը տեխնիկայի հարց: Մինչդեռ հենց առաջին նիստին պարզ դարձավ, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը կարող է իշխող ՀՀԿ-ի հետ վարվել այնպես, ինչպես ՀՀԿ-ն է երբեմն վարվել ՀԱԿ-ի հետ՝ խոստացել է ու խոստումը չի կատարել. այդպես եղավ, օրինակ, մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցում, 2012-13 թվականներին:

Հենց հունիսի 27-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող փաթեթի քննարկման սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հունիսի 16-ին ստորագրված համաձայնագիրը դեռևս երաշիք չէ, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու փաթեթին: Կողմ կլինեն, եթե միայն համոզվեն, որ փաթեթը ամբողջությամբ համապատասխանում է համաձայնագրի բովանդակությանը: Հաջորդած քննարկումից ու ՀԱԿ անդամների ելույթներից պարզ դարձավ, որ չնայած ՀՀԿ-ի հետ միասին համաձայնագիր են ստորագել, իրենք, միևնույն է, չեն հավատում, թե իշխանությունը իսկապես ուզում է փոփոխել ընտրական օրենսգիրքը ու այդ ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում:

Ո՞վ է «քաղաքական հայրիկը»

«Քաղաքական հայրիկ» արտահայտության հեղինակը Դավիթ Հարությունյանն էր: Այս փուլում, ամենայն հավանականությամբ, «հայրիկ» կհամարվի նա, ով կկարողանա համոզել դոնոր կազմակերպություններին ֆինանսներ տալ Հայաստանին՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների երկրորդ խումբը կյանքի կոչելու համար: Հիմնական զեկուցողն ասաց՝ իրենք որևէ մեկին չեն ուզում համոզել, թե այդ ուղղությամբ բավարար քայլեր անում են, և «խնդիր չունեն ցույց տալու, թե ով է օրենսգիրքը բարեփոխելու գործի քաղաքական հայրիկը»: Ընտրողներին նույնականացման քարտով ապահովելու, 10 մատի մատնահետք թողնելով նախագրանցում իրականացնելու, քվեարկության ընթացքը տեսանկարահանելու, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքերով ուղիղ հեռարձակելու համար պահանջվում է մոտ 16 միլիոն եվրո: Դրանից 3 միլիոնը կապահովի կառավարուրթյունը, մնացածը՝ միջազգային հանրությունը, եթե կարողանան համոզել: «Կառավարության շահագրգռվածությունը, թե ուզում է ֆինանսավորում գտնել, չի զգացվում»,-հայտարարեց Արամ Մանուկյանը:- Քանի՞ երկրի կառավարության եք դիմել, որ գումար տան, հարցրեց նա՝ առաջարկելով թափանցիկ անցկացնել համոզելու գործընթացը: «Դոնորների հետ աշխատանքը չի կազմակերպվում նամակներ գրելով»,-բացատրեց Հարությունյանը: Ասաց՝ «երբ դուք մեզ առաջարկում եք գումարներ ձեռք բերելու որոշակի տարօրինակ մեխանիզմներ, այդ չենք կարող ընդունել, որովհետև որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»:

Օրենքը կընդունվի պայմանով

Ֆինանսավորումից է կախված ոչ միայն ընտրական համակարգում որոշ բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը, այլև փաթեթի՝ ֆինանսներով պայմանավորված դրույթների ուժի մեջ մտնելը: Այդ պատճառով այս նախաձեռնությամբ կառավարությունը նոր պարտականություն է տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. ԿԸՀ-ն մինչև սեպտեմբերի 1-ը, պետք է հայտարարի, որ գտնվել են ֆինանսներ՝ նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալները հավաքագրելու, դրանք էլեկտրոնային պահոցում պահպանող ծրագիրն ապահովելու, նույնականացման քարտեր արտադրելու և ընտրողների գրանցման համար տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու ու դրանք համապատասխան ծրագրերով ապահովելու համար:

Եթե գումարները գտնվեն, ու այդ հայտարարությունը արվի, օրենքը կհամարվի ուժի մեջ մտած, ու գործընթացը կմեկնարկի: Եթե հայտարարությունը չարվի, օրենքը չեղյալ կճանաչվի: Իշխանության համոզմամբ՝ գործընթացը սեպտեմբերի 1-ից ուշ սկսելու դեպքում 2017-ի գարնանը կայանալիք ընտրությունները կձախողվեն: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը դժվարացավ հիշել էլի մի օրենք, որի ընդունման ժամանակ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումը այսքան կարևորված լինի:

Ֆինանսները՝ ժողովրդավարության երաշխիք

Նրանք, ովքեր հունիսի 16-ի համաձայնագրի տակ չէին ստորագրել՝ «Ժառանգությունն» ու խմբակցության հետ կապ չունեցող ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, քննադատեցին իշխանությանն ու ընդդիմությանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դոնորների ֆինանսավորմամբ պայմանավորելու համար: Նրանք, ովքեր ստորագրել էին համաձայնագրի տակ՝ քննադատեցին ՀԱԿ-ին՝ իր ստորագրությանը տեր չկանգնելու և «պատմական համաձայնությունը» տապալելու վտանգ առաջացնելու համար:

Բայց ամենաուշագրավ քննադատությունը հնչեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի շուրթերից: Նա քննադատեց դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսներ չտալու ու այդպիսով ժողովրդավարությունը Հայաստանում չզարգացնելու համար: «Այս աշխարհում փող շատ կա, երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում իմ ազգային արժեքները փչացնել իմ երկրում և դրա համար ակցիաներ կազմակերպել, դրա համար կան միլիոնավոր դոլարներ: Իսկ երբ որ պետք է ժողովրդավարությունը զարգացնել, դրա համար անհրաժեշտ գումարները մենք չենք ճարում»,- ասաց Բաղդասարյանը: Հարվածե՞ց թե՞ կօգնի նրա այս հայտարարությունը իշխանության՝ դոնորներին համոզելու ջանքերին՝ պարզ կդառնա մինչև սեպտեմբեր:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները