Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՕՊ համաձայնագիրն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ

ՀՕՊ համաձայնագիրն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ

Հունիսի 27-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի վերջին նիստին խորհրդարանը ձայների 101 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն, ըստ էության, պաշտպանեցին խորհրդարանական բոլոր խմբակցությունները` բացի «Ժառանգությունից», որից կողմ է քվեարկել միայն Ռուբիկ Հակոբյանը, ով նախկինում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսն էր: ՀԱԿ-ից դեմ են քվեարկել Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Դեմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

ՀՀ պաշտպանության լրացուցիչ միջո՞ց, թե՞ անկախության նվազեցում

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ` համաձայնագրի նպատակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ստեղծումն է: Դրա կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացվում է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի, ընդհանուր ղեկավարումը` ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի կողմից: Փոխնախարարի խոսքով` արդեն ՀԱ առանձին շրջանի ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումը, այսինքն` զորային օղակի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը:

Խաղաղ պայմաններում կողմերի լիազորված մարմինները համատեղ են կազմակերպում ՀԱ կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի գործունեության պլանավորումը: Իսկ ռազմական գործողությունների ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել այդ զորքերի կիրառման վերաբերյալ ` կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, նախապես միմյանց ծանուցելով իրականացվելիք գործողության մասին: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուսին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի ընդդիմախոսները կարծում են, որ այդպիսով Հայաստանը ՌԴ-ին է զիջում իր օդային տարածքը: Նրանք չեն հավատում, որ մեր երկրին, օրինակ, Ադրբեջանից սպառնացող ավիացիոն հարվածների դեպքում ՀՀ պատկան մարմինները կարող են ինքնուրույն՝ առանց ՌԴ-ի թույլտվության, գործարկել ՀՕՊ միավորված համակարգը, որքան էլ համաձայնագիրը դա թույլ տալիս է: Նրանք հիշեցնում են ՀԱՊԿ-ի անգործունեությունը, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմում ՀՀ սահմանին: Ընդդիմախոսները նաև համոզված են, որ համաձայնագրով ՀՀ իշխանությունները ՌԴ-ին են զիջում մեր երկրի անկախության ևս մի հատված, ինչպես դա եղել է ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, իսկ վերջերս էլ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում:

ԼՂՀ-ն ի՞նչ կստանա համաձայնագրից

Այլ պետության հետ միավորված ցանկացած կառույցի ստեղծում ՀՀ քաղաքական շրջանակներում հարց է առաջացնում` ի՞նչ է տալու այդ միավորումը Լեռնային Ղարաբաղին: Այս դեպքում ևս հարցը հիմնականներից մեկն էր` ի՞նչ առավելություններ կամ վտանգներ է պարունակում պատերազմող ԼՂՀ-ի համար ՀՀ-ՌԴ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծումը: Արա Նազարյանի խոսքով` ՀՕՊ միավորված համակարգը, ինչպես և ՀԱՊԿ-ը, անհրաժեշտության դեպքում որևէ միջամտություն կամ աջակցություն չի կարողանա ցուցաբերել ԼՂՀ-ին, քանի որ վերջինն այդ կառույցների անդամ չէ: ԼՂՀ-ին կարող է պաշտպանել և օգնել այդ երկրի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանը, ինչն անում է:

Ո՞ւմ է պետք միավորված ՀՕՊ համաձայնագիրը

«Ես ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը դեմ չեմ, բայց դա պետք է լինի ար-ժա-նա-պա-տիվ: Այո, որոշ դեպքերում ՌԴ-ն օգնել է ՀՀ-ին, բայց եղել են դեպքեր, որ ընդհանրապես քաշել է, ուստի պետք է զգույշ լինել»,- հորդորեց Հրանտ Բագրատյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` ապրիլյան դեպքերից հետո նման համաձայնագրի քննարկումը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն անկախ քաղաքականություն չի վարում: «Դարձել ենք ՌԴ-ի արբանյակը, ՌԴ-ն ունի իր շահերը, իսկ ՌԴ-ի եւ Թուրքիայի եղբայրության 1921թ. պայմանագրի դրույթները գործում են»,- նկատեց նա:

«Պարզ ասեք, որ էս համաձայնագրի շրջանակներում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ, սա նախատեսված է ինչ-որ չորրորդ, հինգերորդ համաշխարհային պատերազմի ինչ-որ դեպքերի համար, որտեղ ՀՀ-ն մեծ հաշվով հետաքրքրություններ չունի»,- փոխնախարարին հորդորեց Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ՀՕՊ համաձայնագրին ընդդիմացողներին հորդորեց չմոլորեցնել հանրությանը, քանի որ այն լրացուցիչ հնարավորություն է տալիս ավելի անվտանգ դարձնել մեր օդային տարածքը: «Այո, մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ: Մենք շատ ենք քննարկել, թե ինչու չունենք անհրաժեշտ զինտեխնիկան, որը պիտի ունենայինք: Բայց եկեք այս հարցերը միմյանց չխառնենք»,-հայտարարեց նա՝ ասելով, որ ԲՀԿ-ն կողմ է քննարկելու:

Կողմ քվեարկեց նաև ՀՅԴ խմբակցությունը, որի ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ « չունենք այլընտրանք»: «ՀՕՊ համակարգը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգության խնդրի լուծում, իսկ Հայաստանը միայն մեկ ուղղությամբ չէ, որ ստիպված է պայքար մղել: Կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է և վտանգ ներկայացնում»,- հայտարարեց Ռուստամյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ Արա Նազարյանին հորդորեց այնպես ներկայացնել ՀՕՊ համաձայնագրի առավելությունները, որ դրսում դրա դեմ պայքարող քաղաքացիների մտահոգությունները փարատվեն:

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանն էլ հավելեց` ՀՕՊ համաձայնագիրը ՀՀ-ին հնարավորություն կտա պատասխանել բոլոր սպառնալիքներին, որոնք կարող են ի հայտ գալ մեր երկրի օդային տարածքում: «Տարածաշրջանային ու գեոքաղաքական իրավիճակի առումով համաձայնագիրը ոչ թե խնդիր է առաջացնում, այլ՝ լուծում դրանք»,- հավաստիացրեց Ա.Զաքարյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները