Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանի անլուրջ լրջությունը 2

Խորհրդարանի անլուրջ լրջությունը 2

Տեսե՞լ եք վարկերի տակ կքած մարդու, որը շուտով կկորցնի նաեւ միակ բնակարանը։ Շատ անգամ եւ շատ հաճախ նա հայտնվում է ցայտնոտային իրավիճակում, ինչը զրկում է նրան իր գործողությունները ծրագրելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հետագա քայլերը մտածելու հնարավորությունից։ Շատ անգամ նրան նման ծրագրեր կազմելուն խանգարում է ոչ միայն սառնասրտության պակասը, այլեւ` գրագետ գործելու անկարողությունը։

Հայրենի կառավարությունն ու խորհրդարանը հենց նման ցայտնոտային իրավիճակում գտնվողի են հիշեցնում։ Երբ երկրում օրենսդրական հիմնական գործունեությունը ծավալվում է արտահերթ ռեժիմով արտահերթ նիստ- նստաշրջաններում, նշանակում է կամ երկիրն իրոք գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, կամ կառավարության ու ԱԺ ղեկավարությունը ունակ չէ ծրագրավորել պետության առաջ կանգնած խնդիրների առաջնահերթությունը, կամ՝ երկուսը միասին։

ԱԺ արտահերթ նիստի կամ նստաշրջանի անցկացումն այնքան կարեւոր է երկրի քաղաքական կյանքում, որ կարգավորվում է Սահմանադրությամբ։ Սա ինքնին նշանակում է, որ արտահերթ նիստի, առավել ևս նստաշրջանի օրակարգում լինում են խիստ կարեւոր հարցեր, որոնց արտահերթ ընդունումը պետության եւ հասարակության համար մեծ նշանակություն ունի։ Բայց արդո՞ք այդպես է։

Թեկուզ վերցնենք վերջին արտահերթ նստաշրջանը։ Այդպես էլ պարզ չէր, թե այդ ինչ պետական անհրաժեշտությունից ելնելով է, որ արտահերթ պետք է փոփոխություններ կատարվեին, ասենք, սելեցկիոն նվաճումների պահպանության, տոհմային անասնաբուծության, աշխարհագրական նշումների, փրկարարների կարգավիճակի մասին եւ նման բազմաթիվ այլ օրենքներում։

Սա , իհարկե, չի նշանակում, որ ամողջ օրակարգն էր այդպիսին։ Օրինակ շատ կարեւոր էր հենց արտահերթ նստաշրջանում Հայաստանի արտաքին պարտքն ավելացնել սկզբում 5,5 մլն եվրոյով՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի համար, իսկ ապա սահմանային անցակետերի եւ ենթակառուցվածքների արդիականացման 30,316 մլն եվրոյի ծրագիրն ավելացնել եւս 534 հազ եվրոյով։ Այսինքն՝ Կոտայքում եւ Գեղարքունիքում կոշտ թափոնների խնդիր չկար, ու հանկարծ այդ թափոնները հեղեղեցին երկու մարզերն էլ։

Իհարկե՝ հասկանալի է, որ այս արտահերթ նստաշրջանը նախեւառաջ հրավիրվել էր մեկ ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու համար։ Կբացատրեն, թե սա պայմանավորված էր ընդդիմության եւ իշխանության միջեւ կոնսնսուսի ձեւավորմամբ, կասեն որ մեկ ամիս առաջ անհրաժեշտ էր այն ընդունել, քանի որ Սահմանադրության անցումային դրույթներում էր դա ամրագրված։ Ինչպիսի օրինապաշտություն։ Նույն այդ ԱԺ- ն ու կառավարությունը կարծես չեն հիշում, որ արդեն 21 տարի Սահմանադրությունը Հայաստանում սոցիալական պետություն է հայտարարում, կամ չեն հիշում, որ նույն այդ Սահմանադրությամբ մարդիկ ազատ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն (բանակի համար տանկ կարող ենք չառնել, բայց ոստիկանության համար ջրցման մեքենա առնել պարտավոր ենք)։

Բայց այս Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Հայաստանի օրենսդրության պատմության մեջ մտցնում են բոլորովին մի նոր իրավական՝ փող ճարելու հասկացությունը։ Այսինքն կենցաղային «հացի (կամ դեղի) փող կտա՞ս, բալա ջան» հասկացությունը բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակ։ Պետությունն ընդունում է օրենք, որը կարող է չեղյալ հայտարարվել, եթե անհրաժեշտ գումար չհայթայթվի։ Ավելին՝ ընդունելով օրենսգրքի փոփոխությունները՝ պետական այրերը չգիտեն անգամ, թե ինչքան գումար պետք է «գտնել»։ Բա պետական կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրավորման մասին խելացի դեմքերով հայտարարություններն ո՞ւր մնացին։

Նույն այս արտահերթում նաեւ քննարկվեց ու վավերացվեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Թե ինչու դեռ դեկտեմբերին ստորագրված պայմանագիրը պետք է հենց արտահերթ նստաշրջանում քննարկել, երբ չորս ամիս տեւող հերթական նստաշրջան կա, մի հարց է։ Թե ինչպիսի բովանդակություն ունի այս համաձայնագիրն ու ինչպիսի վտանգներ կարող է պարունակել, մեկ այլ հարց։ Բայց դեռ քննարկումից ընդամենը 15 օր առաջ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում էր. «Դա մեկ, երկու օրվա հարց չի եղել: Համաձայնագրի քննարկման ժամկետները հայկական կողմն է որոշում: Ժամկետները որոշում ենք մենք, եթե լինի դրա անհրաժեշտությունը, կասենք, մենք չենք շտապում»։ Այսինքն՝ ոչ մի տեղ չշտապ Հայաստանի վերնախավի համար ռազմավարական ծրագրավորումը ընդամենը 15- օրյա ապագայի հեռանկար է։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները