Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԿ-ներն ու Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստ են պահանջում

ՀԿ-ներն ու Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստ են պահանջում

14 հասարակական ու լրագրողական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ կոչ անելով հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հայտարարությունում, մասնավորապես,  նշվում է.«Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝  պայմանավորված  ս.թ.  հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով:


Հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային  արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը: ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին:


Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահը արդեն տասնմեկերորդ օրն է` որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում  են իրենց ամառային հանգիստը:


Սույնով մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ ենք անում նրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:


Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային Ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար»:


Հայտարարությունը ստորագրել են «Բաց հասարակության  հիմնադրամներ - Հայաստան»-ը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և այլ ՀԿ-ներ:


ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Նա առաջարկում է հուլիսի 28-ին ժամը 17-ին արտահերթ նիստ հրավիրել:


Ըստ Աժ կանոնակարգի՝ արտահերթ նստաշրջան կարող է հրավիրվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
Քանի որ այս դեպքում նախաձեռնությունը գործադիրինը չէ, անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:


Ստորագրահավաքին
առայժմ միացել է 13  պատգամավոր: Նրանք են՝ Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը , Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահե Հովհաննիսյանը:


Աարտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է
ևս 31 պատգամավորի ստորագրություն:

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները