Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեկնարկել է ԸՕ փոփոխությունների երկրորդ փուլը

Մեկնարկել է ԸՕ փոփոխությունների երկրորդ փուլը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 29-ին չեղյալ հայտարարեց Ընտրական օրենսգրքում հունիսի 30-ին կատարված փոփոխությունները` հիմք ընդունելով կառավարության գրավոր պարզաբանումը, թե «փոփոխությունների իրականացման համար համապատասխան տեխնիկական միջոցներ առկա չեն»: Փոփոխություններն ընդունվել էին 4+4+4 ձևաչափով քննարկումների ու իշխանություն- ընդդիմություն համաձայնության արդյունքում: Ըստ դրանց` ընտրությունների ժամանակ գրանցումը պետք է իրականացվեր միայն նույնականացման քարտերի միջոցով, քվեարկողը պետք է հանձներ 10 մատների մատնահետքերը, բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվեին և այլն: Ընդդիմության կարծիքով` փոփոխություններն էականորեն կնվազեցնեին ընտրակեղծիքների հնարավորությունը:

Նոր մեխանիզմների ներդրումը պահանջում էր 16 մլն դոլար, որը կառավարությունը չուներ: Փոփոխություններն ընդունվեցին օրենսդրական պրակտիկայում մինչ այժմ չկիրառված նախապայմանով. եթե մինչև սեպտեմբերի 1-ը անհրաժեշտ միջոցները չապահովվեն , ԿԸՀ-ն չեղյալ կհամարի փոփոխությունները: Լեհական PWP ընկերությունը, որին կառավարությունը դիմել է նոր համակարգի մշակման համար, ըստ ԿԸՀ-ին ներկայացված պարզաբանման, «անհնարին է համարել փոփոխությունների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված ժամկետից ՝ սեպտեմբերի 1-ից»:

Քննարկումների նոր ռաունդ

Իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն սկսել են ԸՕ-ում փոփոխությունների քննարկման նոր փուլ: Ի տարբերություն նախորդի` այս անգամ բանակցություններն ընթանում են սահմանափակ կազմով և գաղտնի պայմաններում: Հայտնի է միայն, որ չեղյալ համարված փոփոխությունների փոխարեն իշխանություններն առաջարկել են հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: Դ.Հարությունյանը, կարևորելով ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը, հայտարարել է, թե դրա համար իշխանությունը պետք է «գին վճարի», և այդ գինը կարող է լինել ցուցակների հրապարակումը:

Նոր պահանջներ

ՀԱԿ-ը փոփոխությունների չեղարկմանն անդրադարձել է հայտարարությամբ` տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդելով իշխանությունների վրա: Կոնգրեսը նաև 4 պահանջ է առաջադրել: Դրանցից առաջինով առաջարկվում է վերականգնել գրանցամատյաններում ընտրողի ստորագրությունը, ինչը չեղյալ էր համարվել գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման պատճառով: Առաջարկվում է նաև հրապարակել ստորագրված ցուցակները, սկանավորել դրանք և տեղադրել ԿԸՀ կայքում, վերականգնել տեսանկարահանող սարքավորումների տեղադրման և ընտրական պրոցեսի օնլայն հեռարձակման դրույթը, ինչպես նաև աուդիտի ենթարկել ID քարտերն ու անձը հաստատող այլ փաստաթղթերը:

ՀՀԿ-ի պատրաստակամությունն ու մյուսների թերահավատությունը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում դժվարացավ գնահատել` չեղյալ համարված փոփոխություննե՞րն էին ավելի նվազեցնում ընտրակեղծիքների հնարավորությունը, թե՞ ստորագրված ցուցակների հրապարակումը: «Չեմ կարող ասել` համարժե՞ք են, թե՞ ոչ: Առանձին որևէ կետ չի կարող մեխանիզմ լինել: Փոփոխությունները պետք է ենթադրեն մի քանի զուգահեռ ուղղություններ, որ ազդեցություն թողնեն: Նկարահանումները, օնլայն ցուցադրումները, նաև հաշվարկի ժամանակ ցուցադրելը, ստորագրված ցուցակների հրապարակումը, դրանց հիման վրա բողոքարկումները կարող են համալիր լինել»,- անդրադառնալով իրենց նոր առաջարկություններին ու շարունակվող քննարկումներին՝ ասաց Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի համար ևս միանշանակ չէ` ցուցակների հրապարակումն արդյո՞ք համարժեք է չեղյալ համարված փոփոխություններին. «Դրանք իրավական լուրջ հարթության վրա քննարկվելիք հարցեր են, որոնք պահանջում են ինչպես անհրաժեշտ ժամանակ, այնպես էլ՝ մասնագիտական վերլուծություն: Մեզ համար առաջնային է ընտրակեղծարարությունը կանխող մեխանիզմների կիրառումը: Դա սկզբունքային է, մնացածը տեխնիկական բնույթի հարցեր են: Ամենակարևորը քաղաքական կամքի առկայությունն է, առանց որի անգամ գերժամանակակից վերահսկման գործիքները հնարավոր է շրջանցել»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

ԸՕ-ի փոփոխությունների ընդունման առաջին իսկ օրվանից կառավարությունը սկսեց ձգձգել գործընթացը՝ ակնհայտորեն փորձելով վիժեցնել այն` համոզված է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Այսօր արդեն կարող ենք ասել, որ իշխանություններն այս քայլով թաղեցին ՀՀ-ում պատշաճ ընտրություններ անցկացնելու վերջին հույսը: Նրանց խաղը պարզունակ էր: Իբր, տեսեք, մենք իսկապես ցանկանում ենք լավ օրենսգիրք ունենալ, սակայն քանի որ գումար չկա, չենք կարող դա անել: Մինչդեռ հենց Հայաստանի կառավարությունը պետք է առաջին հերթին շահագրգռված լիներ ֆինանսավորելու այդ ծրագիրը, իհարկե, եթե իսկապես ցանկանում էր, որ մեր երկրում գոնե մեկ անգամ ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն»,- ասում է Հ.Բիշարյանը՝ հավելելով, թե հիմա պատշաճ ընտրությունների անցկացման հիմնական գրավականը քվեարկած ցուցակների հրապարակումն է:

«Ժառանգություն» կուսակցությունն ինչպես մերժել է 4+4+4 ձևաչափով քննարկումներին իր մասնակցությունը, այդպես էլ հիմա չի ցանկանում նոր բանակցություններին կողմ դառնալ: «Եթե ցանկություն ունեն հրապարակել ցուցակները, ապա թող հրապարակեն, բայց չեմ կարծում, որ նույնիսկ այդ հրապարակման միջոցով մենք ունենալու ենք արդյունավետ վերահսկման մեխանիզմ»,- ասում է խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հանրապետական կուսակցությունը շարունակում է պնդել, որ իշխանությունն ամեն ինչ անելու է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և հանրության վստահությունը վերականգնելու համար: Դրա համար պատրաստ են հրապարակել ցուցակներն ու անգամ դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ դա որպես ընտրության գաղտնիության խախտում չդիտարկվի: «Պատրաստ ենք այդ ամենն անել, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մենք այս ամիսներին ժամանակ էինք ձգում, որ փոփոխությունների կիրառումը ձախողվի, այդ պատճառով էլ քննարկում ենք ցուցակները բացելու հարցը»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Սպասվում է, որ բանակցությունների ավարտին համաձայնություն ձեռք բերելու դեպքում կողմերը հանդես կգան նոր հայտարարությամբ և աշնանային նստաշրջանում ԸՕ-ում նոր փոփոխությունների նախաձեռնությամբ:a

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները