Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ գործընթացն արդյունքից կարեւոր է

Երբ գործընթացն արդյունքից կարեւոր է

Ընտրությունները, նախընտրական ու հետընտրական շրջանները, գրեթե ամեն տարի փոփոխվող ընտրական օրենսդրությունը և հորիզոնի նման որքան մոտ նույնքան էլ հեռու թվացող այդ «ազատ ու արդարն» արդեն երկու տասնամյակ քաղաքական գործիչներին, քաղաքագետներին, լրագրողներին աշխատանքի կայուն թեմա է ապահովում։ Բանակցություններից իհարկե ընտրական գործընթացի որակը չի փոխվում, սակայն հայրենի քաղաքական գործիչները երևակայության բացառիկ օրինակներ են ցույց տալիս՝ ընտրությունների որակի բարձրացման մասին տարաբնույթ քննարկումներ ու բանակցություններ կազմակերպելու գործում։

Վերջին նման գործընթացը պատմության մեջ մտավ «4+4+4» անվանումով։ Մեծ հրապարակային գովազդի պայմաններում անցկացվող Ընտրական գործընթացի վերահսկողության մեխանիզմների շուրջ բանակցություններից հետո հունիսի 16-ի ուշ երեկոյան իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարեցին, որ ձեռք են բերել համաձայնություն։ ԱԺ արտահերթ նստաշրջանը հունիսի 30- ին դրան տվեց իրավական ձեւակերպում՝ աննախադեպ հավելումով. «Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությամբ հանդես չգալու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում»։

Իսկ սեպտեմբերի 1-ը եկավ օգոստոսի 29- ին, երբ ԿԸՀ-ն կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի նամակ պարզաբանումից հետո հայտարարեց, որ «փոփոխությունների իրականացման համար համապատասխան տեխնիկական միջոցներ առկա չեն»:

Նման հայտարարություն կարող էր արվել նաև, ասենք հուլիսի 1- ին, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ իշխանություն- ընդդիմություն բանակցություններում արդեն վաղուց կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ՝ գործընթացը։ Ու նույն այդ գործընթացի շրջանակներում ընդդիմությունը տապալման համար մեղադրեց իշխանություններին, իշխանությունը՝ հայտարարեց, որ պարտաստ է շարունակել բանակցությունները։

Հիմա արդեն ընտրական քաղաքական սերիալի նոր սեզոնն է սկսվում կամ բանակցությունների նոր դուռ է բացվում։ Այժմ քաղաքական նույն ուժերը նույն լրջությամբ փորձելու են քննարկել, թե ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու ինչ նոր մեխանիզմներ մշակեն (նրանց համար աներկբա ճշմարտություն է՝ հասարակությունը վստահում է միայն իրենց)։

ՀՀԿ- ն, որ ամեն կերպ այս բանակցություններում փորձում է ցույց տալ, թե ինչքան է ցանկանում բաձրացնել նույն այդ ընտրությունների նկատմամբ վստահությունը, կարծես արդեն դեմ չէ, որ հրապարկվեն ստորագրված ցուցակները։ «Պատրաստ ենք այդ ամենն անել, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մենք այս ամիսներին ժամանակ էինք ձգում, որ փոփոխությունների կիրառումը ձախողվի, այդ պատճառով էլ քննարկում ենք ցուցակները բացելու հարցը»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իհարկե, ստորագրված ցուցակների հրապարակումը ընդդիմությունը կարող է համարել սեփական հաղթանակ, սակայն դժվար է դեռ հասկանալ, թե ինչպիսի իրավական հետևանքներ է ունենալու այս քայլը, կամ սահմանափակ ռեսուրսներով և սահմանափակ ժամկետում ինչպիսի մեխանիզմներով է հնարավոր լինելու պարզել կրկնակի կամ երկրից բացակայողների փոխարեն քվեարկության դեպքերը։

Լուրջ դեմքով բանակցությունների նոր փուլ սկսող քաղաքական նույն ուժերը անցյալում արդեն գործադիր իշխանության մաս կազմել և իրենց «երազած» Հայաստանը կառուցելու հնարավորություն ունեցել են։ Փոխարենը՝ իշխանամետ ու ընդդիմադիր դաշտ ձեւավորած այդ հիմնական ուժերը մեր երկրում ստեղծել են կոռուպցիոն մտածողության մի այնպիսի համակարգ, որի պայմաններում դժվար է լինելու մոտ 1900 տեղամասային ընտրական հանձանաժողովներում գտնել մեկական անդամ, որոնք աներկբա հանդես կգան իրենց վստահված տեղում ընտրակեղծիքի դեմ։ Ու սա լավ հասկանում է հասարակությունը նույնպես, որի վստահությունն էլ փորձում են վերակագնել վստահության կարիք ունեցող քաղաքական ուժերը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները