Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԿ-ների մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է

ՀԿ-ների մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին դրական եզրակացություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրինագիծը հարակից փաթեթով աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին, մի քանի անգամ ներկայացվել է Ազգային ժողով ու հետ ուղարկվել կառավարություն` լրամշակման: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժգոհ էին նախագծի բազմաթիվ դրույթներից, որոնք, նրանց կարծիքով, սահմանափակում էին ՀԿ-ների գործունեությունը:

Օրինագծի նախավերջին տարբերակն ԱԺ-ում էր տարեսկզբին: Նախագծի շուրջ գարնանը խորհրդարանական լսումներ հրավիրվեցին, որից հետո կրկին փոփոխությունների կարիք առաջացավ:

Հիշեցնենք, որ նույն 2014թ. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Վոլինկինը քննադատել էր մեր երկրում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը և հայտարարել, թե նրանք ցանկանում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Ես վստահ եմ, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվորեն հայտարարի ՀՀ տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում որևէ կասկած չկա: Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ների չեզոքացմամբ, սակայն, հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել: ՌԴ-ում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ վերահսկում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել էր Ի.Վոլինկինը:

Հասարակական կազմակերպությունների մասին ՌԴ օրենքը, մասնավորապես, պահանջում է, որ արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները որակվեն որպես օտարերկրյա գործակալներ:

Մեկ քայլ առաջ

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծը ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովում ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ խորհրդարանական լսումների ժամանակ հնչած մտահոգություններից ու առաջարկություններից շատերը կառավարությունն ընդունելի է համարել: Մասնավորապես, օրինագծով հասարակական կազմակերպություններին իրավունք է տրվել իրականացնել հռչակված նպատակներին համապատասխանող ձեռնարկատիրական գործունեություն, տնօրինել այդ գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակիցը:

Փոխնախարարի ներկայացմամբ`մասնակիորեն վերականգնվել է ՀԿ-ների կողմից դատարան դիմելու իրավունքը: Ըստ նախագծի` կազմակերպությունները շահերի պաշտպանություն կարող են իրականացնել միայն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերի դեպքում: Դատարան կարող են դիմել միայն այն ՀԿ-ները, որոնք ունեն առնվազն երկու տարվա գործունեություն և մինչ այդ զբաղվել են իրավունքների պաշտպանությամբ: «Կարծում եմ` սահմանափակումներն արդարացված են»,- եզրափակեց Ա.Մկրտչյանը՝ չբացառելով, որ հետագայում հնարավոր է դատարան դիմելու իրավունքն ընդլայնվի:

«Նախագծի այս տարբերակն ընդգրկում է լսումների ընթացքում առաջ քաշված բազմաթիվ հարցեր, բայց՝ մասամբ»,- քննարկման ժամանակ նշեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նրա կարծիքով` այս փուլում խորհրդարանական նոր լսումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ամեն շաբաթ ՀԿ-ների հետ հանդիպումներ են տեղի ունենում»:

Հավելենք, որ մեղմացվել է նաև ստուգումների դրույթը. առաջարկված տարբերակով ֆինանսական աուդիտի է ենթարկվում կազմակերպությունների՝ միայն հանրային միջոցներից ստացած գումարի շրջանառությունը, եթե այն գերազանցում է 5 մլն դրամի սահմանագիծը: Այլ աղբյուրներից ստացված ֆինանսավորումը աուդիտի ենթակա չէ:

Իրավունք, որը հնարավոր չէ իրացնել

«2014թ. տարբերակից այս նախագիծը բովանդակային ու կոնցեպտուալ առումով էականորեն տարբերվում է»,- parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Դրական գնահատելով կատարված փոփոխությունները՝ նա նշեց պահպանվող մտահոգությունները: Նախագիծը սահմանում է, որ ՀԿ-ներն իրենց կանոնադրության մեջ ձևակերպեն, թե ովքեր են կամ հասարակության որ խմբերն են իրենց շահառուները: Ըստ Տիգրանյանի`քանի որ ոչ բոլոր կազմակերպություններն են զբաղվում ինչ-որ կոնկրետ՝ երեխաների, կանանց կամ հասարակության այլ խմբերի իրավունքների պաշտպանությամբ, նրանց համար այս դրույթի իրացումը դժվար, եթե չասենք անհնարին կլինի: «Եթե ՀԿ-ն զբաղվում է ժողովրդավարության խթանմամբ, քաղաքականությունների մոնիթորինգով, ինչպիսին մեր կազմակերպությունն է, դժվար պիտի լինի որոշակիացնել ու կանոնադրության մեջ գրել, թե ով է իր շահառուն: Իսկ երբ սրա հետ էլ կապում են այն դրույթը, որ դատարան դիմելիս հայցդ պիտի բխի շահառուների հիմնական շահերից, ստացվում է, որ այդ իրավունքը այս մի բարդության պատճառով մեխանիկորեն կարող է չիրացվել»,- ասում է իրավաբանը:

ՀԿ-ները, նախագծի համաձայն,  դատարան կարող են դիմել բնապահպանական, շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներով, սպառողների իրավունքների խախտման, պատմամշակութային հուշարձանների պահպանման և ամենատարբեր հարցերով զբաղվող կազմակերպություններին օրինագիծն այդ իրավունքը չի տալիս: Բացի դրանից` դատարան կարող է դիմել նվազագույնը 2 տարվա գործունեություն ունեցող ՀԿ-ն: «Հիմա ունենք մի նոր իրավունք, բայց հասկանում ենք, որ դա ավելի շատ իրավունքի սահմանափակում է: Սահմանադրական դատարանն իր 906 որոշմամբ ասում է, որ եթե ՀԿ-ն դիմում է դատարան, և տվյալ խնդիրն իր կանոնադրական նպատակների շրջանակում է, ուրեմն նա պատշաճ հայցվոր է: Փաստորեն` այս նախագիծը հակասում է ՍԴ այդ որոշմանը»,- ասում է Հ.Տիգրանյանը:

Նրա կարծիքով` հեղինակները նման սահմանափակման գնացել են` մտավախություն ունենալով, որ ՀԿ-ներն իրենց հայցերով կծանրաբեռնեն դատարանները: «Այդ մտավախությունն անհիմն է: 3000-ից ավելի հասարակական կազմակերպություն կա գրանցված, բայց բոլորը չէ, որ ակտիվ են կամ իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում: Եթե մենք հույս ունենայինք, որ դատարանում կդիտվենք պատշաճ հայցվոր, մեր կազմակերպությունը Աֆրիկյանների տան գործով կդիմեր դատարան»,- հավելում է Հ.Տիգրանյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները