Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին աշունը

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին աշունը

Սեպտեմբերի 13-ին մեկնարկած 10-րդ աշնանային նստաշրջանը փաստացի կլինի 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը, որի ընթացքում օրենսդիրը լիարժեքորեն կզբաղվի օրինաստեղծ գործունեությամբ: Հաջորդ՝ 11-րդ գարնանային նստաշրջանը հրավիրվելու է 2017-ի փետրվարին, իսկ ապրիլին նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները. սա նշանակում է, որ գարնանը քաղաքական ուժերը ամբողջությամբ տարված են լինելու նախընտրական պայքարով՝ ԱԺ շենքից դուրս: Այս նստաշրջանում նրանք պատրաստվում են ընտրություններին՝ առայժմ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու միջոցով: Գործընթացը սկսվեց հենց առաջին քառօրյայում:

Ենթադրվում էր, որ նույն այս քառօրյայում խորհրդարանը կքննարկի նաև Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, բայց դրա վրա կառավարությունը դեռ աշխատում է: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այն քննարկելու համար արտահերթ նիստ կհրավիրվի:

«Սասնա ծռերի» թեման՝ աշնանային նստաշրջանում

Հուլիսին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու և ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, չստացվեց: Հերթական նստաշրջանում «Սասնա ծռերի» թեման բարձրացրեցին ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ու Զարուհի Փոստանջյանը: Նրանք առաջարկում էին թեկուզ ուշացումով՝ հուլիսյան հայտնի դեպքերը դարձնել քաղաքական քննարկման առարկա: Երկուսին էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տվեց նույնաբովանդակ պատասխան՝ քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում, Ազգային ժողովը քննվող գործի առիթով արտահերթ հրավիրել չի կարող: Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը «կանխատեսեց», թե հաջորդը գրավելու են Ազգային ժողովը, կառավարությունը, Բաղրամյան 26-ը: Փոստանջյանի ելույթը Գալուստ Սահակյանը որակեց «ընդդիմադիր երևալու հերթական անիմաստ քայլ»:

Ընտրական օրենսգիրքը նորից կփոփոխվի

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և Աժ նախագահության հարցուպատասխանը ավելի արդյունավետ ստացվեց: Զուրաբյանը հայտարարեց, որ գտնվել է 9 միլիոն եվրոն, ինչը թույլ կտա քայլեր իրականացնել քվեարկությունների օրինականությունը վերահսկող մեխանիզմների կիրառման ուղղությամբ: Դրանց շուրջ ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի «ժառանգությունից», հայտարարություն են նախաստորագրել, որին ավելի ուշ միացել է նաեւ քաղհասարակությունը: Փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը արձագանքեց, թե միասնական աշխատանքը կարևոր արդյունք է տվել, Գալուստ Սահակյանն հորդորեց աշխատել, որ հայտարարությունը ստորագրվի ամբողջությամբ, դառնա փոփոխությունների նախագիծ և բերվի խորհրդարան:

Օրվա ավարտին արդեն ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրեցին ընտրական համակարգի բարեփոխումներ ենթադրող հերթական հայտարարությունը: Դրա հիման վրա կպատրաստվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Ի թիվս այլ փոփոխությունների՝ այն կսահմանի ընտրություն կատարած քաղաքացիների ստորագրացուցակները հրապարակելու հնարավորություն: Ընդդիմության և իշխանության միջև նախորդ համաձայնագիրը ստորագրվել էր հունիս ամսին:

Գլխավոր դատախազի թեկնածուն առողջ է

Քառօրյայի առաջին օրակարգային հարցը ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցն էր: Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Դավթյանը, ում թեկնածությունը դատախազի պաշտոնում առաջարկել է հանրապետության նախագահը, Ազգային ժողովում մի քանի անգամ ստիված էր կրկնել, որ առողջ է և մտադիր է առողջ մնալ, որ իրականացնի իր ծրագրերը: Նրա նախորդը՝ Գևորգ Կոստանյանը հուլիսին պաշտոնից հրաժարական էր ներկայացրել պատճառաբանությամբ, թե առողջական խնդիրներ ունի:

Նախօրեին դատախազի թեկնածուն հանդիպել էր խորհրդարանական խմբակցություններին, ներկայացրել իր տեսլականը, իսկ լիագումար նիստում պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Հնչած հարցուպատասխանից պարզ դարձավ, որ Արթուր Դավթյանը տեղյակ է, որ մարդիկ դժգոհում են արդարության դեֆիցիտից, բայց նրա կարծիքով, այդպիսի տպավորություն է ստացվում հրապարակայնության պակասի պատճառով. ինքը որոշել է առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել դատախազության աշխատանքը:

Արթուր Դավթյանը համոզված է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, իսկ մարտի 1-ի գործով զբաղվելու որևէ առիթ չի ունցել, բայց պատրաստ է այն ուսւմնասիրել, ու եթե լինեն բացահայտումներ, դրանք ներկայացնել հանրությանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները