Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողով

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողով

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանը առաջինն էր վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ու որոշ նախարարներ ամենայն հավանականությամբ առաջին անգամ հանդիպում էին խորհրդարանի դահլիճում: Հարցուպատասխանի ավարտից հետո պատգամավորների նման՝ նրանք էլ «ոտքները կախ էին գցել»՝ դահլիճից դուրս գալուց առաջ վարչապետի ձեռքը սեղմելու համար:

Ազգային ժողով Կարեն Կարապետյանը մտավ լրագրողներից աննկատ, բայց շենքից դուրս գալիս նրանց հարցերից չխուսափեց: Նիստերի դահլիճ նրան ուղեկցեց Գալուստ Սահակյանը, բայց նիստի սկզբում նրան խորհրդարանի կողմից շնորհավորել մոռացավ: Շնորհավորել էր երևի նախապես, մինչև դահլիճ գալը, անձամբ:

Թեպետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հանրապետության նախագահը ներկայացրեց ՀՀԿ-ի խորհրդի նիստում, և նա համարվում է ՀՀԿ-ի թեկնածուն, նա հանրապետական չէ: Նրան այս պաշտոնում նախորդած 6 վարչապետները եղել են ՀՀԿ-ականներ, 7-րդը անկուսակցական էր՝ Արմեն Դարբինյանը:

Կախարդական փայտիկ չունի, բայց վճռական է

ԱԺ կանոնակարգով սահմանված այս հարցուպատասխանին Կարեն Կարապետյանը մասնակցեց նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի ձևավորած «հին» կառավարության հետ միասին: Նոր կառավարություն նա դեռ չի ձևավորել, ծրագիր դեռ չի ներկայացրել: Պատգամավորներին ու լրագրողներին տված վարչապետի պատասխաններից պարզվեց, որ արդեն գիտի, թե նախարարներից ովքեր են հրաժեշտ տալու պաշտոններին. անուններ չասաց, և գիտի նաև, թե ովքեր են շարունակելու պաշտոնավարել՝ նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են, անկախ կուսակցական պատկանելիությունից:

Խորհրդարանի հետ Կարեն Կարապետյանը խոստացավ լինել բաց ու անկեղծ: Նախ հայտարարեց, որ արագ փոփոխություններ չեն լինելու, «կախարդական փայտիկ չունի»: Հետո ավելի անկեղծացավ՝ տնտեսությունը «ծանր, չափազանց ծանր վիճակում է»: Ինքը, մտահոգված այդ վիճակով, եկել է այն փոխելու, բայց փոփոխությունները միանգամից չեն լինի ու չեն երևա: Նախ հստակեցնելու են, թե որ ուղղություններով են փոփոխությունները արվելու: «Վճռականորեն պայքարելու ենք ստվերի դեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նրա գնահատմամբ՝ առանց այդ պայքարի՝ Հայաստանի տնտեսությունը զարգանալու և վերարտադրվելու հնաարվորություն չունի: Կտա՞ պայքարը արդյունք՝ վարաչպետը պատասխան դեռ չուներ: Ասաց՝ կտեսնենք:

Ծրագրին սպասելիս

Նախորդ կառավարության կիսատ մնացած ծրագիրը, վարչապետն ասաց՝ «կօգտագործենք»: Ենթադրվում է, որ հին ծրագիրը կօգտագործվի մասամբ. նոր վարչապետն ու կառավարությունը իրավիճակ փոխելու խնդիր ունեն, ավելին՝ նախագահը Կարեն Կարապետյանին անվանել է նոր փոփոխությունների սիմվոլը Հայաստանում, և փոփոխությունները վարչապետը կսկսի ծրագրից: Այս անգամ այդ ծրագիրը լինելու է ոչ թե միակուսակցական կառավարության, այլ իշխող կոալիցիայի ծրագիրը:

Համաձայն Սահմանադրության՝ նոր ծրագիրը Ազգային ժողովին կներկայացվի կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում: Կառավարությունը ձևավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20 օրյա ժամկետում: Ենթադրվում է, որ կառավարությունը կձևավորվի և ծրագրիը կներկայացվի ավելի շուտ, մինչև այս ժամկետների ավարտը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները