Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի երրորդ անգամ

Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի երրորդ անգամ

Խորհրդարանական հինգ խմբակցությունները` ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և ՕԵԿ, սեպտեմբերի 10-ին նախաստորագրեցին, իսկ 13-ին ստորագրեցին «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարությունը: Քաղաքացիական հասարակությունը փաստաթուղթը չի ստորագրել, բայց հասարակական մի քանի կազմակերպություններ, որոնք մասնակցել են գործընթացի սկզբնական փուլին ( «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորում), կարևոր ու դրական են գնահատել ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը:

Սա Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քաղաքական ուժերի ստորագրած երկրորդ փաստաթուղթն է: Խորհրդարանական նույն ուժերը հունիսին համաձայնագիր ստորագրեցին, որի հիման վրա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին: Դրանք, սակայն, երկու ամիս անց չեղյալ համարվեցին ֆինանսավորման բացակայության պատճառաբանությամբ:

Ընդդիմության գլխավոր պահանջն ընդունված է

Նոր համաձայնագրով ամրագրված դրույթները փոփոխություններ են նախատեսում ոչ միայն Ընտրական, այլ նաև Քրեական, Վարչական օրենսգրքերում և մի շարք այլ օրենքներում:

Իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված հիմնական համաձայնությունը վերաբերում է ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը: Ավելի քան մեկ տասնամյակ սա ընդդիմության գլխավոր պահանջն էր, որը մերժվում էր իշխանությունների կողմից: Պահանջը կտրուկ մերժվեց նաև մայիսին, երբ քննարկվում էին ԸՕ առաջին փոփոխությունները: Օգոստոսին, սակայն, իշխանությունն ինքն է ընդդիմությանն առաջարկել քննարկում սկսել այդ հարցի շուրջ:

Ըստ համաձայնության` ստորագրված ցուցակները ոչ միայն կհրապարակվեն, այլ նաև կսկանավորվեն ու կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Նախատեսվում է նաև վերականգնել գրանցամատյաններում ընտրողների ստորագրման պայմանը, որը հանվել էր էլեկտրոնային գրանցման ներդրման պատճառով:

Նոր հանցակազմ և պատժի խստացում

Համաձայնագիրն ամրագրում է, որ բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանման սարքեր տեղադրվեն և ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը: Նախատեսվում է նաև խստացնել ընտրախախտումների համար կիրառվող պատժամիջոցները: Օրինակ, առաջարկվում է Քրեական օրենսգրքում ավելացնել նոր հանցակազմ` «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը»: Առաջարկվում է նաև 1-2 տարով ավելացնել ընտրական որոշ հանցագործությունների համար սահմանված ազատազրկման ժամկետը: Պատժի խստացում է նախատեսվում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ հայտարարություն օգտագործելու համար:

Իշխանությունը զիջե՞ց ընդդիմությանը, թե՞ կարևորեց հանրային վստահությունը

«Գործող իշխանությունն ընդունեց ընդդիմության պահանջը՝ հրապարակելու ընտրություններին մասնակցած անձանց ընտրացուցակները, ինչն ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացը»,- parliamentmonitoring.am կայքի հետ զրույցում ասաց ընդդիմության թիմից իշխանության հետ գլխավոր բանակցող Լ.Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ 2003 թվականից ի վեր հանրությունը, ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը պահանջում են ստորագրված ցուցակների հրապարակում: «Իշխանությունները կատաղի կերպով միշտ ընդդիմացել են հրապարակմանը, որովհետև կես միլիոնի ընտրակեղծիքները կապված են հենց դրա հետ»,- նշեց Զուրաբյանը: Նրա գնահատմամբ, սակայն, ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն վերացնում ընտրակեղծիքների հնարավորությունը: Դրանք կարող են ընտրակեղծիքները նվազեցնել ընտրատեղամասերում: Ընտրատեղամասերից դուրս, ըստ Զուրաբյանի, իշխանությունները կարող են ընտրողների վրա ազդել վարչական լծակներով, սպառնալիքով և կաշառքով, ինչի դեմ ընդդիմությունն անզոր է պայքարել:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասում է, որ իշխանությունները թեև սկզբունքորեն դեմ են եղել ընդդիմության գլխավոր՝ ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջին, բայց գնացել են այդ քայլին ընտրությունների նկատմամբ ընդդիմության, քաղհասարակության ու հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով: «Ձեռք բերված համաձայնությունները դրական ազդեցություն կունենան ընտրական գործընթացների ու հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների վրա: Առաջիկա ընտրությունները բավական կարևոր են ու մեր գործողությունների նկատմամբ առավել բարձր պատասխանատվություն են պահանջում»,- եզրափակեց Հ.Սահակյանը:

Ըստ մինչ այժմ հնչած հայտարարությունների` փոփոխությունների համար անհրաժեշտ 9 մլն դոլարն արդեն ապահովված է միջազգային կառույցների կողմից: Իսկ նոր համաձայնության հիման վրա մշակված նախագիծն ամենայն հավանականությամբ կքննարկվի Ազգային ժողովի 3-6-ի քառօրյայի ընթացքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները