Նոր ԿԸՀ` հին կազմով

Սեպտեմբերի 15-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և վեց անդամների թեկնածությունների առաջադրման համար նախատեսված ժամկետը: Թե հանձնաժողովի նախագահի, թե անդամների համար առաջադրվել է մեկական թեկնածու: Ավելին` ԿԸՀ նոր կազմի առաջարկվել է հին կազմի թեկնածությունը ` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան և ԿԸՀ անդամներ Արմեն Սմբատյան, Լաուրա Գալստյան, Գևորգ Մարտիրոսյան, Նունե Հովհաննիսյան, Սիլվա Մարկոսյան և Սեյրան Շահսուվարյան: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրելու խորհրդարանի քննարկմանն առաջարկվող թեկնածուների ցանկը հաստատելու համար:
Ըստ փոփոխված Սահմանադրության` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը: Նոր կարգի համաձայն` հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների թեկնածուներին այսուհետ առաջարկելու է ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը, իսկ նրանց ընտրելու են պատգամավորները ` փակ գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդով: Նախկինում ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուներին առաջադրում էին ՄԻ պաշտպանը, փաստաբանների պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, նրանց նշանակում էր հանրապետության նախաագահը:
Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել
Պետաիրավական հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ԿԸՀ-ի նախագահի ու անդամների թեկնածուներ չեն առաջադրել: ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, Տիգրան Ուրիխանյանը և ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը ձեռնպահ են մնացել նման նախաձեռնությամբ հանդես գալուց:
Բացը լրացրել են հանձնաժողովի հանրապետական ու դաշնակցական պատգամավորները: ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, Վահրամ Մկրտչյանը, Լևոն Մարտիրոսյանը, Հայկ և Հրանտ Գրիգորյանները ու ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը միասին առաջադրել են ԿԸՀ գործող նախագահի ու անդամների թեկնածությունները:
Ընտրակեղծարարնե՞ր, թե՞ պրոֆեսիոնալներ
ՕԵԿ-ից Հ.Մարգարյանը ստորագրել է հանձնաժողովների վեց անդամների առաջադրման փաստաթղթի տակ, բայց չի միացել Տ.Մուկուչյանի առաջադրմանը: Պատգամավորն իր մոտեցումը բացատրում է այդ պաշտոնյաների մասնագիտական հմտություններով: «Նախընտրել եմ ԿԸՀ գործող անդամներին: Ավելի լավ է պրոֆեսիոնալները մնան, քան բոլորին ՀՀԿ-ն նշանակի»,- ասում է պատգամավորը:
Դիտարկմանը, թե հենց ՀՀԿ-ի ներկայացմամբ են այդ պաշտոնյաներն առաջադրվել ու հարցին , թե ինչու հանձնաժողովի ընդդիմադիր անդամներով չեն փորձել այլընտրանքային թեկնածուներ առաջադրել, Հ.Մարգարյանը հակիրճ պատասխանեց. «Նման հարց չի էլ քննարկվել: Ես բացատրեցի, թե ինչու եմ ստորագրել»:
«Առաջադրված են ցուցակով, ով ում ուզում է, թող ընտրի, ով էլ չի ուզում, թող չընտրի, ինչ պատմություն եք սարքել»,- հարցից բարկացավ Լյովա Խաչատրյանը:
Նաև նշեց, որ ստորագրել է միայն Լաուրա Գալստյանի առաջադրման փաստաթղթի տակ: « Լաուրա Գալստյանին ես հավատում ու վստահում եմ, քանի որ իմ ընտրությունների ժամանակ նա օգնել է ինձ: Ցանկի մեջ նրա անունը կար, այդ պատճառով էլ միացա: Այլ բան ինձ չի հետաքրքրում, ոչ էլ մեր հնարավորությունների սահմանում է»,- ասաց պատգամավորը:
Ստացվում է, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները պաշտպանում են այն թեկնածուներին, որոնց քննադատել են ընտրությունների ժամանակ ու մեղադրել ընտրակեղծիքները կոծկելու մեջ : «Պատգամավորները թող չքվեարկեն, թող չընտրեն նրանց ու նոր թեկնածուներ առաջադրեն»,- ասում է Լ.Խաչատրյանը:
Խմբակցություններն, ըստ մեր զրուցակիցների, դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու այս թեկնածուների ընտրության ժամանակ:
Նշենք նաև, որ Գ.Ջհանգիրյանն ու Զ.Փոստանջյանը չեն մասնակցել առաջադրումներին: