Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կախարդական փայտիկի և ոստիկանական մահակի արանքում

Կախարդական փայտիկի և ոստիկանական մահակի արանքում

Կամ Կարեն Կարապետյանը ԱԺ հետ խոստանում է լինել «պարզ, բաց եւ անկեղծ»

Պետք են համակարգային փոփոխություններ, տնտեսության վիճակը չափազանց ծանր է. 10 տարուց ավելի հնչող այս խոսքերն անցած շաբաթ ասաց ոչ թե հերթական ընդդիմադիրը, այլ՝ Հայաստանի 14- րդ վարչապետը։ Թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում՝ Կարեն Կարապետյանը, ինչպես եւ այս խոսքերը 10 տարուց ավելի արտաբերող ընդդիմությունը, չգիտի։ «Մեկուկես օր է նշանակվել եմ եւ նոր եմ ծանոթանում մակրոտնտեսական ցուցանիշերին »,- ԱԺ-ում սեպտեմբերի 14- ին հայտարարեց նորանշանակ վարչապետը։

«Կարեն Կարապետյանը կուսակցական չէ, մաքուր կենսագրություն ունի, կիրթ է, նորարար և լավ վարչարար: Նա տիրապետում է Հայաստանի տնտեսական և բարոյահոգեբանական վիճակին, ունի գաղափարներ ու ցանկություն արագ բարեփոխումներ իրականացնելու: Ահա թե ինչու է ՀՀ նախագահը կանգ է առել նրա ընտրության վրա»,- parliamentmonitoring- ին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։

Սամվել Նիկոյանի բնորոշումներից իրականը երևի մնում է միայն կիրթը։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանը հասել է այն սահմանագծին, որ կիրթ վարչապետ ունենալն արդեն համարվում է ձեռքբերում։ Ինչ վերաբերում է արագ փոփոխություններին՝ ապա Կարեն Կարապետյանը հենց դա է, որ չի խոստանում։ «Վիճակը միանգամից փոխելու համար կախարդական փայտիկ չկա, բայց կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ԱԺ-ում հայտարարեց նորանշանակ վարչապետը։

Արդեն սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում նորանշանակ վարչապետը որոշ հայտարարություններ արեց, որոնք թույլ են տալիս նկատել՝ նա զերծ չի մնա պոպուլիզմից։ «Հայռուսգազարդի» նախկին ղեկավարը գազի և էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման քաղաքականության վերանայման կոչ է անում. «Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»։ Եթե անապահովների համար սակագները պետք է նվազեցվեն ուրիշների հաշվին, բայց այդ ուրիշները չպետք է լինի բիզնեսը, որոնց համար էլ խթանիչ սակագներ պետք է կիրառել, ապա ո՞ւմ հաշվին է նորանշանակ վարչապետը «մաքսիմալ նվազեցնելու» սակագները։

Սակագները Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականն էր, առաջինը՝ ՊԵԿ- ին տվածն էր։ «...առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում»,- հայտարարեց նա կառավարության նիստում։

Մի հետաքրքիր հիշեցում։ Սերժ Սարգսյանն իր նախագահության սկզբում առաջին հանձնարարությունները տվեց հենց մաքսավորներին եւ հարկահավաքներին՝ 2008 թվականի ապրիլի 17-ին եւ 23-ին` հանդիպելով ներկայիս ՊԵԿ-ը կազմող այդ մարմինների ղեկավարների հետ։

«Հանրապետության նախագահը, ամփոփելով խորհրդակցությունը, հարկային ծառայության ղեկավարներից պահանջել է տնտեսվարող բոլոր սուբյեկտների հանդեպ հավասար և արդարացի մոտեցում, վճռական եւ անողոք պայքար կաշառակերության, հովանավորչության երևույթների դեմ: Նրա խոսքով, հանրությանը ներկայացված հավակնոտ ծրագրերի հաջող իրականացումը պայմանավորված է, առաջին հերթին, հարկային մարմինների մրցունակությամբ» (Նախագահի մամուլի ծառայության 23.04.2008 թ, մամուլի հաղորդագրությունից

«Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր և միջին բիզնեսը, որևէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»,- 8 տարի 5 ամիս առաջ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Նորանշանակ վարչապետը սեպտեմբերի 15-ին գուցե իր կամքից անկախ հայտարարեց Հայաստանի կորցրած կամ մսխած ժամանակի մասին։ Իսկ նման պայմաններում Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը կախարդական փայտիկն ուղղակի անհրաժեշտություն է, հակառակ դեպքում՝ խորհրդարանական ընտրություններում իշխանության՝ ՀՀԿ-ի ու նրան աջակից քաղաքական մյուս ուժերի միակ հույսը, ինչպես վերջին 20 տարում, կշարունակեն մնալ քրեական տարրերի մետաղաձողերն ու ոստիկանության մահակները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները