Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մանդատի ու խմբակցության արանքում. ի՞նչ կառաջարկի ԱԺ կանոնակարգ-օրենքը

Մանդատի ու խմբակցության արանքում. ի՞նչ կառաջարկի ԱԺ կանոնակարգ-օրենքը

5-րդ գումարման Ազգային ժողովի 6 խմբակցություններից 4-ում՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», տարբեր տարիներին և տարբեր իրավիճակներում ներխմբակցային տարաձայնություններ են եղել, որոնց արդյունքում որոշ պատգամավորներ հեռացել են այս քաղաքական ուժերից՝ օրենքի պարտադրանքով շարունակելով անդամակցել խմբակցությանը: Տարաձայնությունները արտահայտվել են քվեարկությունների ժամանակ, ու պատահական չէ, որ խորհրդարանական վերջին քառօրյայում խմբակցության անկուսակցական պատգամավորների ու նրանց՝ խմբակցությունից տարբերվող քվեարկությունների մասին խոսեց հենց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայտարարելով, թե ԲՀԿ-ն չի մասնակցելու Գլխավոր դատախազի ընտրությանը, Զոհրաբյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է խմբակցության կուսակցական պատգամավորներին»: Նրանց էլ, ովքեր կուսակցական չեն, կամ, որ ենթադրելի է՝ կուսակցական են, բայց ոչ ԲՀԿ-ական և «չեն կիսում խմբակցության դիրքորոշումը» , խմբակցության ղեկավարը լսեցրեց, որ կարող են զրկվել մանդատից. «Քանի որ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքը, մենք առաջարկել ենք, որ այն պատգամավորները, ովքեր չեն կիսում խմբակցության դիրքորոշումը և ազատ են իրենց դիրքորոշումներում, ընդհանրապես վայր դնեն պատգամավորական մանդատը»:

Մի տնով չեն, մի հալով են

ԲՀԿ-ի՝ 33 հոգանոց խմբակցությունում այդպիսի 13 պատգամավոր կա. 2-ը, այլ կուսակցություններից են՝ ՄԱԿ և «Հզոր հայրենիք»: 11-ը ԲՀԿ-ից հեռացան 2015թ-ին փետրվարյան դեպքերից հետո(դրանից հետո Տիգրան Ուրիխանյանը ստեղծեց «Ալյանս», Օսկանյանը՝ «Համախմբում» կուսակցությունները): Այսինքն, եթե Զոհրաբյանի առաջարկությունը ԱԺ նոր կանոնակարգի հեղինակները ընդունեն, և մինչև ԱԺ 5-րդ գումարման ավարտը այն կիրառվի, ԲՀԿ խմբակցության անդամների թիվը կդառնա 20: Հեռացողներ կլինեն նաև մյուս խմբակցություններից:

ՀԱԿ-ում, ընդունվելու դեպքում, Նաիրա Զոհրաբյանի առաջարկությունը կսպառնա խմբակցության 7 անդամից 3-ին՝ Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին, Լյուդմիլա Սարգսյանին(թեպետ ՀԱԿ-ի պարագայում խնդիրը այլ նրբերանգներ ունի. նրանք պատգամավոր են դարձել դաշինքի ցուցակով):

«Ժառանգությունում» կմնա միայն մեկ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության դե յուրե անդամներից Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը դե ֆակտո ոչ մի առնչություն չունեն խմբակցության միակ կուսակցական անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:

ՕԵԿ-ում մանդատից զրկվելու հեռանկարը այս պահին չի սպառնում ոչ մեկին. խմբակցության միակ այլախոհը՝ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթոյանը դուրս է եկել դեռ 2014-ին, երբ հայտարարվեց ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր լինելու մասին: ՕԵԿ-ը, սակայն, դեռևս նախորդ գումարումներում է հասկացել խմբակցությունից դե ֆակտո հեռացածներին դե յուրե հեռացնելու և առանց մանդատ թողնելու անհրաժեշտությունը: 2006-ին, երբ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, մոտ մեկ տասնյակ ՕԵԿ-ականներ հրաժարվեցին ՕԵԿ-ից: Սա դարձավ առիթ, որ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը 2009թ-ին դիմի ՍԴ՝ առաջարկելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի 12—րդ հոդվածը՝ պատգամավորի լիազորությունները դադարելու մասին: Նրա կարծիքով՝ համամասնական ցուցակով ընտրվելուց հետո խմբակցությունից դուրս գալը ևս պետք է համարվեր լիազորությունների դադարման հիմք: ՍԴ-ն, սակայն, որոշեց, որ նշված հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:  

Հին խնդիրը նոր օրենքում   

Նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է խմբակցություններին, հանձնաժողովներին: Մինչև սեպտեմբերի վերջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նախատեսում է նախագիծը ուղարկել կառավարություն, հետո դնել շրջանառության մեջ: Զոհրաբյանի առաջարկությունը այս նախագծում հազիվ թե ընդգրկվի՝ հակասահմանադրական լինելու պատճառաբանությամբ: Ավելին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մամուլին տեղեկացրել է, որ նախագծում, հնարավոր է, հստակ ամրագրվի «հակընդդեմ» մի դրույթ, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ՝ պահելով մանդատը: Նրա խոսքով՝ նոր կանոնակարգում հատուկ ուշադրություն է դարձվելու խմբակցությունից դուրս գալու, նոր խմբակցություն մտնել-չմտնելու իրավունքներին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները