Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր Սահմանադրությամբ և հին կազմով

Նոր Սահմանադրությամբ և հին կազմով

«Կարեւոր չէ՝ ինչպես են քվեարկել, կարեւոր է՝ ինչպես են հաշվել»,- 1934 թվականին ՀամԿ(Բ)Կ 17-րդ համագումարում քվեարկությանն առնչվող խնդիրների հետ կապված հայտարարել էր խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Այդ համագումարում նա ոչ միայն ընտրվեց կուսակցության գլխավոր քարտուղար, այլ այդ համագումարից սկսած ձեւավորեց խորհրդային կայսրությունը՝ իր բացարձակ եւ արյունոտ բռնապետական իշխանությունը հաստատելով աշխարհի 1/6 մասի վրա։ Դրանից հետո խորհրդային երկրում, ապա նաեւ հետխորհրդային պետությունների մեծ մասում արդեն կարեւոր չէր, թե ինչպես են քվեարկում, այլ՝ ինչպես են հաշվում։

Հայաստանի 2015 թվականի վիճարկելի հանրաքվեից հետո ընդունված Սահմանադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մի ամբողջ գլուխ է նվիրված, սահմանված է, որ ԿԸՀ- ն «ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»։ Իսկ հանձնաժողովի անդամների թեկնածությունն առաջարկում է ԱԺ իրավասու հանձնաժողովը։ Եվ ահա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել է նոր ԿԸՀ կազմը՝ նախկին ԿԸՀ անդամներից։

Թեկնածուներին առաջարկել են հանձնաժողովի ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները, ընդդիմադիրները դրան չեն մասնակցել՝ հասկանալով, որ այս նոր հին ԿԸՀ-ն ընտրելու համար ՀՀԿ-ՀՅԴ ձայները բավարար են եւ այստեղ իրենք անելիք չունեն։ Ուշագրավն այն է, որ պետաիրավականի ՕԵԿ եւ ԲՀԿ անդամները ստորագրել են առաջադրման փաստաթղթի տակ։ «Նախընտրել եմ ԿԸՀ գործող անդամներին: Ավելի լավ է պրոֆեսիոնալները մնան, քան բոլորին ՀՀԿ-ն նշանակի»,- parliamentmonitoring- ին իր քայլն այսպես է բացատրել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը։

Եվ այսպես՝ ԿԸՀ նոր կազմը նույն հին անդամներն են, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալներ են։ Մնում է միայն հարցնել՝ եթե պրոֆեսիոնալներ են, ապա ինչու նրանց կազմակերպած բոլոր ընտրությունների լեգիտիմությունը մնում է հարցականի տակ։

Ասում են՝ իշխանությունն Աստծուց է։ Մեր նախնիները նաեւ ասում էին՝ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»։ Այսինքն՝ ընտրություններով ձեւավորված իշխանությունն Աստծուց է։

Ըստ երեւույթին սա նկատի ունենալով՝ միջնադարյան գերմանացի աստվածաբաններից մեկը նշել էր ընտրությունների մասին՝ մի կեղծեք, քանի որ կբացեք դժոխքի դռները, որը չի կարող գոցել անգամ Աստծո անեծքը։ Նորանկախ Հայաստանում ընտրական հանձնաժողովներն ըստ էության դժոխքի դարպասների պահապաններն են, որոնք չեն թույլ տալիս, որ մեր երկրի առաջ փակվեն դժոխքի դռները։ Սա, եթե հավատում եք Աստծո գոյությանը։

Եթե չեք հավատում, ապա հիշեք Ստալինին, որի ժառանգությունը փայփայում են նախկին խորհրդային հանրապետություններում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները