Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գ. Ջհանգիրյան. Կառավարությունը համաներում է մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացումը

Գ. Ջհանգիրյան. Կառավարությունը համաներում է  մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացումը

Ազգային Ժողովը սեպտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն նախագծերի փաթեթներից մեկը, որը կարգավորում է բարձրաստիճան պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերի համակարգը: Պատասխանատվություն է սահմանվում հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելու, դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում կառավարությունը խոստանում է ներկայացնել նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ: Այս նախաձեռնությունների մասին զրուցել ենք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Քրեական, Քրեադատավարական օրենսգրքերում և մի քանի այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծեր: Սա հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում գործադիրի խոստացած օրենսդրական առաջին փաթեթն է: Ձեր կարծիքով այս նախաձեռնությունը կկասեցնի՞ ՀՀ պաշտոնյանների կողմից իրենց հայտարարագրերում ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու ավանդույթը:

- Հայաստանում ավելի քան տասներկու տարի պաշտոնատար անձինք գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում: Սկզբում դրանք ներկայացվում էին հարկային մարմիններին, հետո արդեն` Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին: Բայց այդ տարիներին ներկայացված հայտարարագրերը և դրանցում երբեմն առկա եկամուտների, ունեցվածքի, գույքի և իրականության միջև առկա ծայրահեղ անհամապատասխանությունները որևէ պրոցեսուալ շարունակություն չեն ունեցել: Ես, այդ տարիներին աշխատելով իրավապահ մարմիններում, ունենալով որոշակի տեղեկատվություն, որևէ դեպք չգիտեմ, երբ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու, հայտարարագրածի և իրական ունեցվածքի միջև առկա հակասությունների հետևանքով պատասխանատվություն իրականացվի:

- Հիմա իշխանությունը կարծես թե ցանկանում է այդ անհամապատասխանությունները գտնելու մեխանիզմներ սահմանել, դրա համար պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:

- Իհարկե, առաջին անգամ է, որ հայտարարագրեր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվություն են սահմանում, բայց դա խնդիրը չի լուծում: Խնդիրն ապօրինի հարստացումն է: Եթե պաշտոնատար անձինք իրենց գործունեության ընթացքում տեր են դառնում միլիոնավոր դրամների, և նրանց նկատմամբ որևէ քրեական հետապնդում հարուցված չի լինում, նրանք չեն դատապարտվում, ուրեմն ամեն ինչ ավարտվում է: Ես նախաձեռնությունը հարցի լուծում կդիտարկեմ, եթե ապօրինի հարստացման համար նման պատասխանատվություն նախատեսվի:

- Կառավարությունը խոստանում է այս օրինագծի ընդունումից հետո որպես հաջորդ քայլ ներկայացնել նաև ապօրինի հարստացման քրեականցում նախատեսող նախագիծը:

- Շատ լավ: Կան քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքներ՝ հետադարձ ուժի խնդիրը: Այդ օրենքը չի կարող տարածվել մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացման դեպքերի վրա և, բնականաբար, տասնյակ դեպքերի համար որևէ հետևանք չի կարող ունենալ: Կհիշեք այդ հայտարարագրերի վերաբերյալ կառավարությանը, դատախազությանն ուղղված մեր հաղորդումները: Մեզ ասում էին` ճիշտ է, հայտարարագրածի և իրականության միջև անհամապատասխանություն կա, բայց քրեական հանցակազմի որևէ տարր չեք նշում: Ելնելով հենց այդ իրավիճակից՝ 2015թ. ապրիլին «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացրեցինք, որով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին «պարտադրում» էինք էական անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում որոշակի քայլեր ձեռնարկել: Կառավարությունը մերժեց նախագիծը: Վստահ չեմ, որ այդ երկրորդը շատ արագ կբերեն, բայց եթե անգամ շատ արագ ներկայացնեն, դա դեռևս չի նշանակում, որ ապօրինի հարստացման մասին քրեական պատասխանատվության նախագծով ճչացող ապօրինություններին ընթացք կտրվի, քանի որ դա տարածվելու է օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված դեպքերի վրա:

- Կարծո՞ւմ եք, որ օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա և պետք է պատասխանատվության սահմանվի նաև մինչ դրա ընդունումն արձանագրված դեպքերի համար:

- Կարելի է ասել, չհրապարակված հրահանգ կա` նախկին երևույթներին չանդրադառնալ, սպասել այս օրինագծերի ընդունմանը, որոնք նոր հանցակազմ են սահմանելու: Դրանք կիրառվելու են օրենքների՝ ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված դեպքերի վրա: Այդ պատճառով էլ ես այս նախաձեռնությունը մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացման համաներում եմ համարում:

- Չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ առաջընթաց է, եթե իշխանությունները որոշել են գոնե այսուհետ ապօրինի հարստացման դեպքերը քրեականացնել:

- Իհարկե , դրանից հետո պետական պաշտոնյաները շատ ավելի զգույշ կլինեն, ամեն գույք հայտարարագրելիս կամ իրենց անունով ձևակերպելիս՝ կմտածեն, թե արդյոք ավելի ճիշտ չի լինի այն ձևակերպել մեկ այլ ազգականի անունով:

- Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ «զոքանչների» ինստիտուտի բացահայտման համար էլ մեխանիզմներ ու պատիժներ կսահմանվեն:

- Հուսանք:

- Ձեր կարծիքով ի՞նչ պետք է արվի, որ վստահ լինենք, թե այսուհետ պաշտոնյաները կհայտարարագրեն իրենց ողջ ունեցվածքը կամ կպատժվեն, եթե փորձեն ապօրինի հարստանալու քայլեր անել:

- Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, գողացածը պետք է հետ վերադարձվի: Միայն ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքով այդ խնդիրը չի լուծվելու: Եթե մենք ավելի քան տասը տարի հաշվառել ենք այդ եկամուտները, որևէ մեկին քրեական պատասխանատվության չենք կանչել անհամապատասխանության համար և հիմա նոր օրենք ենք ընդունում, հետևաբար նախորդ արարքների համար համաներում է տեղի ունենում: Խնդիրն այլ դաշտում պետք է լուծվի՝ պետական պաշտոնյաները պետք է հավասար լինեն: Քաղաքացին մեկի տնից մի հավ է գողանում, դատում են: Այդպես էլ եթե պաշտոնյան մտել է պետության գրպանը, պիտի շարքային քաղաքացու նման պատասխանատվություն կրի, պիտի հետ վերադարձնի գողացածը:

Քվեարկության պատմություն

Ջհանգիրյան Գագիկ Վրեժի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ջհանգիրյան Գագիկ «Հայ ազգային կոնգրես» 393 154 196 73 148 84 61
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները