Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մուկուչյանը Նոբելյան մրցանակի չի հավակնում

Մուկուչյանը Նոբելյան մրցանակի չի հավակնում

Խորհրդարանը ԿԸՀ է ընտրում

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողով էր եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ողջ կազմով՝ ընտրվելու: Փոփոխված Սահմանադրությամբ Ազգային ժողովին է վերապահվում ԿԸՀ-ի ձևավորման ողջ գործընթացը. իրավասու, այս դեպքում՝ պետաիրավական հանձնաժողովը առաջադրում է ԿԸՀ անդամների թեկնածուներ,նաև՝ ԿԸՀ նախագահի թեկնածու, Ազգային ժողովը ընտրում է փակ, գաղտնի քվեարկությամբ: Պետաիրավական հանձնաժողովը առաջադրել էր 7 թեկնածու, 7-ն էլ գործող ԿԸՀ-ի անդամները: Օրիգինալություն չէր դրսևորել նաև ԿԸՀ-ի նախագահի թեկնածուի հարցում՝ որպես թեկնածու առաջադրելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Հանձնաժողովում առաջադրումների ընթացքին չէին մասնակցել ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները:

Նոր հանձնաժողով՝ հին փորձով

Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ-ն ղեկավարում է 2011 թվականից: 2 համապետական ընտրություն և սահմանադրական հանրաքվե է անցկացրել: Նրա աշխատանքային կենսագրության այս հատվածը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, թույլ չի տա, որ Մուկուչյանն ու նոր ԿԸՀ-ն գործեն նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան ու բավարարեն նաև այն կետերին, որոնց շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը ձեռք են բերել քաղաքական համաձայնություն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն ընտրախախտումներ է պարտակել ու չունի հանրային վստահություն: Մուկուչյանը այս կարծիքը չէր կիսում՝ պնդելով, որ ԿԸՀ-ի հեղինակությունը տարիների ընթացքում բարձրացել է՝ շնորհիվ իրենց բաց ու թափանցիկ աշխատաոճի: Ասաց՝ առաջիկայում էլ կշարունակեն աշխատել այս նույն ոճով, իսկ «որևէ հանցագործություն ԿԸՀ-ն երբեք չի պարտակել»:

Արամ Մանուկյանի գնահատմամբ էլ՝ ԿԸՀ-ն դուրս է մնացել ընտրական գործընթացներից՝ դառնալով ընդամենը իշխանության կցորդը: «Հանրաքվեի խախտումների վերաբերյալ 170 գործ ենք ներկայացրել: Գոնե 1-ը առանձնացնեիք, աղմուկ բարձրացնեիք, քաղաքական քննարկման առարկա դարձնեիք, որ հանրությունը մտածի, թե Մուկուչյանը հետևողական է»: Մանուկյանի բնորոշմամբ՝ հանրությունը ԿԸՀ-ին հենց այդպես էլ ընդունում է՝ «Մուկուչյանի հանձնաժողով»:

ԿԸՀ հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ առիթ ունեցավ հավաստիացնելու, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում,կուսակցական որևէ կողմնակալություն հանդես չեն բերում և գործում են բացառապես օրենսդրությամբ: «Ինքներդ ասացիք, որ ամեն ինչ հանձնաժողովներից դուրս է կատարվում, հետևաբար, որևէ հանձնաժողով չի զբաղվի գործերով, որոնք իր իրավասությունից դուրս են, դիմեք համապատասխան մարմիններին»,-ասաց Մուկուչյանը:

Մուկուչյանը Նոբելյան մրցանակի չի հավակնում

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները խորհրդարանի քննարկման ընթացքում չշրջանցվեցին: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին բարկացրել էր ԿԸՀ նախագահի հաշվարկը, թե Գյումրիի ավագանիում «Բալասանյան դաշինքը» կունենա 17, ԲՀԿ-ն՝ 8, «Գալան» և «Հայկական վերածնունդը»՝ 4-ական մանդատ: «Ձեր այս հաշվարկով Դուք կարող եք Նոբելյան մրցանակի հավակնել: Դիմեք Նոբելյան մրցանակի կոմիտե, թող Ձեզ համար մաթեմատիկայի ոլորտում մրցանակ սահմանեն»,-ասաց պատգամավորը: «Նոբելյան մրցանակի չեմ հավակնում,-ասաց Մուկուչյանը,-Հաշվարկը կատարվել է նախնական արդյունքների հիման վրա, վերջնականը կամփոփվի քվեարկությունից 7 օր անց: Ոչ մեկին դեռ մանդատ չի տրվել, ընդամենը հաշվարկ է արվել»:

Փոփոխված Սահմանադրության պահանջով` ԿԸՀ անդամներին ու նախագահին պետք է պետք է ընտրեն պատգամավորները` փակ գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ձայների 3/5-ով: Հանձնաժողվովը պետք է ձևավորվի մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները