Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Է'լ ավելի արդյունավետ կառավարում

Է'լ ավելի արդյունավետ կառավարում

Հայաստանի վարչապետերը սիրում են իրենց գործունեությունն սկսել կառավարության կառուցվածքի փոփոխությունից։ 1995 թվականի Սահմանադրությամբ՝ «կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով»: Ու հրամանագրով միշտ ներկայացվում էր կառավարության նոր կազմը՝ նոր կառուցվածքով։ 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ժամանակ մեզ համոզում էին, որ կառավարության կազմը պետք է հաստատվի օրենքով, որպեսզի արագ փոփոխություններ չլինեն։ Նույն այս տրամաբանությամբ նույն իրավաբանները նույն այս փոփոխությունը պահպանեցին նաեւ 2015- ի Սահմանադրության մեջ։ Սակայն մի բան է ասելը, մեկ այլ՝ անելը։

Այս գումարման Ազգային ժողովն արդեն հասցրել է 2008 թվականին ընդունված «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում չորս փոփոխություն անել։ 2013-ի հունիսի 13-ի փոփոխությամբ, որով ստեղծվում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ակնկալվում էր «հանրային կառավարման արդյունավետության բարձրացում»։

Մյուս փոփոխությունը, 2014 թվականի նոյեմբերի 17-ին կատարված, որով միացվում էին տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները և ստեղծվում էր մեկ նոր գերատեսչություն՝ տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն, կրկին արվում էր «էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ» ապահովելու նպատակով։ Սա նպատակներից մեկն էր։ Կառավարությունը հիմնավորման մեջ չէր գրի, որ հատուկ ՕԵԿ- ի համար ստեղծված ԱԻՆը ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո նույն կարգավիճակը չի կարող ունենալ։ Արդեն 2016-ի փետրվարին կատարված հերթական փոփոխությամբ՝ ԱԻՆ-ն արդեն անջատվում էր, քանի որ այս անգամ էլ կարևոր էր հաշվի առնել կոալիցիա մուտք գործող դաշնակցության ճաշակը՝ կառավարման է'լ ավելի արդյունավետություն ապահովելու համար։

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց կառուցվածքի ավելի մեծ փոփոխությունների՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանելով տնտեսական զարգացման և ներդրումների, իսկ էներգետիկայի և բնական պաշարներինը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների։

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը (հատված կառավարության մամուլի հաղորդագրությունից): Այս անգամ մեջբերումը ոչ թե պատգամավորների, այլ գործարարի խոսքից էր։ Եթե հայ գործարարները կարծում են, որ Հայաստանի տնտեսության խնդիրը նախարարությունների սխալ անվանումների մեջ է, ուրեմն Կարեն Կարապետյանը լուրջ, շատ լուրջ խնդիր ունի՝ մեր երկրի տնտեսությունը առողջացնելու հարցում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները