Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հարկային օրենսգիրքն ընդունվեց մինչև կառավարության ծրագրի հաստատումը

Հարկային օրենսգիրքն ընդունվեց մինչև կառավարության ծրագրի հաստատումը

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը ձայների 79 կողմ, 19 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեռևս գարնանային նստաշրջանի ընթացքում` նախապայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում խնդրահարույց կետերը կքննարկվեն: Այդ նպատակով խորհրդարանում աշխատանքային խումբ էր ստեղծվել: Երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացված նախագիծը նախնական տարբերակից էականորեն տարբերվում էր:

Հարկային նոր օրենսգրքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է հարկային հարաբերությունները կարգավորող մեկ միասնական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնավորման մեջ գործադիրն անկեղծորեն խոստովանում է, որ հարկային օրենսդրությունը վերջին 10-15 տարիների ընթացքում հաճախակի փոփոխվել է, այդ փոփոխությունները, սակայն, կատարվել են «ոչ թե նախապես մշակված և տնտեսության երկարաժամկետ զարգացմանն ուղղված ռազմավարության ներքո, այլ ընդամենը ուղղված են եղել կարճաժամկետ և տեղային խնդիրների լուծմանը»: Կառավարությունն ակնկալում է, որ նոր օրենսգիրքը լինելու է երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված, կայուն փաստաթուղթ, որը չի ենթարկվելու հաճախակի փոփոխությունների:

Հարկային դրույքաչափերի վերանայում

Հարկային նոր օրենսգրքով փոխվում են հիմնական հարկատեսակների դրույքաչափերը, վերանայվում է շրջանառության հարկի նվազագույն շեմը: Ընդ որում` նախագծի առաջին տարբերակն ավելի խիստ դրույքաչափեր էր նախատեսում: Լրամշակված նախագծում սահմանաչափերը որոշակիորեն մեղմվել են: Մասնավորապես, օրենսգրքի նախագծի նախնական տարբերակում շրջանառության հարկի համար սահմանված էր 40 մլն դրամ շեմ, լրամշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված էր մինչև շեմի բարձրացումը:

Վերանայվել են նաև եկամտային հարկի դրույքաչափերը: Գործող օրենսդրությամբ մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառվում է 24,4 տոկոս եկամտահարկի գանձում: Հարկային օրենսգրքի նախնական տարբերակում տոկոսադրույքը իջեցվել էր 23-ի, փոխարենը` 120 հազարից մինչև 1 միլիոն դրամ միջակայքի համար սահմանվել էր 28 % դրույքաչափ , 1 միլիոնը գերազանցող գումարի համար` 33 %:

Հարկային օրենսգրքի լրամշակված տարբերակն առաջարկում է եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերն ու շեմերը. մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում` 23%, 150 հազարից մինչև 2 մլն դրամի դեպքում` 28%, 2 մլն դրամը գերազանցող գումարի դեպքում` 36%: Ըստ նախագծի հեղինակների ` միջին աշխատավարձ ստացողները կունենան եկամտահարկի տնտեսումներ, իսկ բարձր աշխատավարձ ստացողները կվճարեն ավելի շատ եկամտային հարկ, քան այժմ են վճարում:

Հարկային նոր օրենսգիրքն աստիճանական բարձրացում է նախատեսում ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի համար: Բարձրացվում է նաև բենզինի վրա կիրառվող ակցիզային հարկը: Իսկ գազի դեպքում սահմանվում է 15 տոկոս ակցիզային հարկ, ինչը նախկինում չկար: Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար՝ 2017-2020թթ. ընթացքում:

Արտաքին պարտադրանք

Օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավորների մի մասը պնդում էր, որ հարկային օրենսգիրքն ընդունվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով: Այս կազմակերպություններն, ըստ ընդդիմախոսների, Հայաստանին նոր վարկեր տրամադրելու համար իշխանություններից պահանջում են ավելացնել հարկային և մաքսային եկամուտները: Միջազգային կառույցներն, իհարկե, չեն շեշտել, որ խրախուսում են հարկերի բարձրացումը և հավանաբար հիշեցրել են, որ եկամուտներն ավելացնելու երեք ճանապարհ կա՝ տնտեսական աճ, ստվերային տնտեսության կրճատում և հարկային բեռի ավելացում: Իշխանությունն առայժմ հաջողում է հարկային բեռի ավելացման գործում:

Ինչո՞ւ է շտապում կառավարությունը

Հարկային օրենսգրքին կողմ քվեարկեցին կոալիցիոն գործընկերներ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները: ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը» դեմ էին: «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, սակայն խմբակցության որոշ պատգամավորներ կողմ, մի քանիսն էլ դեմ քվեարկեցին: Կառավարությունն, ի դեպ, նախագիծն ԱԺ էր ներկայացրել երրորդ ընթերցումը երկրորդից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու առաջարկով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին անհասկանալի էր արտահերթ ռեժիմով նման կարևոր օրենսգիրքն ԱԺ քննարկման ներկայացնելը, առավել ևս այն դեպքում, երբ խորհրդարանը դեռ ծանոթ չէ նոր կառավարության ծրագրին: «Եկել է նոր վարչապետ, ինչ-որ տեսլականի մասին է խոսել, ուղենիշներ է տվել, ազդակներ ուղարկել և պետք է ծրագիր ներկայացնի ։ Որքանո՞վ է նոր օրենսգիրքը համապատասխանելու նոր ծրագրի փիլիսոփայությանը։ Արդյո՞ք այս հարկային քաղաքականությունը սպասարկելու է իր՝ որպես կառավարության ղեկավարի ծրագրի իրականացմանը, չգիտենք։ Կգար ծրագիրը, կկարդայինք, հետո նոր այս օրենսգիրքը կքննարկեինք»,- ասում է պատգամավորը։

Նույն հարցը մտահոգում է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Հրանտ Բագրատյանը, փոփոխությունների 120 առաջարկություն է ներկայացրել, դրանցից կառավարությունն ընդունել է մի քանիսը: Այդ թվում չի ընդունվել սահմանին ԱԱՀ-ի գանձումը չեղարկելու Բագրատյանի առաջարկը: Պատգամավորը համոզված է, որ նոր օրենսգիրքը չի նպաստելու փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: «Փոքր ու խոշոր բիզնեսի միջև տնտեսական հաշտություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ խոշորը վճարի մի փոքր ավելի, որովհետև նրան պետք է մասշտաբի էֆեկտ: Մենք հասնում ենք հակառակ էֆեկտի>,- հայտարարեց նա:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես վրդովվեց, որ իր 147 առաջարկից միայն 10 տոկոսն է ընդունվել։ «Կա մտահոգություն, որ Հայաստանն իր վարկային պարտավորություններն արդեն մեկուկես տարի հետո չի կարողանալու կատարել: Այս օրենսգիրքն այդ խնդիրը չի լուծելու», - ասաց Մարուքյանը։
«Միջին եկամուտ ստացող աշխատողների հարկային բեռն ավելացնում ենք, այլ խնդիրներ էլ կան, որոնց ձեռքը, ասել եմ, կրակն ենք ընկնելու և օրենքը վերանայելու ենք», - հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Կարծում եմ, որ Հարկային օրենսգիրքը պատրաստ է ընդունման` հնչած քննադատություններին ի պատասխան հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը` հավելելով, որ վերջին ամիսների ընթացքում օրենսգիրքը հանգամանորեն քննարկվել և զգալիորեն բարեփոխվել է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները