Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հակակոռուպցիոն կառույցի ղեկավարումը կտրվի՞ ընդդիմությանը

Հակակոռուպցիոն կառույցի ղեկավարումը կտրվի՞ ընդդիմությանը

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է հակակոռուպցիոն նախագծերի փաթեթներից մեկը, որով փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների, Քրեական, Քրեադատավարական օրենսգրքերում ու մի շարք այլ օրենքներում: Փաթեթը կարգավորում է բարձրաստիճան պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերի ինստիտուտը: Պատասխանատվություն է սահմանվում հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելու, դրանցում ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում կառավարությունը խոստանում է ներկայացնել նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ, անդրադառնալ իրական սեփականատերերի բացահայտման խնդրին, ինչպես նաև` քննարկել անկախ հակակոռուպցիոն կառույց ստեղծելու հարցը : Թեմայի շուրջ զրուցել ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

- Տիկին Հովհաննիսյան, պատգամավորները հարց են բարձրացնում, որ եթե մինչև հիմա տեղի ունեցած ապօրինի հարստացումն այս նախագծերով պատասխանատվության դաշտ չի բերվում, ուրեմն կոռուպցիայի դեմ կառավարության նախաձեռնած պայքարը կիսատ և թերի է:

- Եկեք այս փաթեթի արժեքը չթերագնահատենք այդ հանգամանքով: Օրենքի հետադարձ ուժ չունենալը պայմանավորված է ոչ թե մեր կամքով, այլ ` Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով: Մենք այս փուլում ենք որոշել լուծել այդ խնդիրը, և դրանից նախագծի արժեքը չի նվազում: Այնպես որ` նախագծերը որքան շուտ կյանքի կոչվեն, այնքան լավ:

- Խոսքը ոչ թե նախագծի արժեքը նվազեցնելու, այլ մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացումը օրենքի դաշտ չբերելու կամ, ինչպես պատգամավորներն են նշում, մինչ այժմ տեղի ունեցած ապօրինի հարստացման նկատմամբ համաներում հայտարարելու մասին է:

- Ձևակերպումը իրավաբանորեն կոռեկտ չէ: Քրեական օրենսգրքում կան բազմաթիվ դրույթներ, որոնք պատասխանատվության են նախատեսում այդ հանցակազմերի համար: Ապօրինի հարստացումը կոռուպցիոն հանցակազմերի մեջ հետևանքային բնույթ ունի: Կոռուպցիոն հանցագործությունները կան, և դրանց նկատմամբ համաներում չի հայտարարվում: Խոսքը, սակայն, վերաբերում է նոր հանցակազմերին: Եթե, օրինակ, զրպարտությունը քրեականացվում է, չի նշանակում, թե համացանցում պետք է փնտրել բոլոր զրպարտություններն ու զրպարտողների նկատմամբ քրեական գործեր հարուցել: Որ պահից արարքը քրեականացվում է, այդ պահից օրենքը սկսում է գործել: Կարո՞ղ էինք ավելի վաղ քրեականացնել, կարող էինք: Հիմա՞ ենք քրեականացնում, հիմա կգործի օրենքը: Դա քրեական իրավունքի ստանդարտ սկզբունք է

- Մտահոգություն կա, որ եթե անգամ այդ օրինագծերն ընդունվեն, նախատեսված հանցակազմերի համար պատժամիջոցներ սահմանվեն, միևնույնն է, իշխանությունները դրանք կյանքի կոչելու համար բավարար կամք չեն ցուցաբերի:

- Այդ առումով կարևորում եմ մի շարք ինստիտուցիոնալ քայլերի իրականացումը` օրինագծերով նախատեսվող հանցակազմեր ու դրանց համար սահմանվող պատիժներ, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործիքակազմի ու հաստիքների ավելացում, միանձնյա ղեկավարով մարմնի ստեղծում և այլն: Քաղաքական կամքը դրսևորվում է` այս քայլերը կատարելով, այդ մարմինը ստեղծելով կամ դրան լիազորություններ տալով: Անկախ մարմնի ստեղծումն արդեն քաղաքական կամքի դրսևորում է:

- Ընդդիմությունը տարիներ շարունակ խոսել է այդ մասին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ տանելու համար անհրաժեշտ է, որ նման կառույցի ղեկավարումը վերապահվի հենց ընդդիմադիրներին: Իշխանությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին:

- Մենք դեռ չենք հասել այդ փուլի քննարկումներին, բայց մի բան կարող եմ ասել. հակակոռուպցիոն մարմինը պետք է ղեկավարի օրենքով սահմանված պահանջները բավարարող անձը: Իսկ թե նա ինչպիսի հայացքներ, անկախության ինչ աստիճան կունենա, ժամանակը ցույց կտա:

- Մեր երկրում նման կառույցների անկախությունը խիստ հարաբերական է: Որևէ մեկը չի էլ մտածում, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կամ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանն անկախ են:

- Ես համաձայն չեմ այդ գնահատականին: Պետք է քննարկել հարցը, թե ում է ճիշտ վերապահել այդ կառույցի ղեկավարումը : Բայց մինչ այդ որոշումը դեռ շատ քայլեր կան՝ պետք է որոշել, թե ինչպես է ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը, պետք է ընդունել համապատասխան օրենքը, նոր արդեն քննարկման առարկա դարձնել դրա ղեկավարման հարցը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները