Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն քննարկում է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով

ԱԺ-ն քննարկում է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով

2014 թվականին կառավարության կողմից հեղինակված, 2015 թվականից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, լրամշակում անցած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված 16 օրինագծերի հետ միասին, հոկտեմբերի 6-ին քննարկվեց Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում: Ներկա էին թերևս հարց տվող և ելույթ ունեցող հազիվ մեկի տասնյակն անցնող պատգամավորները: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ «նախագիծը հավասարակշռում է հանրության և քաղաքացիական հասարակության շահերի կիզակետում ամենաշատ քննարկված հարցերը»:

Օրենսդրական փաթեթը քննարկման տարբեր փուլեր է անցել, հեղինակները լսել են միջազգային ու տեղական բազմաթիվ կազմակերպությունների տեսակետները ու դրանք ամփոփելով՝ նախարարի գնահատմամբ՝ փոխել են փաստաթղթի ոգին: Արդյունքում, ըստ կառավարության ներկայացուցչի, «կարողացել են չմիջամտել քաղհասարակության ինստիտուտների գործունեությանը՝ միաժամանակ՝ ձեռքը պահելով զարկերակին, երբ անհրաժեշտ է»:

Հաշվետվությունը՝ «ձեռքը զարկերակին պահելու» միջոց

Հասարակական կազմակերպությունների մասին գործող օրենքը, որն ընդունվել է 2001 թվականին, ՀԿ-ների՝ հաշվետվություն ներկայացնելու հարցը չի կարգավորում: Նոր նախագիծը սահմանում է, որ կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի, եթե նրա գույքի ստացման աղբյուր են հանդիսանում հանրային միջոցները, պետական կամ տեղական կառավարման մարմինները: Հաշվետվությունը կոնկրետ ժամանակահատվածում հաշվետվությունների համար նախատեսված կայքում չներկայացնելու դեպքում կազմակերպությունը կենթարկվի վարչական պատասխանատվության: Սահմանվում է նաև աուդիտ անցկացնելու պարտադրանք, եթե կազմակերպությունը ունի մինչև 5 միլիոն դրամ մուտքեր՝ պետական աղբյուրներից: «Մասնավորից ֆինանսավորվելու դեպքում մոտեցումները ավելի լիբերալ են»,-ասաց նախարարը: Աուդիտի արդյունքները ևս պետք է ընդգրկվեն հաշվետվության մեջ:

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կարծիքով՝ հաշվետվություն և աուդիտ ներկայացնելու պահանջը մեռելածին դրույթ է: «Հաշվետվությունը և աուդիտը լավ բան են, բայց չպիտի պարտադիր լինեն, եթե անգամ ֆինանսավորման աղբյուրները հանրային են: Նույն հանրային գումարներ ստացողները կարող են շատ գեղեցիկ հաշվետվություն ներկայացնել ու հարցը փակել, իսկ իրապես աշխատող ՀԿ-ների համար պահանջը կարող է գլխացավանք դառնալ»:

Օրենսդրական փաթեթը, ըստ Լևոն Մարտիրոսյանի, հեշտացնելու է ՀԿ-ների կյանքը, բայց դրանից «տեղ-տեղ տոտալիտարիզմի հոտ է գալիս»: Որպես ասվածի օրինակ՝ պատգամավորը նշեց լուծարման գործընթացը ՀԿ-ների համար պարտադիր դարձնող դրույթը: Այն, նրա գնահատմամբ, դժվարացված է այնքան, որ ՀԿ-ները դրան չեն գնա, ու պետությունն իր վրա պետք է վերցնի գործընթացը:

Նոր իրավունքներ ՀԿ-ներին

Եթե «Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծն ընդունվի, ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կտրվի: Այսօր կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով: Նոր օրենքով՝ կազմակեպությունը ձեռնարկատիրությամբ կարող է զբաղվել իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ սա կարևոր փոփոխություն է, որը ՀԿ-ներին թույլ կտա ֆինանսական կայունության խնդիր լուծել: Շահույթը, որ կազմակերպությունը կունենա ձեռնարկատիրությամբ զբաղվելու արդյուքնում, ուղղվելու է բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը, անդամների միջև չի բաշխվելու:

Մեկ այլ նորամուծությամբ՝ հասարակական կազմակերպությունը կարող է ունենալ շահառուներ, որոնց իրավունքների պաշտպանության համար, համապատասխան պայմանների առկայության դեպքում, կարող է դիմել դատարան: Առաջնահերթորեն նշվում է շահառուի առանչությունը շրջակա միջավայրի խնդրին: Պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով՝ «հարցը լղոզվածության էլեմենտներ ունի, քանի որ ՀԿ-ների մեծ մասը զբաղվում է հանրության շատ մեծ շերտերի շահերով, ու օրենքում շահառու հասկացությունը հստակեցնելու խնդիր կա»: Եթե հասկացությունը ձևակերպելու վերաբերյալ առաջարկներ լինեն, նախարարը խոստացավ քննարկել:

Ուզո՞ւմ եք, որ ՀԿ-ն ձեր աղջիկներին կրթի

Պատգամավոր Հայկ Բաբուխանյանը միակն էր, որ ՀԿ-ների մասին օրենսդրական փաթեթի մեջ ականներ տեսավ՝ ուղղված ազգային անվտանգությանը, արժեքներին, ընտանիքի կայունությանը: Ասաց՝ ՀԿ-ների ճշնող մեծամասնությունը գործում է հայրենասիրությունից ելնելով, բայց կան կազմակերպություններ, որոնք օտար ուժերի կողմից ներդրված «փափուկ ուժեր» են: Այդ կազմակերպությունները, ըստ Բաբուխանյանի, գործում են տարօրինակ վտանգավոր նպատակներով: Օրինակ՝ պայքարում են գենդերային բազմազանության խթանման համար, մի կազմակերպություն էլ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնը», ուզում է պայքարել խտրականության դեմ՝ աղջիկներին կրթելով: «Դուք ուզո՞ւմ եք, որ մի ՀԿ կրթի ձեր աղջիկներին»: Հարցը հռետորական էր, ու դահլիճից պատասխան չհնչեց:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները