Պատժե՞լ, թե՞ խրախուսել
Ազգային ժողովը հոկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ձայների 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ և առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը ` հարակից փաթեթով: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին փաթեթին, դեմ էին Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Թևան Պողոսյանը: Միակ ձեռնպահ քվեարկողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էր:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ կքվեարկվեն հոկտեմբերի 20-ին, քանի որ նախագիծը քննարկվում է հատուկ կարգով:
Երկար ու բուռն ճանապարհ
Փոփոխությունների շուրջ համաձայնությունը, հիշեցնենք, խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ու Հանրապետական կուսակցությունը ստորագրել են սեպտեմբերի 13-ին՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, թե մայիսին ընդունված փոփոխությունները չեղյալ են համարվում, քանի որ դրանց պահանջած տեխնիկական ներդրումը հնարավոր չի եղել ապահովել:
Բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում քաղաքական ուժերը համաձայնության եկան երեք հիմնական հարցի շուրջ` ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում, ընտրակեղծիքների համար նախատեսվող պատիժների ստացում:
Նախագիծն ԱԺ-ում ներկայացնող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ փոփոխություններն այն « գինն են», որ իշխանությունը պատրաստ է վճարել ` հանուն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության մեծացման: Ըստ կառավարչության աշխատակազմի ղեկավար- նախարարի` փոփոխությունների համար պահանջվում է 8-9 մլն դոլար, որից 3 միլիոնը կտրամադրի կառավարությունը, մնացածը հատկացնելու մասին խոստումներ են տվել միջազգային տարբեր կազմակերպություններ:
«Կոնտր» փոփոխություն
Թեև փոփոխությունները համաձայնեցված էին, բայց քննարկումը թեժ անցավ: Պատճառը նախագծում հայտնված այն դրույթն էր , ըստ որի` այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը պատժվում է 2-5 տարվա ազատազրկմամբ: Բացի այդ`հայտարարություն ներկայացնելու համար այնպիսի պահանջներ են սահմանվել, որ քաղաքացին արդեն երկար կմտածի՝ նկատած ընտրակեղծիքի մասին հայտարարություն տա՞լ, թե՞ ոչ: Ուրիշի փոխարեն քվեարկություն նկատելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելիս քաղաքացին պետք է «գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին»:
Այսպիսով, եթե ընդդիմությունը կարծում է, որ ստորագրված ցուցակների հրապարակմամբ հնարավոր կլինի կանխել հանրապետությունից բացակայող մոտ 500 հազար քաղաքացիների փոխարեն քվեարկություն կազմակերպելը, ապա իշխանությունն էլ ապահովագրվում է ` կեղծ հայտարարությունների համար նախաատեսված պատիժները խստացնելով: Դ.Հարությունյանը բացատրում է, որ այդ լրացմամբ փորձում են ընտրական գործընթացը զերծ պահել հնարավոր զանգվածային սուտ հայտարարություններից:
Ոչ թե պատժել, այլ խրախուսել
Ընդդիմությունը կարծում է, որ այս նորամուծությամբ իշխանությունը անիմաստ է դարձնում համաձայնեցված փոփոխությունները:
«Ասենք, գյուղացի մարդ է, հասակով, ինչ-որ բան սխալ է տեսել: Համարել, որ սուտ հայտարարությո՞ւն է արել, 2-ից 5 տարի դատե՞լ: Այստեղ նստածների մեջ էնքան ստախոսներ կան, դատեք»,- հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` մեկն էլ կարող է տասը ընտրակեղծիքի մասին հայտարարություն ներկայացնել, բայց հանկարծ պարզվի, որ դրանցից մեկը ճիշտ չէ: «Ուրեմն այդ մի սխալ հայտարարության պատճառով նա պետք է քրեական պատասխանատվությա՞ն ենթարկվի ու 2-5 տարի ազատազրկմա՞ն դատապարտվի»,- հարցրեց պատգամավորը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, թե այդ կետը շեղում է ստորագրված համաձայնագրի ոգուց:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նման կոշտ պատիժներ սահմանելու փոխարեն իշխանությունը պետք է խրախուսման միջոցներ նախատեսեր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց հանել քրեական պատասխանատվությունը կամ այն փոխարինել դրամական տուգանքով: «Իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր են բարեխիղճ մոլորության դեպքեր: Հնարավոր է` ես վստահ լինեմ, որ իմ դրկից հարևանը 10 տարի հանրապետությունում չէ, և իսկապես հնարավոր է, որ նա այդ օրը եկել քվեարկել է ու ես պատահաբար իրեն չեմ տեսել: Հիմա դրա համար ես պիտի 2-ից 5 տարի քրեական պատասխանատվությա՞ն ենթարկվեմ», - հարցրեց Ն.Զոհրաբյանը:
Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» թեև ընդհանուր առմամբ կողմ էր նախագծին, բայց որոշ դիտարկումներ ուներ: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ընտրություններին մեծամասնություն ստացած կուսակցությանը հատկացվող բոնուսների մասով թերություն կա: «Այդ բոնուսը պետք է վերացվի, ես էն գլխից էլ դրան դեմ էի»,- հայտարարեց նա:
Ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ առաջին ընթերցման ժամանակ կողմ կքվեարկեն պայմանով, որ հոդվածը վերանայվի: Եզրափակիչ ելույթում էլ իր պայմանն առաջադրեց հիմնական զեկուցողը: «Եթե ուզում եք հետ կանգնել ձեր ստորագրած պայմանագրից, ցավալի է, բայց պատրաստ եմ հարցը քննարկել մի պայմանով՝ այն ամենն, ինչ սահմանում է այս դրույթը, պետք է բալանսավորվի»,- ասաց Դ.Հարությունյանը:
Երկրորդ ընթերցմանը ներկայացված նախագծում կեղծ հայտարարության մասին դրույթը պահպանվել է, պարզապես մեղմացվել է նախատեսվող պատիժը` աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով տուգանք կամ 2 տարվա ազատազրկում: