Կառավարության ծրագիրը կամ Կարեն Կարապետյանի թիմի տեսլականը
Հոկտեմբերի 20-21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ 10 ժամ անցկացրեց Ազգային ժողովի շենքում: 3 ժամ, ամբիոնի դիմաց, նա պատասխանեց կառավարության նոր ծրագրին վերաբերող պատգամավորների հարցերին, մնացած ժամանակը՝ լսեց մոտ 3 տասնյակ պատգամավորների ելույթները: Կառավարության ծրագիրը ընդունվեց 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայնով: Կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, դեմ քվեարկելու մասին հայտարարեց ՀԱԿ-ը, ձեռնպահի մասին՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ խմբակցության ԲՀԿ-ական անդամները, նաև «Համախմբման» անդամները, Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությանը չմասնակցեցին:
Կառավարության ծրագրի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է, բայց այն պետք է իրականություն դարձնել որքան հնարավոր է շուտ. ծրագրում այդպես էլ գրված է. րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ողջ ներուժը: Նպատակը, ըստ էության, նորություն չէ. բարեփոխումների միջոցով հասնել քաղաքացու պաշտպանվածությանը, կենսամակարդակի բարձրացմանը, ապահովել նրա արժանապատիվ ներկան ու մեծացնել հավատը ապագայի նկատմամբ: Վարչապետը այս նույն նպատակը առավել հակիրճ ձևակերպելու մի քանի առիթ ունեցավ: Ասաց՝ ուզում են, որ մարդ «փող աշխատի, լավ ապրի, պաշտպանված զգա»: Այս ամենին հասնելու համար կառավարությունը կորդեգրի տնտեսության զարգացման ոչ ստանդարտ մոտեցումներ:
Բոլորի համար՝ նույն խաղի կանոնները
Կառավարությունը մտադիր է ախտորոշել տնտեսության առկա վիճակը, տալ հիվանդության դիագնոզը, բայց վերջին տարիներին ամենաշատ քննարկվող հիվանդությունների մասին ծրագրում խոսք չկար: Այս մասին խոսեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատելով, որ ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, ու դրանում ստվերի և մոնոպոլիաների մասին խոսելը գուցե կնշանակեր պաշտոնապես հայտարարել երկրում առկա այս երևույթների մասին: «Հիմնական մասը հենց դրա մասին է,-պատասխանեց վարչապետը,-պետք է ապահովենք արդար, պարզ, մրցունակ պայմաններ, որտեղ գերիշխող մոնոպոլիաները օբյեկտիվորեն կամ կայանում են կամ ոչ: Օրինապահը պետք է զգա իրեն ապահով, անօրինապահը՝ ոչ: Գուցե չենք նշել՝ պայքար ստվերի, գերիշխողի դեմ, բայց ծրագիրը դրան է ուղղված»:
Այն, ինչ գրել են ծրագրում՝ արդար, պարզ, մրցունակ պայմաններ, ըստ վարչապետի, վերաբերելու են բոլորին: Նաև շաքարի մոնոպոլիա ունեցող Սամվել Ալեքսանյանին և բանանի մոնոպոլիա ունեցող Միհրան Պողոսյանին: Նրանց անուն առ անուն հիշեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մաքսային՝ նոր կերպարով
Կառավարությունը անելու է ամեն բան՝ բիզնեսի շփումը հարկային-մաքսային մարմինների հետ փոքրացնելու համար: Վարչապետն ասաց՝ աշխատելու են մաքսայինում աշխատողի կերպարը փոխելու ուղղությամբ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Մաքսայինում տարբեր պապկաներ կան: Կա պապկայի մի ձև, որը 37թվականի տրոյակներն է հիշեցնում: Ով ընկավ դրա մեջ, քերթվելու է: Այդ պապկաները վերանալո՞ւ են թե՞ չէ»: «Պապկաներ չեն լինելու»,-վստահեցրեց վարչապետը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ դրանց փոխարինելու են բրոկերային կառույցները: Բիզնեսմենը ինքը կորոշի, թե ում դիմել՝ մաքսատանը թե բիզնեսմենին. որևէ պարտադրանք որևէ բիզնեսմենի չի լինելու:
Գործազրկությունը՝ արդյունավետ կառավարման հետևանք
Կարեն Կարապետյանի կառավարության նպատակներից մեկն էլ արդյունավետ կառավարման հասնելն է: Դրա առաջին պայմանը հայտնի է բոլորին՝ զերծ լինել կոռուպցիայից: Պատրաստվում են նոր շունչ հաղորդել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերին՝ դրանք սանիտարական մաքրման ենթարկելով: Վարչապետը հայտարարեց, թե կոնկրետ գործեր ու միջոցառումներ անցկացնելու արդյունքում հասարակությունը կզգա համապատասխան ազդակները:
Ավելի շուտ, քան այդ ազդակները, հասարակության մի խումբ անդամներ կզգան արդյունավետ կառավարման տխուր հետևանքները: Վարչապետի խոսքով՝ լուրջ կրճատումներ են լինելու ՊՈԱԿ-ներում և ԾԻԳ-երում: Պատասխանելով Հեղինե Բիշարյանի մտահոգությանը այս մասին՝ վարչապետը դժվարացավ սպասվող գործազուրկների կոնկրետ թիվ նշել: Դժգոհեց, որ պատգամավորը մտածում է գործազրկության ու ոչ թե արդյունավետ կառավարման մասին. «Կենտրոնական կառավարման ապարատը, ո՞նց եք կարծում, ո՞նց պետք է աշխատի: Ասում եք՝ ուռճացված է: Հիմա կրճատում ենք, ասում եք՝ գործազրկություն կառաջանա: Եթե մարդը օգուտ չի տալիս, իրեն կրճատելը գործազրկությո՞ւն է, թե՞ ճիշտ քայլ: Քանակ չունեմ, կամփոփենք կասեմ»:
Ծրագիրը՝ ծանրաձող
Նոր կառավարության ծրագրին տարբեր բնորոշումներ տվեցին. ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց՝ գործնական ծրագիր է, այլընտրանք չունեցող նոր սկզբի առաջին քայլը:
Արամ Մանուկյանի խոսքով՝ ծրագիրը թերի է, քանի որ իրավիճակի խորքային վերլուծություն չի արվել: Ծրագիրը, նրա կարծիքով, չի աշխատելու, որովհետև դրանում պակասում է մարդը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրից բացակայում է տնտեսական կոնտեքստը, քանի որ Կարեն Կարապետյանը ընդամենը խնդիր ունի ընտրություններից առաջ հանրության մոտ դրական տրամադրություններ ստեղծել:
ՀՀԿ-ականները հատկապես ոգևորված էին. Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ծրագիրը ելքեր է առաջարկում, հեռանկարային ծրագիր է, որն իրականացվելու է ՀՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո: Հակոբ Հակոբյանը վարչապետին շնորհակալություն հայտնեց, որ կարճ ծրագիր է ներկայացրել: Ասաց՝ կարճ է, որովհետև դրանում ներկայացված նպատակներն են խորը: Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ոչ մի կառավարության ծրագիր չի քննարկվել այնպիսի ջերմ մթնոլորտում, ինչպես Կարեն Կարապետյանի ծրագիրը:
Վարչապետի գնահատմամբ՝ ծրագիրը ռիսկային է, իր բովանդակությամբ և իրականացնելու պատասխանատվությամբ՝ բեռ է. ծանրաձող: «Հավանականության կա՞, որ այն բարձրացնելիս, ժողովրդական խոսքով ասած՝ գրիժա ստանանք, կա: Կստանա՞նք. Չեմ կարող ասել»:
Ո՞ւմ է վստահում վարչապետը
Պատգամավորների կառավարության ծրագիրը ներկայացնող կարեն Կարապետյանը ասաց. «ներկայացնում եմ մեր թիմի տեսլականը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը»: Հստակ է, որ այս թիմում կառավարության անդամներն են, քաղաքական ուժերից՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, նաև Կարեն Կարապետյանի ընկերները և բարեկամները: Պատասխանելով պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի ու Հեղինե Բիշարյանի հարցերին՝ վարչապետը հաստատեց, որ իր գործընկերներին, այո, պաշտոնների նշանակել է: Կարող է պաշտոնի նշանակել նաև իր բարեկամներին, եթե լինեն արժանի: Ենթադրելի է, որ բոլորին, ում վարչապետը նշանակել է պաշտոնի և ում հետ աշխատում է, վստահում է: Նա այդպես էլ ասաց. «Ես պաշտոնի եմ նշանակում նրանց, ում վրա վստահ եմ»: