Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մ. Մելքումյան. Ի՞նչ երաշխիք, որ այս կառավարությունն էլ նախորդների նման չի տապալվի

Մ. Մելքումյան. Ի՞նչ երաշխիք, որ այս կառավարությունն էլ նախորդների նման չի տապալվի

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:

- Պարոն Մելքումյան, ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:

- Սա կարելի է համարել տնտեսական բնույթի միջոցառումների ծրագիր: Ժամանակին ես նույնպես ասում էի, որ պետք է պարզ քայլերով ցույց տալ գործողությունների պլանը, թե մեկ կամ չորս ամսում ինչ է պետք անել: Այդ առումով ծրագիրն արժեվորում եմ: Բավական դրական քայլեր են նշվել՝ պարզեցնել, աջակցել, քննարկել, վերլուծել բիզնեսի խնդիրները: Այդ քայլերը հանգեցնելու են տնտեսության առկա վիճակի՝ ստատուս քվոյի ջարդմանը:Իսկ դա իր հերթին բերելու է այդ ստատուս քվոն կրողների հակազդեցությանը: Ունի՞ արդյոք կառավարությունն այն քաղաքական պաշտպանությունը, այն քաղաքական հենարանը, որ հակազդեցության դեպքում կարողանա առաջ շարժվել: Սա է խնդիրը:

- Կառավարության գործունեությունը կոնկրետ ո՞ւմ կողմից հակազդեցության կարժանանա:

- Ստատուս քվոն կրողների: Կոռուպցիան, մենաշնորհները, այն բոլոր երևույթները, որոնք քննադատում ենք, կրողներ ունեն, չէ՞: Դրանք վիրտուալ չեն: Եթե քաղաքական մեծամասնությունը կարողանա հակազդել և արժանապատվորեն ասել` ոչ, այսօրվանից կարմիր գիծ է գծված, ես կողջունեմ: Իսկ եթե ոչ, շատ արագ կբացահայտվի:

- Ծրագրում չկան թվային կանխատեսումներ, թե այդ միջոցառումների կամ քայլերի իրականացման արդյունքում, օրինակ, որքան աճ կունենա ՀՀ տնտեսությունը, արտահանման կամ ներդրումների ինչ փոփոխություն կլինի և այլն:

- Իրավացի եք, թվեր չկան: Վարչապետի ու կառավարության մոտեցումն է` նշել միայն միջոցառումները: Հիմա թե այդ միջոցառումների արդյունքում մե՞կ, թե՞ հարյուր միավոր կստացվի, հայտնի չէ:

- Ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե տնտեսական իրավիճակն ախտորոշման կարիք ունի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե առաջիկա վեց ամիսներն այդ ախտորոշման համար բավարար չեն: Կարծում եք` ախտորոշումն իսկապես այդքան մեծ ժամանակ, ջանք է պահանջո՞ւմ:

- Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց, թե երեք շաբաթից մենաշնորհների, տնտեսության խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն կներկայացնի: Հետո հայտարարեց, թե երկու ամիս է անհրաժեշտ, բայց այդպես էլ որևէ ծրագիր չբերեց: Հիմա այդ տեղեկությունը հո չի կորե՞լ: Կարելի էր վերցնել, համադրել:

- Թե Կ.Կարապետյանը, թե իշխանության այլ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ նոր կառավարությունն իր ծրագրով բարձր նշաձող է վերցրել: Կարծում եք ծրագրով նախատեսված միջոցառումները հավակնո՞տ, թե՞ խիստ անհրաժեշտ քայլեր են:

- Բարձր նշաձողն այս դեպքում վերաբերում է իրավիճակը կտրուկ փոխելու ցանկությանը: Կհաջողվի՞, թե՞ ոչ` այլ հարց է: Վարչապետն ասաց` եթե ծրագրում գրել են, ուրեմն ուզում են իրականացնել: Բայց ցանկացած ծրագրում պիտի նշվեն նաև ծրագիրն ապահովող մեխանիզմները: Չէ՞ որ նախորդ երկու ծրագրերն ըստ էության տապալվել են, դրա համար էլ վարչապետեր ու կառավարություններ են փոխվել: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս ծրագիրը նույնպես չի տապալվի: Պետք են քաղաքական մեխանիզմներ, որոնք չկան:

- Քաղաքական մեխանիզմ ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Օրինակ, հաշվետվողականությունը: Ենթադրենք` վեց ամիս հետո կառավարությունը չի կատարում իր ծրագիրը, ի՞նչ է լինում, ի՞նչ է նրան սպասվում, ո՞րն է լինելու գնահատականը: Դա բացակայում է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները