Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները

Կամ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում

«Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում ու փողոցներում, այլ մեր մտածելակերպում»,- 2013-ի մայիսի 20-ին խոստանում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նախագահական ընտրություններից հետո հերթական անգամ ԱԺ հաստատմանը ներկայացնելով կառավարության ծրագիրը (մինչ այդ գրեթե նույնաբովանդակ մի ծրագիր ներկայացրել էր 2012-ի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններից հետո)։ Տիգրան Սարգսյանի հայտարարած հեղափոխությունն այդպես էլ չեղավ. Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողը մասնագիտական համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան եւ ավտոմեքենա չունեցավ, իսկ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառուն՝ բարձր թոշակ եւ որակյալ բուժօգնություն։ Իսկ ծրագիրն ինչ ծափահարություններով հաստատեցին ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորները, երևի ավելորդ է հիշել:

Ճիշտ է՝ այն ժամանակ այն ժամանակվա ընդդիմությունը խստորեն քննադատում էր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը։ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը հիշում էր նախորդ հինգ տարիների 250 հազար արտագաղթածների մասին, դեռ այն ժամանակ նաեւ դե ֆակտո «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը շեշտում կոռուպցիայի, մենաշնորհի, մրցակցային դաշտի կարգավորման, այն ժամանակ դեռ դե ֆակտո ԲՀԿ- ից Ստեփան Մարգարյանը՝ նախաձեռնողական ծրագրերի բացակայության մասին։

Ուղիղ մեկ տարի անց՝ 2014-ի մայիսի 22-ին Ազգային ժողովը քննարկում էր կառավարության հերթական ծրագիրը հաստատելու հարցը՝ այս անգամ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած։ Հովիկ Աբրահամյանի բախտը չէր բերել։

Խոսքը նրա մասին չէ, որ Հայաստանի 13-րդ վարչապետն էր, այլ որ այդ կառավարությանը ՕԵԿ-ն այլեւս, իսկ Դաշնակցությունը դեռեւս չէին աջակցում։ Ընդդիմադիր խմբակցություններն այս անգամ էլ հիշեցին որ «նոր ծրագիրը համակարգային ու բովանդակային փոփոխություններ չի առաջարկում» («Ժառանգություն), որ «պտուղը չի կարող բարի լինել, եթե չար է ծառը, իսկ կառավարության ծառը ավազակապետությունն է» (ՀԱԿ), որ «կառավարության ծրագիրը իրատեսական չէ, քանի որ այն շրջանցում է երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները» (ՀՅԴ), որ «այսպես շարունակվելու դեպքում խորանալու է փակուղին, որի առաջ հայտնվել ենք այսօր» (ԲՀԿ)։

Հովիկ Աբրահամյանի բախտը չբերեց, որովհետեւ ծրագրի հաստատման ժամանակ խոսեց անգամ ՕԵԿ-ը, որը 2008-ի մարտի 1-ից հետո որդեգրել էր հնարավորինս քիչ երեւալու եւ քիչ խոսելու գործելակերպ։ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, որովհետև նախ չգիտեն, թե ինչու փոխվեց կառավարությունը, ու որն է ներկա ու նախորդ կառավարությունների տարբերությունը։ Սրանով պետք է սկսվեր ՕԵԿ-ի հաջորդ տարիների բուռն ակտիվությունն ու վերադարձը «ընդդիմադիր դաշտ»։

Սակայն Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը հաստատելիս անպայման հիշեց իր գործընկերոջ՝ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հայտարարությունը. «Այս կառավարությունը դատապարտված է հաջողված լինել»։ Ավելին՝ ՀՀԿ-ն պնդում էր, որ Հովիկ Աբրահամյանի ծրագիրը «ապահով եւ անվտանգ Հայաստանի դոկտրինն է»։

Երկու տարի անց պարզվեց, որ ինչպես Տիգրան Սարգսյանին չհաջողվեց հեղափոխություն անել, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց «ապահով եւ անվտանգ Հայաստանի դոկտրինը» իրականացնել։ Ապացույցը ապրիլյան պատերազմն ու դրա արդյունքներն էին։

Եվ ահա 2016 -ի հոկտեմբերի 21-ին ԱԺ-ն հերթական անգամ, ավելի ճիշտ արտահերթ, հավաքվել էր հաստատելու կառավարության հերթական ծրագիրը։ Այս անգամ եւս ընդդիմությունը չէր պաշտպանելու ծրագիրը, քանի որ «պետք է կոմպլեքս լուծումներ գտնել, որ թունելի վերջում լույս երևա» (ԲՀԿ), կառավարության «առաքելությունը Հանրապետական կուսակցության դեմքը ընտրություններից առաջ փրկելն է» (ՀԱԿ), «օֆշորի, ձերբակալությունների, պատասխանատվության մասին ոչինչ չկա» (ՕԵԿ)։ ՕԵԿ- ի եզրակացության մեջ հատկապես օֆշորի մասին հիշատակումը առանձնահատուկ հետաքրքրական է, որովհետեւ այս կուսակցությունն ակտիվորեն պաշտպանում էր Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ հակառակ օֆշորային սկանդալին։

«Ինչ՞ին եք դեմ: Ես կարող եմ ենթադրել, որ այն ուժերը, որոնք կողմ չեն ծրագրին, ցանկանում են ձախողել ծրագիրը այլ մանր- մունր նպատակներ իրագործելու համար»,- քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ «մոռանալով» Տիգրան Սարգսյանի խոստացած ու իրենց պաշտպանած մրցունակ տնտեսության, ինստիտուցիոնալ կարողությունների ու մարդկային կապիտալի զարգացման, Հովիկ Աբրահամյանի խոստացած ու իրենց պաշտպանած ստվերի դեմ պայքարի, մրցակցության հավասար պայմանների ապահովման, սոցիալական եւ առողջապահապական ծառայությունների բարելավման մասին։

Այժմ նույնը, բայց մի փոքր այլ՝ «րոպե առաջ իրագործել բարեփոխումներ» փաթեթավորմամբ խոստանում է Կարեն Կարապետյանը։ Ու այս անգամ նրան պաշտպանում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ կոալիցիոն դաշտում ՕԵԿ-ին փոխարինելու եկած ՀՅԴ -ն։

Ի դեպ՝ «հեռավոր» 2013- ին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի եւ դեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միջեւ բանավեճ ծավալվեց։ Անդրադառնալով Սահակյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ամենից լավը չէ, բայց իրենց լավը չկա՝ Վահան Հովհաննիսյանը արձագանքեց. «Հավանաբար, կառավարությունն այդ խոսքերը լուրջ է ընդունել: Կոչ եմ անում ձեզ, դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել, լուրջ մի ընդունեք, դուք չեք ամենալավը»:

Մեկ օր հետո, կրկին ԱԺ ամբիոնից, Գալուստ Սահակյանը հիշելով Վահան Հովհաննիսյանի այն հարցադրումը, թե ինչ կլիներ ՀՀԿ-ի հետ, եթե Սերժ Սարգսյանը չլիներ երկրի նախագահ, արձագանքել էր. «Հիմա ես ասում եմ` բա դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը (Սերժ Սարգսյանը-հեղ.) չլիներ, գոնե ես բոլոր տիպի կապերին լավ տիրապետում եմ: Հետո` իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի»:

Գալուստ Սահակյանը «Վահանի հանճարի» մասին թերևս չէր կատակում։ Վահան Հովհաննիսյանի 2013-ի մայիսի 21-ի ելույթն ավելի շատ բարեփոխումների եւ բարեփոխիչների մասին փիլիսոփայական- քաղաքագիտական էր։ Նման ելույթներ խորհրդարանի ամբիոնից վաղուց չէին հնչել, գուցե 20 տարուց ավելի։ Սակայն Վահան Հովհաննիսյանը չէր մտածել, որ 2016-ի փետրվարին Դաշնակցությունն արդեն համաձայն է Գալուստ Սահակյանի հետ, որ գուցե ՀՀԿ-ն ամենալավը չէ, բայց իրենից լավը չկա։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները