Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԱԿ-ն իշխանափոխության շուրջ համախմբվելու կոչ է անում

ՀԱԿ-ն իշխանափոխության շուրջ համախմբվելու կոչ է անում

Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 24-ին հայտարարություն է տարածել, որով քաղաքական ուժերին 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համագործակցության քննարկումներ սկսելու առաջարկ է անում : Հայտարարության մեջ կուսակցությունը նախ կարևորում է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, ապա տեղեկացնում, որ սկսել է տարածքային կառույցները նախընտրական շտաբների վերածելու, ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների համակարգման կենտրոնական գրասենյակ ձևավորելու աշխատանքը:

Նաև նշվում է, որ 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Կոնգրեսը պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը»: « Նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ»,- նշվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության տեքստում:

Իշխանության արձագանքը

2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ-ն առաջին կուսակցությունն է, որը շտապում է ազդարարել նախընտրական գործընթացների մեկնարկը: Եվ թեև հայտարարությունը վերաբերում էր ոչ իշխանական ուժերին, դրա վերաբերյալ չեն զլանում կարծիքը հայտնել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, անդրադառնալով իշխանափոխության շուրջ համախմբվելու վերաբերյալ ՀԱԿ-ի կոչին, հակադարձեց. «Միավորելու համար ՀԱԿ-ը նախ պետք է ինքն իր խմբակցությունը միավորի: Այդ խմբակցությունում փաստացի երեք պատգամավոր այլևս ՀԱԿ-ում չէ: Դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց փաստը հետևյալն է՝ ՀԱԿ-ն այս պահին ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չէ, դրա ապացույցը Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում նրա գրանցած արդյունքներ են»:

Ոչ իշխանական ուժերը համակարծիք չեն

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի արձագանքը ՀԱԿ-ի առաջարկին միանշանակ չէ: Ժամանակին ՀԱԿ-ի հետ եռյակի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանն այլևս նպատակահարմար չի համարում այդ կուսակցության ու նրա ղեկավար՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իշխանափոխության գնալը: Պատգամավորը թեև կողմ է համախմբմանը, սակայն կարծում է, որ ԲՀԿ-ն իշխանափոխության պետք է ինքնուրույն հասնի: «Արդար ընտրությունների անցկացման, թափանցիկության ապահովման, իրավական կարգը պահպանելու շուրջ պատրաստ ենք համագործակցել: Բայց այս պահի դրությամբ ԲՀԿ-ն 2017թ. խորհրդարանական ընտրություններին գնալու է ինքնուրույն, առանց որևէ այլ ձևաչափերի»,- ասում է Մ.Մելքումյանը:

ԲՀԿ խմբակցությունից առանձնացած և նորաստեղծ «Համախմբում» կուսակցության մեջ ներգրավված Ստեփան Մարգարյանը չի բացառում ՀԱԿ-ի հետ նախընտրական համագործակցության հնարավորությունը: «Ընդհանրապես քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները հեռանկարային ենք համարում, բայց այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ կքննարկենք ու վերջնական որոշում կունենանք: Մենք ինքներս դեռեւս այդպիսի հատուկ քննարկված որոշում չունենք` ի՞նչ անել, ո՞նց անել: Բայց կուսակցության ստեղծման օրվանից մենք հայտարարել ենք, որ կողմ ենք այդ գաղափարին» ,- հավելեց նա՝ չբացառելով անգամ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լ.Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցության հնարավորությանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն այլ ուժերի հետ նախընտրական միավորներ ձևավորելու դեպքում պարտադիր պայման է համարում համախմբումը իշխանափոխության գաղափարի շուրջ: Ու քանի որ ՀԱԿ-ն իր հայտարարությամբ նման նպատակ է հռչակում, Ա.Մարտիրոսյանը չի մերժում այդ կուսակցության հետ այդ հարցի շուրջ նախընտրական քննարկումները: Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի հավատում, որ Լ.Տեր-Պետրոսյանը իշխանափոխության է ձգտում:

«Նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, իսկ այս Ընտրական օրենսդրությամբ գնալ ընտրությունների և ասել, որ ընտրական գործընթացների միջոցով հնարավոր է իշխանափոխություն՝ դա խաբեբայություն է»,- ասում է պատգամավորը: Փոստանջյանը նաև հավելում է՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ԵԱՏՄ անդամակցության, «Սասնա ծռերի» հարցում «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հակառակ պատկերացումներ ունեն, ինչն, ըստ նրա, նույնպես անհնարին է դարձնում համագործակցությունը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, անուններ չտալով, ասում է, որ կան ուժեր, որոնց հետ համագործակցությունը հնարավոր է: «Պետք է հասկանանք, որ խնդիր է դրված փրկել երկիրը, և եթե բավարար ճկունություն ցուցադրենք, մենք կկարողանանք դա անել: Այո, պետք է ինչ-որ բաներ՝ հին քննադատություններ, իրարից նեղանալ, իրար վրա ցեխ շպրտել, մոռանալ և առաջ նայել»,- ասում Լ.Զուրաբյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները