Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջե 2017՝ ԱԺ-ի վերջինն ու վարչապետի առաջինը

Բյուջե 2017՝ ԱԺ-ի վերջինն ու վարչապետի առաջինը

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում սկսվեցին 2017 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները: Սա վերջին բյուջեն է, որ ներկայացվում է 2017 թվականին լիազորությունները ավարտող 5-րդ գումարման Ազգային ժողովում, և առաջին բյուջեն է, որ ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը՝ բյուջեի մասին

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետը երկար չմնաց: Բացման խոսքը նրանն էր, ինչից պարզ դարձավ, որ 2017 թվականին կառավարությունը նպատակադրվել է ապահովել համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոս աճի մակարդակ: Վարչապետը բացատրեց՝ ստեղծված տնտեսական միջավայրն ու ընտրական տարում սպասվող պասիվությունը նշված ցուցանիշին հասնելու համար շատ նպաստավոր չեն, բայց կառավարությունը կանի ամեն ինչ՝ այդ մակարդակն ապահովելու համար: Տնտեսական աճն ապահովելու համար 2017-ին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը լինելու է թափանցիկ ու հրապարակային, հասկանալի յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար. «Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,-ասաց վարչապետը:
Կառավարությունը 2017-ի բյուջեի նախագծի հիմքում դրել է տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները:

Նախկին վարչապետը՝ բյուջեի մասին

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված էր, որ շատ ավելի լավ կլինի, եթե 2017թվականի բյուջեի նախագիծը չկատարվի: Ֆինանսների նախարարին նա հարցրեց. «Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017 թվականի տնտեսական աճը արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017 թվականին դուք ոչինչ չեք անելո՞ւ»: Բագրատյանը հիշեցրեց, որ 2007-ին խորհրդարանում մեծամասնությունը կազմած ՀՀԿ-ն խոստացավ տարեկան 7 տոկոսանոց աճ ապահովել: Այս տարի լրանում է կառավարման 10-ամյա ժամկետը, և, Բագրատյանի խոսքով, տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30 տոկոս: Այնինչ, եթե 7 տոկոսանոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91 տոկոս: «Հիմա, ես ուզում եմ ասել, ինձ թվում է էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրը էսօր դուք եք, դուք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,-ասաց Բագրատյանը: Ի պատասխան՝ Վարդան Արամյանը բերեց հարևան Վրաստանի օրինակը: Ասաց, որ այստեղ վերջին տարիներին նկատելի նվազել է կանխատեսվող տնտեսական աճը, ու պատճառը միայն ներքին չէ. դեր են խաղում նախ և առաջ արտաքին գործոնները:

Ծրագրում կա, բյուջեում՝ չկա

Կառավարությունը նախատեսել է մինչև 2017 թվականը ավարտել բնակարանաշինությունը աղետի գոտում, բայց հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակով գումար չի նախատեսվում: Այս մասին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին ֆինանսների նախարարը պատասխանեց, թե կան նաև այլ ծրագրեր, որ կարելի է վերաուղղել անօթևաններին: Ըստ նրա` այդ ուղղությամբ ներքին քննարկումներ են տարվում, որ ոչ թե շինարարություն իրականացվի, այլ որոշեն՝ ո՞րն է ճիշտ` բնակարանների գնման վկայագրե՞ր (ԲԳՎ) տան, թե՞ այլ լուծում գտնեն, քանի որ կան բավականին բնակարաններ, որ դատարկ են:

Գնացածի հետևից՝ ոչինչ

Նոր կառավարությունը, վարչապետի խոսքով, հարկատուների վճարած բյուջետային եկամուտները հնարավորինս խնայողաբար և նպատակային օգտագործելու նպատակ ունի; Ինչպե՞ս են այդ միջոցները ծախսել նախորդները. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց՝ ընդամենը նշելով, որ «պետք է պահպանել սոլիդարությունն ու կոռեկտությունը: Նախկիններին անընդհատ քննադատելն ընդունելի չէ: Ես ունեմ իմ անելիքները: Մենք կանգնած ենք մի տեղ` օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառով, և պետք է շարժվենք առաջ»: Նախկինների հետ կապված բացահայտումները, նախարարի ձևակերպմամբ՝ «ռեսուրսների անարդյունավետ ծախսում» էր:

Զոհաբերություն այսօր՝ հանուն վաղվա

Որպես 2017-ի բյուջեի նախագծի գերակայություն, բացի ծրագրերի շարունակականությունն ու երկրի պաշտպանվածությունը ապահովելուց, ֆինանսների նախարարը նշեց նաև սոցիալական լարվածությունը մեղմել;ու նպատակով սոցիալական ոլորտին հնարավորինս շատ գումարներ ուղղելը: Սա այն դեպքում,երբ հստակ է,որ կառավարությունը աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում: Նախարարի խոսքով՝ սա այն զոհաբերությունն է, որը կառավարությունն արել է հանուն երկարաժամկետ արդյունքների: «Հեգելն ասել է՝ պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ մեկ այլ բան ձեռք բերես։ Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որը կարճաժամկետ կարող էի անել, բայց հետագայում արդար չէի լինի, որովհետև մյուս տարիներին տնտեսական աճը կվտանգեի, մինչդեռ տնտեսական աճն է թույլ տալիս բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները»։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները