Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հ. Բագրատյան. Հաջորդ տարվա բյուջեն ոչ մի լարում չի պահանջում

Հ. Բագրատյան. Հաջորդ տարվա բյուջեն ոչ մի լարում չի պահանջում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է հավաքագրել մոտ 1 տրլն 210 մլրդ դրամ եկամուտ, որն ընդամենը 24 մլրդ դրամով է ավելի այս տարվա ցուցանիշից: Ծախսերն, ըստ նախագծի, կկազմեն 1 տրիլիոն 336 միլիարդ դրամ: 2017թ. գործադիրն ակնկալում է 3,2 տոկոս տնտեսական աճ այս տարվա 2,4 տոկոսի փոխարեն, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 22,4 տոկոս 2016-ի 21,8-ի փոխարեն: Նախագիծը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեի հիմքում դրվել են տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ:

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

- Պարոն Բագրատյան, իշխանություններն ասում են, թե օրերս ներկայացված և խորհրդարանի հավանությանն արժանացած ծրագրով կառավարությունն իր առջև հավակնոտ խնդիրներ է դրել: Ձեր կարծիքով 2017թ. բյուջեի նախագծում արտացոլվա՞ծ են այդ խնդիրները:

- Ծրագրում նոր բաներ կային, հավակնոտ նպատակներ` նույնպես: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես եք կարողանում հավակնոտ ծրագիր իրագործել, իսկ բյուջեում դա չարտացոլել:

- Ի՞նչն էր հավակնոտ, որը բյուջեում չի արտացոլվել:

- Ծրագրում կա համահայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ մի շատ ճիշտ կետ: Մենք բյուջեում արդեն պետք է տեսնեինք տնտեսության վրա դրա արդյունքը: Կամ՝ մենք բյուջեում պիտի տեսնեինք, որ կտրուկ բարձրացնում ենք ներքին պարտքը: Արտաքին պարտքը մեծացնելու փոխարեն կարելի էր ներքին պարտքն ավելացնել: Դա տնտեսության ֆինանսավորման ճիշտ եղանակ է:

- Ինչո՞ւ:

- Որովհետև երբ ներքին պարտքը վճարում ես, հատկապես, երբ հարկային նոր օրենսդրության համաձայն` պարտքի դիվիդենտն էլ հարկում ես, դու նաև եկամուտ ես ստանում: Նաև խնայողությունների կենտրոնացման լավ ինստիտուտ ես ստեղծում: Պետք է առաջարկել պարտատոմսերի նոր գործիքակազմ և ժողովրդի հետ աշխատել: Պետք է գրասենյակներ ստեղծել և ներքին պարտատոմսերը տարածել նաև սփյուռքում:

- Ծրագրում թվային ցուցանիշներ չկան, և կարծիք կա, թե այդպիսով կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից:

- Ոչ, ծրագրում թվեր լինել չեն կարող, որովհետև այն, որքան ես գիտեմ, գրված է մեկուկես տարվա համար:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում 2017թ. բյուջեի նախագիծը: 

- Լարված բյուջե չէ, ընտրվել է մի տարբերակ, որը լարում չի պարտադրում: Այնուամենայնիվ, հին տնտեսական թիմն է, որը բերել է իր հին մոտեցումները: Ասում են` եթե մի փոքր ավելի փորձենք, խնդիրներ կունենանք, ինչի հետ ես համաձայն չեմ: Զարգացնելու փորձ չեն անում: Այսօր կառավարության խնդիրն է գնալ և ներդրումներ բերել, որ երկիրը զարգանա: Կառավարության խնդիրն է թույլ չտալ տրանսֆերտների հաշվին դրամի հարաբերական արժևորումը: Խնդիր է, որ Կենտրոնական բանկը հարկ վճարի, բայց արդեն 12-րդ տարին է չի վճարում: Վրաստանի ԿԲ-ն տարեկան 100 մլն դոլար է վճարում, Ռուսաստանինը՝ տարեկան 3,5 մլրդ: Կառավարության խնդիրն է, որ, այո, թեկուզ պարտք բերենք ու աճի պարտքը, բայց աճի նաև ՀՆԱ-ն: Պարտք/ՀՆԱ հարաբերությունը պետք է լուծել՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը արագացնելով և ոչ թե պարտք չվերցնելով: Ու քանի որ մենք աշխարհից ցածր զարգացած երկիր ենք, աշխարհի միջինից բարձր աճ պետք է ունենանք, մինչդեռ բյուջեի նախագծում ավելի ցածր է: Կանխատեսվում է, որ 2017թ. աշխարհում պետք է 3,4-3,8 տոկոս աճ լինի, մինչդեռ մեզ մոտ 3,2 տոկոս են սահմանել: Էլ չեմ խոսում այն մասին, որ և Հանրապետական կուսակցության ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում եղել է տարեկան 7 տոկոս աճի խոստում:

- Կ.Կարապետյանն իր նախորդների նման հավասար խաղի կանոններ ստեղծելու մասին խոստում տվեց: Ձեր տպավորությամբ այս երկու ամիսներին այդ ուղղությամբ առաջընթաց կա՞:

- Առաջին լուրը, որ ունենք, դա մաքսատնից է. այնտեղ ինչ-որ փոփոխությունների մասին եմ լսում: Արդեն մարդկանց չեն ասում, թե դու իրավունք չունես այս ապրանքը ներկրել: Վերջերս ինձ այդպիսի բան ասաց բանան ներմուծող մի մարդ, որը մինչ այդ դրանով չէր զբաղվում, բայց հիմա ներկրել է:

- Կարծում եք ի վերջո կազատականացվի՞լայն սպառման ապրանքների` բենզինի, շաքարավազի, ալյուր, բանանի և այլ մենաշնորհային ապրանքատեսակների ներկրումը:

- Չգիտեմ: Մի քանի ամիս պետք է անցնի, որ կարողանանք ասել` իրականություն դարձա՞վ, թե՞ ոչ: Զարգացման այն ծիրում, որ մենք ընտրել ենք՝ ԵՏՄ, Իրան և այլն, մեր շրջափակված լինելը վճռական գործոն չէ, բայց կարևոր է: Մենք ունեցել ենք բարձր տնտեսական աճի տարիներ: Հասկանում եմ, որ վիճակագրական թվերի ուռճացում է եղել, բայց դա չի նշանակում, որ աճ ընդհանրապես չի եղել: 7 տոկոս տնտեսական աճը մեզ անծանոթ չէ, անգամ 1996թ. ենք ունեցել, երբ մինչև մայիսի կեսը պատերազմ էր:

- Իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար:

- Ես բյուջեի նախագծի համար 80 դիտողություն կանեմ: Օրինակ, չպետք է թողնել, որ գնաճի խնդիրը ԿԲ-ն լուծի բացառապես դրամական զանգվածի հաշվին: Այս տարի չի զարգացել տնտեսությունը, քանի որ չի եղել վարկավորում: Վարկերն ընդամենը երկու տոկոսով են աճել, որը աճ չի կարելի համարել: Մենք պետք է մեր առաջ դժվար լուծելի խնդիր դնենք, մինչդեռ այս բյուջեով նման խնդիր չի դրվում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները