Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Նահապետի» վերադարձը

«Նահապետի» վերադարձը

Իշխանության ծարավն առաջացնում է միայն իշխանության անհագ ծարավ։
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը»

«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ու պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որ ես քաղաքականություն մտնեմ, հնարավոր է ծալած գիրքը բացվի»,- սա Գագիկ Ծառուկյանի՝ « ազգովին կանչեք՝ կգամ»-ն է՝ հայտարարված հոկտեմբերի 26- ին։

ԲՀԿ նախկին ղեկավարի հայտարարությունը չէր կարող անտարբեր թողնել քաղաքական ուժերին: Խորհրդարանական ուժերն սկսեցին արձագանքել այս հայտարարությանը այն մասով, որով իրենց էր հետաքրքրում։

Օրինակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իրենց վերագրելով «կարկառուն քաղաքական գործիչներ» բառակապակցությունը, Ծառուկյանին փորձում էր հանգստացնել, թե ազգովին իրեն չեն կանչում։ «Եթե մտահոգությունը դա է, մենք այդ գործով կզբաղվենք: Մեր ուժերի վրա վստահ ենք»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ ՏԻՄ ընտրությունների իրենց անհաջողությունից 26 օր հետո։

ՀՅԴ- ին, օրինակ, ավելի հետաքրքրել էր ԲՀԿ նախկին նախագահի՝ գրքի ծալված էջը բացելու փաստը, էջ, որը, ըստ Ծառուկյանի, 2015- ին փակվել էր, որպեսզի արյուն չթափվի։ «Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որևէ խնդիր չենք տեսնում, դրական ենք համարում մոտեցումը, որ նա այն ժամանակ չգնաց արյունահեղության»,- ասում է ՀՅԴ խմակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ դրական գնահատելով ընդդիմադիր քառյակի շրջանում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ իրենց համագործակցությունը։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման համագործակցությունը միայն քառյակում չէր։ Ծառուկյանն ու ՀՅԴ- ն համագործակցել են իշխանության մեջ մարտիմեկյան արյունահեղությունից առաջ էլ, դրա ժամանակ էլ, դրանից հետո էլ։

Այս առումով բավականին հանգիստ է ՕԵԿ/ «Վերածնված Հայաստանը»։ Այս կուսակցությունում, հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո, լավ են հասկանում, որ իրենց քվեներին ոչ ոք չի կարող տիրանալ։ Իրենց ընտրազանգվածը կարճ հիշողություն ունեցողների մեջ ամենակարճ հիշողություն ունեցողներն են, որոնց վրա Ծառուկյանի «խարիզման» չի ազդի։ «Մեր ձայները դա մեր ձայներն են, պայմանավորված են մեր աշխատանքով»,- իրավիճակն ամբողջացնում է Մհեր Շահգելդյանը:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ Գագիկ Ծառուկյանի վերադարձում լուրջ վտանգ է տեսնում ընդդիմության համար• իշխանությունն, ըստ նրա, ընտրություններից առաջ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, ընդդիմադիր ընտրազանգվածին վերահսկելու կարիք է տեսնում։ Ծառուկյանի վերադարձի կարիք Փոստանջյանը չի տեսնում։ «Միգուցե իր համակիրների համար կա, բայց ես իր համակիրը չեմ ու չեմ կարծում, որ դաշտում այդ անհրաժեշտությունը կա»,- ասում է պատգամավորը։ Թեեւ անկեղծ լինելով պիտի ասենք, որ կոնկերտ «Ժառանգության» համար Գագիկ Ծառուկյանի վերադարձը վտանգավոր չէ։ Կյանքը ցույց տվեց, որ «Ժառանգության» համար ամենամեծ վտանգը հենց «Ժառանգությունն» է ու իր առաջնորդը։

Ծառուկյանի վերադարձով հատկապես շահագրգռված է ԲՀԿ- ն կամ նրա մի հատվածը։ Մասնավորապես՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշում է. «Նրա կարիքը իսկապես զգացվում է: Մարդիկ գնահատում են նրա մարդկային տեսակը»: Ինչ վերաբերում է Ծառուկյան պատգամավորի գործունեությանը, ապա ինչպես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կասեր, օրենսդրական գործունեությունը դեռ չի նշանակում օրենսդրական գործունեություն։ Պատգամավորական գործունեությունը միայն օրենքների մշակման աշխատանքը չէ, այլ նաեւ բարեգործական միջոցառումները, դա ժողովրդին ցուցաբերվող աջակցությունն է՝ ասում է Վահե Էնֆիաջյանը՝ էստ էության լավ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում իր լինել- չլինելու մեջ էական դեր կարող է ունենալ Ծառուկյանի վերադարձը։ 

Իսկ ՀՀԿ- ն։ Այստեղ կարծես դեռ առաջնորդվում են 2015- ի փետրվարի 12- ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի տված դիրեկտիվներով։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ այդ մոտեցումները չեն փոխվել։ Կամ... առայժմ չեն փոխվել։ Ի վերջո՝ ՀՀԿ- ն հասկանում է, որ Ծառուկյանը թեեւ ունի քաղաքական լուրջ հավակնություններ, սակայն չունի դրանք իրագործելու համարձակություն։ Այնպես որ՝ այնքան էլ վտանգավոր չէ, եթե չասենք՝ օգտակար է։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քվեարկության պատմություն

Ծառուկյան Գագիկ Կոլյայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ծառուկյան Գագիկ «Բարգավաճ Հայաստան» 8 0 0 4 951 0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները