ԱԺ նոր կանոնակարգի նախագիծը պատրաստ է
Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է շրջանառության մեջ: Այն մշակել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Վերջինին որպես նախագծի հեղինակներ միացել են նաև Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը: Այդպիսով, նախագիծը կոալիցիոն գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որի մշակման ընթացքին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել:
Հավելենք, որ 2015թ. դեկտեմբերին ընդունված նոր Սահմանադրությունը 12 նոր օրենքների` այդ թվում ԱԺ նոր կանոնակարգի ընդունման պահանջ էր դնում: Արդեն ընդունված Ընտրական օրենսգրքից հետո սա քննարկման ներկայացվող երկրորդ նախագիծն է և միակը, որի մշակման իրավասությունը միայն խորհրդարանինն է:
Կառավարման նոր համակարգ. նոր իրավունքներ և լիազորություններ
Փոփոխված Սահմանադրության համաձայն` Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, փոփոխվում են Ազգային ժողովի գործառույթները, ընդլայնվում են լիազորությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը պետք է արտացոլի խորհրդարանի իրավասությունների նոր շրջանակը: ԱԺ-ն, ի տարբերություն գործող կարգի, պետք է ունենա վարչապետ և նախագահ ընտրելու, անհրաժեշտության դեպքում նրանց անվստահություն հայտնելու գործառույթներ: Պետք է վերահսկողության լծակներ ունենա գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Նոր խորհրդարանն ունենալու է ևս մեկ կարևոր լիազորություն՝ Սահմանադրության որոշ գլուխներ և հոդվածներ փոփոխելու իրավունք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Քվեարկություն արտերկրից
ԱԺ կանոնակարգի նախագիծը փոփոխված Սահմանադրությունից բխող նոր հնարավորություններ է ընձեռում խորհրդարանին: Օրինակ, հաջորդ խորհրդարանում ԱԺ նախագահն ունենալու է երեք տեղակալ, որոնցից մեկի պորտֆելը տրվելու է ընդդիմությանը: Հաջորդ ԱԺ-ն ունենալու է նաև նոր կառույցներ` խորհուրդ և քննիչ հանձնաժողով: Խորհուրդը կազմված է լինելու ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների ղեկավարներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ենթադրվում է, որ այս կառույցն է համակարգելու ԱԺ աշխատանքը: Իսկ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք խորհրդարանին ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը լինելու է ժամանակավոր՝ տվյալ հարցի ուսումնասիրման համար և կարող է ստեղծվելմիայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ հատկապես այս կառույցը կարևոր է լինելու ընդդիմության համար:
Կան նաև այլ նորամուծություններ, օրինակ, նիստերը սկսվելու են ոչ թե ժամը 12 -ին, այլ` առավոտյան 10-ին: Կամ՝ պատգամավորներից զատ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև խմբակցությունը: Պատգամավորների բացակայության հարցին նույնպես հեղինակները փորձել են որոշակի լուծում տալ: «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»,- նշված է ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի 170-րդ հոդվածի 1-ին կետում:
Մեկ այլ նորամուծությամբ պատգամավորները կարող են քվեարկել նաև արտերկրից, եթե ԱԺ-կողմից գործուղման մեջ են: Այս դեպքում պատգամավորը նախապես գրավոր պետք է տեղեկացնի, թե որ օրինագծին ինչպես է ցանկանում քվեարկել: Այլ պատճառներով, եթե դրանք անգամ հարգելի են, քվեարկություն չի թույլատրվում:
Առջևում առաջարկություններն ու դիտողություններն են
Դեռևս ոչ բոլոր պատգամավորներն են ծանոթ ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծին և առայժմ խուսափում են մեկնաբանություններից: Միայն հայտնի է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն առ այն, թե ինքը առաջարկություն կանի այն մասին, որ խմբակցության որոշումներին հակառակ քվեարկություն կատարող պատգամավորը զրկվի մանդատից: Հ.Սահակյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկությունը չի կարող ընդունվել: «Պատգամավորին մանդատի լիազորություն է տրվում Սահմանադրության ուժով և Սահմանադրությամբ էլ այն պաշտպանվում է: Նման հարցերը չեն կարող ազդել մանդատը վայր դնել-չդնելու վրա»,- հավելեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասում է, թե իրենք դեռ քննարկեն այդ և այլ հարցերն ու որոշ առաջարկություններ, այնուամենայնիվ, կներկայացնեն: «Օրինակ, նախագծի համաձայն` պատգամավորները կարող են խմբակցությունից դուրս գալ: Գործող կարգի դեպքում միայն մեծամասնական ընտրակարգով ընտրվածները կարող են դուրս գալ խմբակցությունից և պահպանել իրենց մանդատը: Համամասնականները խմբակցությունից դուրս գալու դեպքում զրկվում են մանդատից: Քանի որ հաջորդ ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգ այլևս չկա, դա կարող է բոլորին վերաբերել: Դա ճիշտ չէ, այդ դեպքում պատգամավորների մեծ մասը կարող են դուրս գալ խմբակցությունից: Մենք դեռ քննարկում ենք, և այդ ու այլ հարցերի վերաբերյալ փորձում ենք որոշակի լուծումներ գտնել ու առաջարկություններ անել»,- ասում է Մ.Մելքումյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կարծում է, որ նախագծում հստակ չեն Սահմանադրությամբ ընձեռնված լիազորությունների իրականացման մեխանիզմները:
«ԱԺ-ն այսուհետ ոչ միայն օրենսդիր իշխանություն իրականացնողն է, այլև` ներկայացուցչական մարմին , գործադիր իշխանության վերահսկողությունն իրականացնող : Մենք կանոնակարգում պետք է հստակ գրենք, թե որպես ներկայացուցչական մարմին՝ ԱԺ-ն ինչ է անում, որպես վերահսկողություն իրականացնող՝ ինչ է անում և այլն: Դա գրված չէ»,- ասում է նա:
Հ.Սահակյանը պատգամավորներին ու խմբակցություններին առաջարկում է առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնել ` մինչև նախագծի առաջին ընթերցման տարբերակը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:
Ի դեպ, Սահմանադրության 210 հոդվածի 2-րդ կետի համաձայն` ԱԺ կանոնակարգ օրենքն ուժի մեջ է մտնելու հաջորդ ԱԺ առաջին նիստի օրը: