Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ ՀՀԿ-ն ամենուր է կամ մոռացված խոստումների երկիրը

Երբ ՀՀԿ-ն ամենուր է կամ մոռացված խոստումների երկիրը

Հանրապետության իշխող կուսակցությունը նոյեմբերի 26- ի համագումարում կհայտարարի խորհրդարանական սպասվող ընտրություններում իր ռազմավարության մասին։ Բայց մինչ այդ՝ ՀՀԿ կանանց խորհրդի նոյեմբերի 5-ի համաժողովում, արդեն ուրվագծվել են այդ ռազմավարության կոնտուրները։ «Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- համաժողովում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա 2- 3 տարիները բեկումնային են լինելում։

«Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն»,- ասում էր Սերժ Սարգսյանը։ Սակայն այս խոսքը ամենեւին Կարեն Կարապետյանին չի վերաբերում։ Սա ՀՀԿ նախագահը հայտարարել էր ՀՀԿ 15- րդ համագումարում՝ 2014- ի մայիսի 24- ին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության մասին։ Ավելին՝ նաեւ վստահեցրել. «Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը»: Անցել է երկու տարի, իսկ այդ կառավարության հաջողությունների մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք դրանք չի տեսել։ Իսկ Սերժ Սարգսյանը փորձում է մոռանալ սա եւ բեկումնային է համարում առաջիկա 2-3 տարին։

ՀՀԿ նախագահի` տարբեր տարիներին այս կուսակցության նախընտրական համագումարներում տարբեր եւ իրար կրկնող հայտարարությունները վկայում են մի բան՝ դրանք լոկ հայտարարություններ են՝ զրկված գործնական որեւէ նշանակությունից։

«Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված... Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում»,- 2014-ի մայիսի 24- ին հայտարարում էր ՀՀԿ նախագահը, որից երկու տարի հետո՝ 2016-ի սեպտեմբերի 14-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ստիպված էր ԱԺ- ում արձանագրել. «Մեր տնտեսության վիճակը, բաց ու ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր»։

«Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: Առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման և խոցման միասնական համակարգեր»,-ՀՀԿ 14- րդ՝ կրկին նախընտրական համագումարում հայտարարում էր Սերժ Սարգսյանը։ Սա ապրիլյան պատերազմից չորս տարի առաջ էր՝ 2012- ի դեկտեմբերի 15- ին։ Մինչդեռ ապրիլյան պատերազմի օրերին՝ այս տարվա ապրիլի 6- ին ՀՀԿ նախագահը խոստովանում էր, որ «... մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով»։

Կամ՝ ասենք 2012- ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտի 10- ին, 13- րդ համագումարում ՀՀԿ նախագահը վստահորեն հայտարարում էր. «Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ և դեմ գնացել... լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երևույթին»: Եվ սա ՊՊԾ գնդի գրավման ժամանակ փոխոստիկանապետի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հրապարակային հայհոյանքից եւ Սարի թաղում լրագրողների վրա կազմակերպված հարձակումներից չորս տարի առաջ։ Չմոռանանք նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ լրագրողների դեմ ոստիկանների պատժիչ գործողությունները։

ՀՀԿ նախագահը նոյեմբերի 5- ին ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովում առաջարկում էր «միասին մտածել, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը մինչև 2020, կամ 2030, կամ նույնիսկ 2040 թվականները», իսկ ինը տարի առաջ՝ մեկ այլ նախընտրական՝ 11- րդ համագումարի ժամանակ (2007թ. նոյեմբերի 10) Սերժ Սարգսյանը հստակ նշում էր, որ «կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները բացառելու համար անհրաժեշտ է հոգեբանական բարդույթի հաղթահարում եւ բոլորիս կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորում վերը նշված երեւույթների նկատմամբ: Հարկերից խուսափելը, կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթ: Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը եւ ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը: Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է»։ Եվ սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալից վեց տարի առաջ։

Այս ամենից հետո գերադասում ես չմտածել ՀՀԿ նախագահի ուրվագծած ապագային մասին, առավել եւս, որ 2012-ի մարտի 10-ին ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը խոստովանել կամ թերևս վախեցրել է բոլորիս. «Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները