Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ֆինանսների նախարարը` Հայաստանի տնտեսության և ֆուտբոլի դաշտի նմանության մասին

Ֆինանսների նախարարը` Հայաստանի տնտեսության և ֆուտբոլի դաշտի նմանության մասին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ավարտեցին 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պատգամավորները կարծում են, որ ներկայացված նախագիծը զարգացում ապահովող փաստաթուղթ չէ . այն հաջորդ տարվա համար ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, իսկ հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելանում են միայն 24 մլրդ դրամով:

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է:

- Պարոն Արամյան, համաձա՞յն եք գնահատականին, որ 2017թ. բյուջեն ոչ թե տնտեսության զարգացում, այլ ընդամենը գոյատևում ապահովող փաստաթուղթ է:

- Որպեսզի զարգացում ունենանք, նախ պետք է տնտեսվարողների համար կանխատեսելի պայմաններ ստեղծենք: Դա մակրոտնտեսական կայունությունն է, որի բացակայության դեպքում զարգացման ինչ ծրագիր էլ ունենաս, դատապարտվելու է ձախողման: Մեր գերնպատակն է, որ առաջիկա տարիներին ստեղծենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որն էլ կբերի պարտքի կայունության: Եթե դա ապահովում ենք, նշանակում է` ազդում ենք տնտեսվարողների վարքագծի վրա: Հակառակն այն քաղաքականությունն է, որի արդյունքում շատ ավելի արագ աճում է պարտքի բեռը, քան` տնտեսությունը: Իհարկե, երբեմն ստիպված ես լինում նաև այդպես անել, բայց այդ գործիքը կարող ես օգտագործել մեկ-երկու տարի, բայց ոչ անվերջ:

- ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց չկա ներդրումների բացակայության պատճառով: Որտեղի՞ց եք ակնկալում ապահովել նախատեսված աճը:

- 2017թ. բյուջեի նախագծում նշած 3,2 տոկոս տնտեսական աճը հիմնականում գալու է արդյունաբերությունից և ծառայություններից: Պետք է խթանենք արտահանումը, որը նախորդ տարվա ընթացքում նվազել է, բայց այս տարի բավական լուրջ աճ է արձանագրել: Հիմնական անկումը պայմանավորված է եղել դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կրճատմամբ ՝ մոտ 20 տոկոս, այս տարի այդ ուղղությամբ 60 տոկոս աճ ենք ունեցել:

- Նաև կարծիք կա, որ սա ընդամենը աշխատավարձ ու թոշակ վճարելու և որոշակիորեն պաշտպանության ծախսեր հոգալու բյուջե է, այնպիսի բյուջե, որ անհրաժեշտության դեպքում որևէ ծախս հնարավոր չէ կրճատել:

- Ես եմ ասել, որ այս տարի մենք պետք է աշխատավարձն ու թոշակը մեր պարտավորությունների շրջանում պահպանենք: Այնուհետև ստեղծենք տնտեսական աճ, հետո գնանք աշխատավարձերի բարձրացմանը: Հակառակ գործընթացը խիստ վտանգավոր է:

- Հայաստանում տնտեսական աճին ի՞նչն է խանգարում:

- Բազմաթիվ խնդիրներ կան: Պատերազմը խոչընդոտում է, սահմանների փակ լինելը, շուկայի փոքրությունը խոչընդոտում են: Հարկաբյուջետային կամ դրամավարկային քաղաքականությունը ևս կարող է խոչընդոտել, կարող է նաև ընդլայնել:

- Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում ու նման բյուջեով աշխարհը շուռ տալ, ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտարարել:

- Շատ պարզ: Մեր գերնպատակն այսօր տնտեսական աճն է: Եթե տնտեսական աճ ունես, բոլոր խնդիրների լուծումն ավելի դյուրին է դառնում: Տնտեսական աճի դեպքում զուգահեռներ անցկացնենք լավ ֆուտբոլային խաղի հետ: Պատկերացրեք՝ մեր նպատակը լավ խաղն է: Իսկ որպեսզի ֆուտբոլային լավ խաղ ունենաս, ակնհայտ է, չէ՞, որ առաջին հերթին պետք է ունենաս լավ խոտածածկով դաշտ, դաշտը նաև պետք է խորդուբորդ չլինի: Տնտեսության մեջ դա մակրոտնտեսական իրավիճակն է: Հիմա որոշակի խորդուբորդություններ առաջացել են պարտքի պատճառով. պետական պարտքն ավելի արագ է աճել, քան տնտեսությունն է զարգացել:

- Պարտք այլևս չե՞ք վերցնելու:

- Արդեն տեսնում եք, որ 2017թ. պարտքի աճը դանդաղում է և ՀՆԱ-ի մեջ 2 տոկոսի շրջանակներում է: Սա մեր թիվ մեկ թիրախն է:

- Հնարավո՞ր է առաջիկա տարիներին պարտքը հասնի ՀՆԱ-ի 60 տոկոսին:

- Հնարավոր է: Տարբեր երկրներում պարտքի տարբեր մակարդակ և ձախողումների տարբեր սցենարներ կան: Երկիր է եղել, ձախողվել է 40 տոկոսով, երկիր է եղել՝ 70 տոկոսով: Բավական շատ ցուցիչներ կան: Վերադառնալով մեր ֆուտբոլային խաղին՝ ասեմ, որ բացի դաշտից, նաև պետք է խաղի նույն կանոնները գործեն բոլոր խաղացողների համար:

- Դո՞ւք էլ եք ընդունում, որ Հայաստանի տնտեսության մեջ հավասար խաղի կանոններ չեն եղել:

- Խնդրում եմ ինձ մի տվեք հարցեր, թե ինչ է եղել կամ չի եղել: Եթե ինչ-որ տեղ խնդիր չկա, ուրեմն կառավարությունն անելիք չունի: Այո, խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել: Կա խնդիր, որ տնտեսվարողները պետք է նույն խաղի կանոններով շարժվեն, որ մի տնտեսվարողը ռեգբի չխաղա, մյուսը՝ բասկետբոլ, երրորդը՝ ֆուտբոլ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները