էթիկայի հանձնաժողովը խախտել էր ԱԺ կանոնակարգը. ո՞վ էր մեղավոր
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը 10-րդ նստաշրջանի իր առաջին նիստը կանցկացնի նոյեմբերի 11-ին: Օրակարգի միակ հարցը նախադեպային է: Այն վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին. նախորդ՝ 9-րդ նստաշրջանում, հանձնաժողովը քննարկել էր ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական 7 պատգմավորների հարցը ու որոշել, որ նրանք խախտել են Ազգային ժողովի կանոնակարգն ու էթիկայի նորմը: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավրները «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են: Սուքիաս Ավետիսյանը նաև էթիկայի հանձնաժողովի նախագահն է, թեպետ ԱԺ կանոկարգ օրենքի տրամաբանությունը այլ բան է հուշում :
ԲՀԿ-ն էլ ընդդիմադիր չէ՞
Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 24-րդ հոդվածի՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնում են ամենամեծ ընդդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների անդամները: Նախորդ՝ 9-րդ նստաշրջանում հանձնաժողովը, որպես ամենամեծ ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ղեկավարում էր Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում էր, որ ընթացիկ 10-րդ նստաշրջանում նախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ ամենամեծ ընդդիմադիր, այն է՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը: Ընտրվել է, սակայն, ոչ թե կանոնակարգից բխող ՀՀԿ-ԲՀԿ, այլ ՀՀԿ-ՀՀԿ հաջորդականությունը:
Տարակուսած են բոլորը
Հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը տարակուսած էր, թե ինչպես կարող էր խախտվել օրենքով սահմանված կարգը: «Հանձնաժողովը դեռ նիստ չի արել, որպեսզի մենք տեղեկացված լինեինք, թե ով է նախագահելու այն: Նախագահի հարցը կարգավորում է կանոնակարգ-օրենքը, ավտոմատ: Եթե նախորդ նստաշրջանում նախագահը եղել է ՀՀԿ խմբակցությունից, ապա այս նստաշրջանում, առանց հատուկ քննարկման, պետք է լինի ԲՀԿ-ից»,-ասաց Թևան Պողոսյանը:
Սուքիաս Ավետիսյանն էլ էր տարակուսած, բայց ոչ սահմանված հաջորդականության խախտման փաստից: Նրան զարմացրեց մեր հարցը, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանից հետո հանձնաժողովի նախագահությունը փոխանցվել իրեն և ոչ թե ԲՀԿ-ի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանին: Սուքիաս Ավետիսյանը չէր հիշում, որ նախորդ՝ 9-րդ նստաշրջանում հանձնաժողովը ղեկավարել է ՀՀԿ-ն: Դրա համար էլ նախ ասաց, թե «այո, այդպես էլ պետք է լիներ, որովհետև ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունները ղեկավարում են ռոտացիայով», հետո, երբ պնդեցինք, որ նախորդ հանձնաժողովի նախագահը Խոսրով Հարությունյանն էր, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Երևի մեզ երկու անգամ է հասնում»: Նկատենք, որ Ավետիսյանը նախորդ նստաշրջանում եղել է էթիկայի հանձնաժողովի անդամ, ու գոնե նա պետք է իմանար, որ կանոնակարգ-օրենքը չէր կարող թույլ տալ, որ «իրենց երկու անգամ հասնի»:
Էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը, իմանալով օրենքը, ենթադրել է, որ հանձնաժողովը 10-րդ նստաշրջանում ղեկավարելու է ինքը, մինչդեռ իրեն ընդամենը զանգահարել ու ասել են, որ ուրբաթ օրը նիստ է կայանալու:
Լյովա Խաչատրյանը դեռ հույսը չի կորցրել: Կատակեց. «Սպասենք,ամսի 11-ը գա: Գուցե նիստում որոշվում է, որ ես եմ հանձնաժողովի նախագահը»: Բայց երբ տեղեկացրինք, որ Ազգային ժողովի կայքում, հանձնաժողովի էջում, արդեն տեղադրված է նիստի օրակարգը՝ հրավիրված հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից, տարակուսեց. «Այսինքն, ո՞նց: Համ իր հարցը պիտի քննարկվի, համ էլ նիստը ինքը պետք է նախագահի՞»: Լյովա Խաչատրյանը վրդվված էր: Ասաց՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այնքան է կանոնակարգի խախտումներ թույլ տվել, որ հիմա էլ, կանոնակարգը խախտելով էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակել Սուքիաս Ավետիսյանին:
Կարճ ղեկավարեց Սուքիաս Ավետիսյանը
Նյութը պատրաստելիս՝ հարկ համարեցինք նաև պարզել, թե կա՞ արդյոք Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ստորագրված իրավական ակտ՝ Սուքիաս Ավետիսյանին էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին, թե դրա համար միայն օրենսդրական կարգավորումը բավական է: Ի պատասխան ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, թե բոլոր հանձնաժողովների նախագահների նշանակման մասին ԱԺ նախագահի գրավոր կարգադրությունը պարտադիր է: Դրանից հետո մոտ մեկ ժամ պահանջվեց, որպեսզի ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը ևս մեկ անգամ ճշտեր իրավիճակի մանրամասները ու ձևակերպեր պատճառաբանությունը. այն է՝ մեղավորը Ազգային ժողովի պաշտոնական կայքն է ու դրա համապատասխան աշխատակիցը՝ Սուքիաս Ավետիսյանի ու Լյովա Խաչատրյանի անունները խառնելու համար: Անունները կայքում փոխվեցին, փոխվե՞ց նաև ԱԺ նախագահի կարգադրությունը, հայտնի չէ:
Ի դեպ, «Մեդիա և իրավունք» կազմակերպությունը, որի դիմումը պետք է քննարկվի նոյեմբերի 11-ին, էթիկայի հանձնաժողովի նիստում, վիճարկում է հենց Սուքիաս Ավետիսյանի նախագահությամբ նիստը անցկացնելու հարցը, քանի որ դիմումում նշված է նաև նրա անունը՝ որպես ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավոր: