Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայրենիքի հաշվին՝ հանուն հայրենիքի

Հայրենիքի հաշվին՝ հանուն հայրենիքի

Նախորդ շաբաթ կառավարությունը հանդես եկավ զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու առաջարկով։ Հիմնադրամն ստեղծվելու է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ գանձելով։

Իր աշխատանքային ողջ գործունեությունը սոցիալական համակարգում անցկացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշում է, որ ապրիլյան պատերազմից հետո կար որոշակի ոչ համակարգված աշխատանք՝ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին երաշխիքների տրամադրման հետ կապված եւ այսպիսով այդ խնդիրներին համակարգային լուծում է տրվում։

Պատերազմի ժամանակ ոչ համակարգված աշխատանքի խոստովանություն անող նախարարը, որը նաև պատասխանահու է այդ աշխատանքի համար, բնականաբար հրաժարական չի տալիս։ Իշխանության համար պատասխանատվություն կրողները Հայաստանում երբեք պատասխանատվություն չեն կրում եւ այսօր իրենց անպատասխանատվության հետեւանքները փորձում են լուծել՝ հասարակությունից հավելյալ գումար հավաքելով։

«Վստահությունը եւ հավատը հենց կատարված գործողություններից էլ բխելու է: Ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ անվստահության մթնոլորտ չսերմանենք»,-
նախաձեռնության մասին նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Մինչդեռ խնդիրը ոչ թե անվստահության, այլ հենց վստահության մթնոլորտն է։ Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե կոռումպացված իշխանությունում ում են վստահվելու այդ գումարները։

Մյուս հանգամանքը յուրաքանչյուրի աշխատավարձից գանձվող գումարն է։ Նաեւ նրանցից, որոնց որդիները ծառայում են բանակում։ Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք որդիներին բանակ ուղարկելուց հետո քայլերն ուղղում են Կոմբատ կամ այլ մասնագիտացված խանութ` իրենց զինվորների համար հագուստ ու կոշիկ գնելու, քանի որ հենց հագուստն ու կոշիկն է, որ իրենց որդիներին բանակում պետք են գալու։ Ու բանակում ստեղծված այդ անտերությունը հաղթահարելու փոխարեն կառավարությունն առաջարկում է զինվորների ծնողներին իրենց վրա հավելյալ ֆինանսական բեռ վերցնել։

Ու սա ստեղծվող համակարգի հիմքում դրվող միակ անարդարությունը չէ։ Կառավարությունը փորձում է հարուստ ու աղքատ աշխատողներից հավասար չափով գումար գանձել, բայց նույն այդ գումարը պատրաստ չէ հավասար չափով բաժանել զոհված ու սպանված սպային, ենթասպային, զինվորին ու նրանց ընտանիքին։

Եվս մեկ անարդարությունն էլ համակարգի շահառումներ համար սահմանված ժամկետն է։ Դրանից կօգտվեն միայն 2017- ի հունվարից հետո զոհված եւ վիրավորված զինծառայողները։ Իսկ դրանից առաջ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարածներն ինչո՞վ են մեղավոր իշխանության անպատասխանատվության համար։

«Վճարելու եմ այդ 1000 դրամը։ Լուռ, անխոս, առանց ձեւականության՝ համարելով նաեւ՝ պարտադիր։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ համակարգը կայանա»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ դաշնակցության խմբակցությունից նախկին պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՝ միաժամանակ համաձայնելով, որ շատ են թալանել, հղփացել, միլիոնատեր դարձել: Բայց եկեք համաձայնենք, որ «շատ թալանել, հղփացել ու միլիոնատեր» են դարձել հենց այն պատճառով, որ մենք՝ հանրությունը, «լուռ, անխոս, առանց ձեւականության» դա թույլ ենք տվել։

Ու եթե այս համակարգը պետք է կայանա, ապա միայն ոչ լուռ ու անխոս պայմաններում։ Այս համակարգը կայացնելուց առաջ նախ հասարակությունը պետք է վստահ լինի, որ դրա համար միայն ինքը չի վճարելու, եւ այդ գումարները եւս չեն գրպանվելու։

Եթե սա հավատի գործ է, ուրեմն եկեք վճարենք այդ հավատի տասանորդը, բայց մինչ այդ՝ մեր վերնախավը պետք է մեզ տա հստակ երաշխիքներ, որ ինքը եւս այս գործի մասնակիցն է։ Մինչ այս՝ թող այդ հիմնադրամին իրենց անձնական գումարները փոխանցեն 1995 թվականից հետո կառավարություն ձեւավորած կուսակցությունները, նրանց խմբակցության անդամ հանդիսացած պատգամավորները, հանրապետության նախագահները, վարչապետերը, կառավարությունների անդամ նախարարներն ու փոխնախարարները, գործադիրին առընթեր մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, մարզպետերն ու իշխող կուսակցություններին անդամակցող համայնքապետերը, բանակում եւ երկրում կոռուպցիայի համար հարմարավետ պայմանների համար պատասխանատվություն կրող գլխավոր դատախազներն ու նրանց տեղակալները, երկրում իրավական նիհիլիզմի միջավայր ձեւավորած դատավորներն ու Սահմանադրական դատարանի նախկին ու ներկա անդամները։ Թող նախ նրանք հավաքեն այդ գումարը եւ վճարեն մինչեւ 2017 թվականի հունվարը իրենց հայրենիքի համար կյանքը զոհած զինծառայողների ընտանիքներին կամ վիրավորված զինվորներին։ Իսկ 2017- ից հետո՝ դրան նաեւ հասարակությունը կարող է միանալ։

Այս համակարգը ներդնելուց առաջ վերնախավը պետք է ապացուցի մեզ, որ այս պահից ինքն ապրելու է ոչ միայն հայրենիքի հաշվին, այլ նաեւ՝ հանուն հայրենիքի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները