Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

1000 դրամներով դեպի ազգ-բանակ գաղափարի իրականացում

1000 դրամներով դեպի ազգ-բանակ գաղափարի իրականացում

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մեկամսյա պաշտոնավարումից հետո առաջին անգամ նոյեմբերի 14-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց Ազգային ժողովին: Ու պատահական չէր, որ նա անհրաժեշտ գտավ ամբիոնից հայտարարել, որ այս նախագծով ինքը քաղաքական նպատակներ չի հետապնդում, միավորներ չի ուզում հավաքել. նախագծում հատկապես մեկ՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր պահում կատարելու մասին դրույթի առկայությունը վերջին օրերին հասարակական լայն քննարկման ու խիստ քննադատության էր արժանացել: Նորանշանակ նախարարի նախաձեռնությունը որակվեց PRակցիա ու ևս մեկ անգամ առիթ տվեց խոսելու երկիրը թալանողների ու բանակի հաշվին հարստացողների մասին:

Ապահովագրական հիմնադրամ՝ բյուջեի փոխարեն

Կառավարությունը ներկայացրել է օրենսդրական փաթեթ՝ կազմված մեկ նոր օրենքի նախագծից՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», և 2 այլ նախագծերից, որոնք փոփոխություններ են առաջարկում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Փաթեթը նպատակ ունի ներդնել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նոր համակարգ: Նախատեսվում է ստեղծել հատուկ ապահովագրական հիմնադրամ, որը կմիավորի բանակին աջակցելու նպատակով պետությունից ու անհատներից ստացվող դրամական միջոցները, կապահովի դրանց պրոֆեսիոնալ կառավարումը և հատուցման գործառույթը:

Հատուցման գումարներ կվճարվեն այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ-ի պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ: Զոհվածների հատուցումը կտրվի օրենքով սահմանված շահառուներին: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը կլինի 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում 5 միլիոն դրամ, այնուհետև ամսավճարներ՝ 300 կամ 200 հազար դրամ: Հիմնադրամի գումարները կձևավորվեն նվիրատվություններից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամեն ամիս պահվող 1000-ական դրամներից:

Գումարը կա, տեղը չգիտեն

Դեռևս չստեղծված հիմնադրամի նվիրատվությունն ու դրամաշնորհը հաշվել, բնականաբար, հնարավոր չէ, փոխարենը կառավարությունը արդեն հաշվել է, որ ամսական տրվող 1000 դրամներից կկուտակվի տարեկան 4,5-5 միլիարդ դրամ: Այն, համաձայն օրենքի, նախատեսվում է 2017-ի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի հատուցման համար, եթե, Աստված մի արասցե, այդպիսիք լինեն: Դրանից առաջ զոհվածներին այս հիմնադրամից հատուցում կտրվի, եթե գումարները բավարարեն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ սա դիսկրիմինացիա է: Կառավարությունը, նրա խոսքով, Հայաստանի զոհված քաղաքացիներին զատում է՝ ասելով՝ դու հերոս ես, իսկ դու՝ ոչ: Ցավը, որ Լևոն Զուրաբյանը պարբերաբար զգում է զոհվածների հարազատների հետ շփվելով, Վիգեն Սարգսյանն ասաց՝ ինքն զգում է ամեն օր. «Ու եթե կարծում եք, որ Դուք նրանց մասին ինձանից 1 վայրկյան ավել եք մտածում, ուրեմն, ինձ չեք ճանաչում: Սա ինձ տխրեցնում է, որովհետև մենք իրար վաղուց ենք ճանաչում»,- եզրափակեց նախարարը:

Պատգամավորները, սակայն, գիտեին, թե որտեղից կարելի է գտնել գումարներ՝ օրենքի հետադարձ կիրառումն ապահովելու համար: Մարուքյանը, օրինակ, հուշեց. «Որոշվեց, որ կարմիր գծանշանների վճարներն ու ճանապարհային տուգանքների գումարներն ուղղվեն պետական բյուջե, կարելի է դրանք ուղղել հենց պաշտպանության ոլորտին։ Ավելին՝ ՊԵԿ-ը կառուցել է հզոր, 5-աստղանի կրթական կենտրոն, որն, ըստ էության, հյուրանոց է։ Հիմա էլ խոսակցություններ կան, որ դա պետք է վաճառվի։ Կարող են այդ վաճառքից ստացված միլիոնավոր դոլարները փոխանցել նշված հաշվեհամարին»։ Նախարարը չբացառեց, որ ուսումնական կենտրոնի վաճառքի գումարները կարող են փոխանցվել հիմնադրամին, բայց դա, ասաց՝ ուրիշ քաղաքականության և ապագայի հարց է. հստակ է մեկ բան՝բոլոր թալանված միջոցները պետք է վերադարձվեն բյուջե, բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսողները պետք է պատժվեն:

Կառավարությունը նախագիծը Ազգային ժողով էր բերել առանց հասարակական լայն քննարկումների: Հապճեպության պատճառը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նախարարն ասաց՝ եթե նախագիծը չքննարկվեր այս նստաշրջանում, գարնանայինում այլևս չէր քննարկվի՝ նախընտրական տրամադրությունների պատճառով: Մինչև առաջին ընթերցմամբ քվեարկությունը, սակայն, հեղինակները պատրաստ են լսել առաջարկություններ ու հարկ եղած դեպքում՝ նաև ընդունել: Երկու հարց նախարարը արդեն պատրաստ է վերանայել: Բացի նվազագույն աշխատավարձ ստացողներից՝ 1000 դրամ պարտադիր վճարներից կազատվեն ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները,նաև այն ընտանիքները, որոնք ունեն զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներ:

1000 դրամը՝ 1000 ցավ քննելու առիթ

1000 դրամներով զինծառայողների աջակցության հիմնադրամ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը առիթ դարձավ, որ 5 տարվա մեջ առաջին անգամ պատգամավորներ Բազմասեր Առաքելյանն ու Շուշան Պետրոսյանը մոտենան Ազգային ժողովի ամբիոնին, Սեդրակ Սարոյանը կրկնի աննախադեպ ելույթի իր երկու տարվա վաղեմության ռեկորդը, ու Արամ Մանուկյանն էլ նույն ոճով պատասխանի նրան: Սարոյանը անկեղծացավ այնքան, որ առանց այլևայլության հաստատեց հիմնադրամի ստեղծման հետ կապված մտահոգությունները: Ինքը 1000 դրամ պարտադիր պահումներին կողմ էր ու ասաց, որ ճիշտ կլինեն նրանք, ովքեր կասեն, թե իր ձենը տաք տեղից է գալիս, ու 1000 դրամը իր համար փող չէ: Բացատրեց, որ շատերի համար 1000 դրամը փող չէ՝ հաշվեք, թե մտել եք եկեղեցի ու ձեր երեխեքի համար 2 մոմ եք վառել: Ընդունեց, որ բանակից գողացողներ են եղել, բայց վստահ էր՝ քթներից է գալու.

«Իրանց քթերից էլ դուրս չգա, էրեխեքի քթերից ա դուրս գալու: Հլա ես չեմ տեսել, որ բանակից գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն, կամ էրեխեքն են նարկաման դառնում: Նենց որ` էտ թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը»:Սարոյանին արձագանքեց Արամ Մանուկյանը. «Սեյրա'ն ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, կուլտուրական մարդ: Ես ու Լյովը կարող ա չիմանանք` բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս` ովքեր են բանակից գողացողները: Եթե գիտես, Աստվա՞ծ պետք է պատժի էդ գողացողներին: Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը ասել, բայց էսպես երկիր չեն կառուցում»,- ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանն առաջարկում էր կանխել երկրից հսկայական գումարների արտահոսքը, դուրս բերել ստվերում շրջանառվող դրամական միջոցները ու դրանք փոխանցել հիմնադրամին: Ասաց՝ թող գերագույն գլխավոր հրամանատարը դիմի երկրի 5 միլիարդատերերին ու 60 միլիոնատեր պատգամավորներին, որ նրանք ևս աջակցեն հիմնադրամին:

Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդես գալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությամբ: Կողմ արտահայտվելով 1000 դրամ պահումներին՝ ասաց, որ ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշգրիտ տեղեկատվություն յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի ունեցվածքի մասին: Հանձնաժողովը պետք է զբաղվի նրանց ունեցվածքի գույքագրմամբ: «Ժողովուրդը պետք է իմանա, թե այդ բարձրաստիճան տամոժնիկներն ու դատախազները, պատգամավորները, ով շվեյցարական բանկում ինչքան փող ունի: Առաջիկայում ես նախագիծ եմ ներկայացնելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին: Ու նրանք պետք է նոտարով հաստատված թուղթ տան, որ թույլ են տալիս իրենց գույքային վիճակը ստուգել: Հատ-հատ պետք է իմանանք` ով, որտեղ, ինչ ունի: Պետք է իմանաք, թե ով ինչ է տարել այս պետությունից»,-ասաց Փաշինյանը:

Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալու համար հերթագրվել էր շուրջ 4 տասնյակ պատգամավոր: Ընդհանուր մոտեցումը, որ քննարկման առաջին երկու օրերին հնչում էր խորհրդարանի դահլիճում՝ զինվորին օգնելու պարտավորվածության գիտակցումն էր բոլորի կողմից, տարաձայնությունները այն կյանքի կոչելու եղանակների միջև էր:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները