Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի

Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ավարտեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 210 միլիարդ են, ծախսերը` 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ կամ 24 մլրդ դրամով ավելի 2016թ. նույն ցուցանիշից: Դեֆիցիտը 150 մլրդ դրամ է, որից 79 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ արտաքին, իսկ 71 մլրդ-ը` ներքին աղբյուրներից: Կառավարությունը 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում` 2016-ի 2,4-ի փոխարեն: Կառավարությունն այս ցուցանիշներով հաջորդ տարվա բյուջեն համարում է կայունացնող և զարգացման նախադրյալներ ստեղծող, մինչդեռ ընդդիմության տեսանկյունից այն զարգացում չնախատեսող, լարում չպահանջող և գոյատևման բյուջե է:

Առաջինն անգամ` առանց վարչապետի

Երկրի գլխավոր փաստաթղթի քննարկման երկու օրերին վարչապետ Կարեն Կարապետյանն այդպես էլ Ազգային ժողով չեկավ: Եթե նոյեմբերի17-ին նա Մոսկվայում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ապա 18-ին արդեն Երևանում էր ու առավոտյան կառավարության նիստ էր անցկացրել: Նիստից հետո, սակայն, Կարեն Կարապետյանն այդպես էլ ԱԺ չեկավ: Բյուջետային այս քննարկումներն աննախադեպ էին նրանով, որ անցան առանց վարչապետի` թեկուզ կարճատև ներկայության:

Ընդ որում` նոյեմբերի17-ին, երբ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ԱԺ ամբիոնից ներկայացնում էր այդ նախագիծը, դահլիճում ոչ մի պատգամավոր չկար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չթաքցրեց դժգոհությունը: «Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, բայց կառավարությունն այստեղ չի: Այսպիսի՞ բան: Զարմանալի պատմություն է»,- նեղսրտեց նա ու ինքն էլ հեռացավ դահլիճից:

Իրատեսակա՞ն, թե՞ ֆանտաստիկ

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշեց, որ բյուջեն 2017-ին դրական փոփոխություններ չի խոստանում: «Թեև կառավարությունն է փոխվել, բայց բյուջեի այս նախագիծը ոչ մի ցուցանիշով չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից»,- հայտարարեց Բիշարյանը՝ հավելելով, թե ՕԵԿ-ը չի կարող կողմ քվեարկել նախագծին:

«Մենք գտնվում ենք պարտքային մի փոսի մեջ, որը գնալով էլ ավելի է խորանում, բայց եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան, ինչը, սակայն, չի արվել: Մինչդեռ երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է: Մի չարչարեք ժողովրդին, թող գան նրանք, ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ն էլ չի րկարող կողմ քվեարկել բյուջեի նախագծին:
«Ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ ռեալիստական ու ֆանտաստիկ: Եթե ընտրենք ռեալիստականը, ապա մեզ կփրկեն այլմոլորակայինները, իսկ ֆանտաստիկի դեպքում՝ մենք մեզ կփրկենք»,- ելույթն այսպես եզրափակեց Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երկու «լավ լուր» ավետեց: Նախ այն, որ գոնե հաջորդ տարի ՀՀ քաղաքացիները ազգային տուրք չեն փոխանցելու Զորի Բալայանին ու Հայաստանում ծովագնացության զարգացմանը: Երկրորդ, որ բյուջեի նախագծով նախատեսված չեն նաև միջոցներ հայկական առաջին տիեզերական արբանյակի կառուցման համար: «Հայաստանի տնտեսության թոքերը կարող են շնչել միայն այն դեպքում, երբ իշխանությունը քաղաքական կամք դրսևորի ու կտրի այն ճյուղը, որի վրա մենաշնորհներն են ու ստվերը»,-ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք չեն կարող նախագծին կողմ քվեարկել:
Ավելի ուշ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք պարզապես չեն մասնակցելու քվեարկությանը:

Առանց պոպուլիզմի

Բյուջեի նախագծին բնականաբար կողմ կքվեարկեն կոալիցիոն Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները: Վերջինիս ղեկավար Արմեն Ռուստամյանը 3.2 տոկոս աճը խիստ պահպանողական է համարում, բայց միաժամանակ համոզված է, որ կառավարությունն աշխատելու է: «Վստահ ենք, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է` հասնելու այնպիսի խնդիրների լուծման, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան կամք և կառավարման արդյունավետություն: Կարևորում ենք կառավարության կողմից չափելի միջոցառումների, ծրագրերի իրականացումը` բյուջետային ծրագրավորման ներդրումը, կառավարման համակարգի օպտիմալացումը, ծախսերի սահմանափակումը, ավելորդ հիմնարկների կրճատումը, քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին հասանելի վարկավորում ապահովելը, կեղեքիչ վարչարարության վերացումը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` կառավարությունը պահպանողական և մակրոտնտեսական կայունության բյուջե է ներկայացրել: Փաստաթուղթն իրատեսական է և հենց դրանով էլ հիասթափեցրել է ընդդիմադիրներին ՝ հայտարարեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը և կառավարությանը հորդորեց չշեղվել նպատակադրված խնդիրներից:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարարը ընդգծեց, որ ընտրություններից առաջ կառավարությունը քաջություն է ունեցել ոչ թե պոպուլիստական, այլ իրատեսական նախագիծ ներկայացնելու: «Կառավարությունը ոչ թե բյուջե է ներկայացրել, որը կարող էր գրավիչ թվալ, բայց հետո լուրջ պրոբլեմներ ստեղծել, այլ ներկայացրել է փաստաթուղթ, որը զարգացման հենքեր է ստեղծում»,- Վարդան Արամյանը:

Հաջորդ չորս օրերի ընթացքում պատգամավորները պետք է գրավոր առաջարկություններ ներկայացնեն կառավարություն՝ դրանք նախագծում ներառելու համար: Կառավարությունն այդ առաջարկությունները քննարկելուց, հավանաբար դրանց մի մասը ընդունելուց և նախագծում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո այն նորից կներկայացնի ԱԺ՝ արդեն հաստատման համար:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները