Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սերժ Սարգսյանի 7 խորհուրդն ու դառը իրականությունը

Սերժ Սարգսյանի 7 խորհուրդն ու դառը իրականությունը

Նոյեմբերի 26- ի՝ ՀՀԿ համագումարի գիշերը հանրապետականների «ոսկե երիտասարդությունն» ուրախանում էր։ Այդ ուրախության արդյունքում երեւելի հանրապետականներից մեկի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանն ու ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության նախագահ ու քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն դանակահարեցին։ Լուրեր տարածվեցին, որ մեղավորը մեկ այլ հանրապետականի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Թեեւ հետագայում այս լուրը հերքվեց, սակայն ոչ մեկին չզարմացրեց, որ Խաչատրյանի որդին կարող է մարդ վիրավորել։

Արդեն կեսօրին հանրապետության խոշորագույն կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որ «Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»։

«Վստահություն ներշնչող անհատներ» ասելով՝ ՀՀԿ նախագահը նկատի ուներ Կարեն Կարապետյանին։ «Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը՝ մոռանալով կամ ցանկանալով մոռանալ իր իսկ պարտադրած նոր Սահմանադրությունը։ Այն կառավարության եւ խորհրդարանի անդամների համար սահմանում է որոշակի ցենզ, այդ թվում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող»։ Սակայն հայոց նորագույն պատմության մեջ արդեն նման մի փորձ ունեցել ենք, թե ինչպես պետք է «թքել» Սահմանադրության վրա։ Ու այս պայմաններում համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը հանդես է գալիս 7 խորհրդով։ Դրանցից մեկը. «Երկրորդ խորհուրդը։ Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը»։

Սերժ Սարգսյանը, խոսելով խորհրդարանական կառավարման մասին, հայտարարում էր. «Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները»։ Ու սա այն օրը, երբ պարզ էր դառնում, որ Կարեն Կարապետյանի հետ միասին ՀՀԿ- ին միանգամից անդամակցում են 7 հազար նոր անդամներ։ Հանկարծ միանգամից 7 հազար մարդ հասկացավ, որ ինքը նժդեհական գաղափարախոսության կրողն ու համախոհն էր։ Թեեւ այստեղ հենց նժդեհյան գաղափարախոսությունն է, որ կարեւոր չէ, ինչը դրանից մի քանի օր առաջ խոստովանել էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա, լրագրողների հարցերին ի պատասխան, նշել էր, որ Նժեհի ուսմունքին տեղյակ չէ։ «Էդ գազավիկներն են»,- խոստովանել էր մեկ այլ հանրապետական՝ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ հասկացնելով, որ հանկարծ իրենց մեջ նժդեհականություն զգացած ու ազգային գաղափարախոսությամբ տոգորված 7000 նոր կուսակցականները ռուսական «Գազպրոմ- Արմենիայի» աշխատակիցներն են։

Այս պայմաններում ապագա խորհրդարանական համակարգի համար վտանգավորը ոչ թե մարդ- կուսակցություններն են, այլ Հայաստանում գաղափարախոսական համախոհության եւ ներքին ժողովրդավարության վրա հիմնված իրական քաղաքական կուսակցությունների բացակայությունը։

Բայց սա չէր ամենակարեւորը , այլ այն, որ ՀՀԿ է գալիս վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով՝ օգտագործելու համար այս գործիքն իր ծրագրերի իրականացման համար։ Ճիշտ այնպես, ինչպես 1999- ին ՀՀԿ- ն օգտագործեց հետագայում վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանը, ինչպես 2006- ին ՀՀԿ- ն օգտագործեց հետագայում վարչապետ եւ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը։

Ինչպես ցույց տվեց պատմությունը, երբ իշխող կուսակցությունը դառնում է ոչ թե գաղափարների գեներացման, այլ իշխանության իրացման կառույց, վտանգվում է երկրի անվտանգությունը (ապրիլյան պատերազմը ձեզ օրինակ), ներքին խաղաղությունը (ՊՊԾ գնդի գրավումը ներքաղաքական առաջին ճգնաժամը չէր), տնտեսական կայունությունը (եթե Հայաստանում երբեւէ դա եղել է)։

«Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ»,- ասում էր Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26- ին ՀՀԿ պատվիրակներին։ Հետաքրքիր է, թե այդ պահին ինչ էին մտածում համագումարի դահլիճում հավաքվածները, որոնք ՀՀԿ- ին անդամագրվել էին միայն կյանքի ու իշխանության վայելքներից օգտվելու համար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները