Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եթե կուսակցությունները չունեն ներքին ժողովրդավարություն, չեն կարող ժողովրդավարության ջատագով լինել

Եթե կուսակցությունները չունեն ներքին ժողովրդավարություն, չեն կարող ժողովրդավարության ջատագով լինել

Նոյեմբերի 28-30-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը: Parliamentmonitoring.am-ը թեմայի շուրջ զրուցել է Հանրապետական խմբակցության անդամ, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքն է, թե Կուսակցությունների մասին օրենքում պետք է այնպիսի սահմանափակումներ մտցնել, որ քիչ անդամներ ունեցող կուսակցությունները չկարողանան գոյություն ունենալ, քանի որ նախընտրական շրջանում երևալու և փող աշխատելու համար նրանք փորձում են միանալ մեծերին: Ձեզ համար ընդունելի՞ է այս դիտարկումը:

- Կարծում եմ՝ այդ հարցադրումն արհեստածին է: Ունենք այնպիսի կուսակցություններ, որոնք դարձել են քաղաքական գործիչների թրծման ինստիտուտներ: Բայց հանրության լավագույն պոտենցիալի մեծ մասը կուսակցություններից դուրս է: Հետևաբար, մեր խնդիրն է փորձել նպաստավոր պայմաններ ստեղծել, որ առողջ կարիերայի ձգտող մարդիկ իմանան, որ դրան հասնելու ճանապարհը այս կամ այն կուսակցությունն է: Այսինքն, նպաստավոր պայմաններ ստեղծել, որ կուսակցությունները կայանան: Կուսակցությունների կայացման լավագույն պայմաններից մեկն էլ ազատ մրցակցությունն է:

- Չե՞ք կարծում, որ մեր երկրում փոքր կուսակցություններն, այնուամենայնիվ, ունեն նման վարքագիծ:

- Ցավոք, հանրության մեջ դաջված է այն կարծիքը, թե ազդեցիկ է այն կուսակցությունը, որն ավելի շատ անդամ ունի: Ես դա չեմ մերժում, բայց արդյո՞ք դա միակ երաշխիքն է: Համաձայնեք, որ միշտ չէ, որ այդպես է: Իմ պատկերացմամբ հայաստանյան քաղաքական իրականության մեջ ոչ այնքան պետք է կուսակցությունների մեջ մրցակցություն գնա, թե ով ավելի շատ անդամ ունի, այլ՝ թե ում կառույցում ավելի շատ մտավոր, հոգևոր, հանրության համար ճանաչելի, փորձառություն և հմտություն ունեցող անդամներ կան: Եթե մենք խնդիրն այսպես ենք դնում, ապա այն 70 կուսակցություններն առաջին հինգին չեն խանգարում ընդհանրապես:

Բայց, կներեք, մյուս կողմից էլ՝ շատ ու շատ մեծ կուսակցություններ են դիմում այդ փոքր կուսակցություններին: Եթե ես եկել եմ ու ձեզ կպել, ապա դու շատ հանգիստ կարող ես ասել՝ գնա այստեղից: ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից քանի՞սը կարողացան իրենց կուռ շարքերը պահպանել: Քանդվեցին բոլորը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Որովհետև նրանք այդ կուսակցության մեջ հավաքվել են ոչ գաղափարական, ոչ քաղաքական և ոչ էլ հանրային կյանքի կազմակերպման դոկտրինալ մոտեցումներից ելնելով: Եթե չլինի գաղափարախոսական ընդհանրությունը, դժվար կլինի խոսել ներկուսակցական կուռ կառուցվածքի մասին:

- Նոր նախագիծը նպաստո՞ւմ է կուսակցությունների կայացմանը:

- Անշուշտ: Բայց ես ասում եմ՝ վերացրեք այն արհեստական պահանջները, որոնք պետության համար դառնում են կուսակցության ներքին գործերին միջամտելու գործիք: Ինչո՞ւ եք պահանջում, որ կուսակցությունները Երևանում կամ մարզերի 1/3-ում ունենա տարածքային կառույցներ: Չէ՞ որ այդպիսով դա այդ կուսակցությունների նպատակը կդառնա: Եվ եթե չի կատարում այդ պայմանը, ասում եք՝ կդադարես գործելուց: Կամ այն պահանջը, որ հիմնադիր համագումարը լինի առնվազն 100 հոգու միաձայն որոշմամբ: Ես ասում եմ՝ ինչո՞ւ միաձայն, դա արհեստածին պահանջ է: Ովքեր դեմ կլինեն համագումարի որոշմանը, թող դուրս գան: Կամ ինչո՞ւ եք սահմանում, որ գրանցելու համար 6 ամիս հետո կուսակցության անդամների քանակը պետք է հասնի 1000-ի: ԱՄՆ Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության հիմնադրման համար հարկավոր է ընդամենը 500 մարդ:

- Համաձայն չե՞ք հասարակական կազմակերպությունների այն կարծիքին, որ նախագիծը չի նպաստելու ներկուսակցական ժողովրդավարությանը:

- Ես որպես առաջարկ գրել եմ, որ չի կարելի խոսել կուսակցությունների մասին, եթե չեք կարևորում ներկուսակցական ժողովրդավարությունը: Դրա համար մի քանի մոդել կա: Օրինակ, կուսակցությունը կարող է թույլ տալ, որ իր ներսում լինեն ֆրակցիաներ: Որևէ նպատակի հասնելու համար կուսակցությունում կարող են տարբեր կարծիքներ լինել: Սա կուսակցական կյանքի կազմակերպումն ավելի դժվար է դարձնում, բայց՝ ավելի արդյունավետ: Եթե չենք ընդունում ֆրակցիոնիզմը, պետք է օրենքով արձանագրենք, որ ներկուսակցական քննարկումներում յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտելու մեջ ու դրա համար չի կարող հետապնդվել կուսակցության կողմից: Ընդհանրապես, այն կուսակցությունները, որոնք չունեն ներքին ժողովրդավարություն, չեն կարող հանրային կյանքում ժողովրդավարության ջատագովներ լինել: Դու չես կարող ներսում մի կյանքով ապրել, դրսում՝ մեկ այլ:

Ներկուսակցական ժողովրդավարությունը խթանելու համար պետությունը պետք է առավելագույնս զերծ մնա կուսակցության ներքին կյանքին միջամտելուց: Փորձենք միջկուսակցական մրցակցությունը անկաշկանդ դարձնել, և որ ամենակարևորն է, փորձենք պայմաններ ստեղծել, որ հանրության լավագույն պոտենցիալը գա կուսակցություն: Եկեք անկեղծ լինենք ու ասենք՝ ՀՀԿ-ից բացի ԱԺ-ում ներկայացված ո՞ր կուսակցությունը կարող է կառավարության կազմ ներկայացնել: Ոչ մեկը:

- ՀՀԿ-ն էլ չկարողացավ: Վարչապետին ու մի շարք նախարարներին դրսից բերեց: Մյուսներն էլ կարող են այդպես վարվել:

- Ոչ, ՀՀԿ-ն կարող է կազմել, այլ հարց է նպատակահարմարությունը: Ես գտնում եմ, որ կուսակցությունը ընտրության գնալուց առաջ պետք է ներկայացնի իր կառավարության կազմը: Սահմանադրական փոփոխություններից առաջ ես առաջարկում էի ամրագրել, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցությունը պետք է առաջարկի իր կառավարության կազմը: Եթե մենք կարողանայինք դա ամրագրել, ես վստահ եմ, որ լրատվամիջոցները կհրավիրեին հնարավոր բոլոր գյուղնախարարներին կամ էկոնոմիկայի նախարարներին, և քննարկում կկազմակերպվեր: Եվ տեսեք, թե նախընտրական պայքարն ինչ կոնկրետ կդառնար:

Քվեարկության պատմություն

Հարությունյան Խոսրով Մելիքի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հարությունյան Խոսրով «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 844 7 6 22 84 193 146
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները