Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կուսակցությունները Հայաստանում

Կուսակցությունները Հայաստանում

Կամ նոմենկլատուրային արհմիության եւ աղանդավորական շարժման միջեւ

Գորբաչովը Սովետը քանդեց. այս խոսքերը հաճախ են ասում մեր ավագները՝ ԽՍՀՄ կործանման մեղքը բարդելով մի մարդու վրա։ Ասում են հաճախ նաեւ նրանք, որ ԽՄԿԿ՝ կոմկուսի 40 մլն անդամներից մեկն են եղել։ Իսկ Գորբաչովը, որը քանդեց երկիրը, այդ 40 միլիոնանոց «համախոհ գաղափարակիցներից» միայն մեկն էր, թեկուզեւ կուսակցության ղեկավարը։ Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե 40 մլն կուսակցականներն ինչպես նրան թույլ տվեցին քանդել երկիրը։ Կամ երբ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը 1991- ին արգելում էր կոմկուսի գործունեությունը, այդ 40 մլն-ի մեջ ինչու չգտնվեցին գոնե 50- 100-ը, որոնք բողոքի ցույց կանեին՝ իրենց գաղափարների պաշտպանության համար։ Իսկ պատասխանը մեկն էր՝ կոմկուսը ԽՍՀՄ- ում վաղուց արդեն, գուցե անգամ 20- ականներից կամ 30- ականների մեծ «մաքրումներից հետո, այլեւս համախոհների միավորում չէր, այլ իշխանական վերելակներին մոտ կանգնելու հնարավորություն։


2016- ի նոյեմբերի 26- ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարոմ է, որ «Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները»: Հայտարարում է այն օրը, երբ նույն գիշեր այդ կուսակցությանն են անդամակցում վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախարարների եւ միաժամանակ 7 հազար գազավիկների (ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի բնորոշումն է) հետ։ Նոր վարչապետը, արդեն ավանդույթի համաձայն, ՀՀԿ է բերում իր թիմակիցներին՝ այն ղեկավարելու համար։ Հիմա՝ ի՞նչ է ՀՀԿ- ն, արդյո՞ք գաղափարակից համախոհների միավորում։

Այս դեպքերից երկու օր հետո ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Այն համապատասխանեցվում էր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգին, որտեղ, ինչպես ՀՀԿ համագումարում էր նշել Սերժ Սարգսյանը, «էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում»։

Իսկ խորհրդարանում քննարկում էին 79 կուսակցությունը Հայաստանի համար ք՞իչ է, թե՞ շատ։ ԲՀԿ նախագահ եւ ԱԺ- ում նույանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ սա նորմալ բան չէ։ « 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար»,- ասում էր նա։ Նրա այս ոչ այնքան էլ նուրբ ակնարկը, բնական է, որ զայրացրեց քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանին, որը խորհրդարանում էր հայտնվել որպես հանրապետական կուսակցությունից պատգամավոր։

«Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»՝ հայտարարում էր Հարությունյանը՝ արդեն առանց ակնարկի հասկացնելով, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո որքան մարդ դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից։ Կուսակցության որակը անդամների քանակով պայմանավորված չէ՝ շատ ճիշտ նկատում էր քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը՝ գերադասելով չասել ողջ ճշմարտությունը։ Այն է՝ ի՞նչ որակ ունի կուսակցությունը, որի ղեկավարը պատգամավոր է դառնում բոլորովին այլ կուսակցության կազմում։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը այս խոսակցությունից ընդամենը մի քանի օր հետո հայտարարում էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ասում էր՝ չթաքցնելով ուրախությունը։ «Այսօր միակ քաղաքական գործիչը, որ պահանջարկված է հանրության կողմից, Գագիկ Ծառուկյանն է: Լավ է դա, թե՝ վատ, ձեր դուրը գալիս է, թե՝ ոչ , բայց դա փաստ է»,- հայտարարում էր Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ իրական փաստն այն էր, որ ԲՀԿ- ն Գագիկ Ծառուկյանով ու առանց Ծառուկյանի տարբեր կառույցներ են, ճիշտ այնպես, ինչպես բիզնես ծրագիրն առանց հիմնական ներդրողի։ Բա՞ ուր մնաց «գաղափարակից համախոհների» միավորումը։

Ուստի՝ կրկին նույն հարցը՝ 79 կուսակցությունը Հայաստանի համար շա՞տ է, թե՞ քիչ։ ԱՄՆ- ում քաղաքական դերակատարությունը հիմնականում ընթանում է երկու կուսակցությունների՝ հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ։ Մինչդեռ՝ քչերը երեւի գիտեն, որ ԱՄՆ- ում 1000- ից ավելի կուսակցություն կա։ Դրանք համապետական եւ նահանգային կուսակցություններ են, անգամ կան կուսակցություններ, որոնք մերժում են ընտրությունները եւ չեն մասնակցում դրանց։ Ուստի հարց է առաջանում ԱՄՆ- ում 1000 կուսակցությունը շա՞տ է, թե՞ քիչ։

Իսկ Հայաստանում իրականությունն այն է, որ մենք ունենք «կուսակցություններ», որոնք ավելի շատ հիշեցնում են նոմենկլատուրային արհմիություններ, ունենք «քաղաքական բիզնես ծրագրեր», ունենք մարդ- կուսակցություններ, քաղաքական ակուբներ, անգամ քաղաքական աղանդավորական շարժումներ, բայց չունենք 21- րդ դարին վայել գաղափարակից համախոհների միավորումներ, որոնք հրապարակային քննարկումներ, բանավեճեր, փրայմերիզներ՝ բաց համակուսակցական ընտրություններ են անցկացնում եւ դրանց արդյունքում որոշում իրենց քաղաքական օրակարգը եւ ներկայացնում հանրությանը։ Ուստի հարց է առաջանում՝ քանի՞ կուսակցություն կա Հայաստանում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները