Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե

Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին ձայների 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2017թ. բյուջեի նախագիծը: Դեմ քվեարկեցին ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Կողմ էին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետականի և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պատգամավորները: Նրանց հետ բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին նաև ԲՀԿ խմբակցության ոչ կուսակցական պատգամավորները՝ Աբրահամ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք:

Համահունչ ստանձնած պարտավորություններին

Դեկտեմբերի 8-ին կառավարությունը պատգամավորներին ներկայացնում էր բյուջեի լրամշակված տարբերակը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ թեև կատարվել են ծախսային որոշակի վերաբաշխումներ, բայց բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը չեն փոխվել. այն համահունչ է մակրոտնտեսական զարգացումներին, իրատեսական է , լրացուցիչ հարկային բեռ չի նախատեսում, նաև համահունչ է ստանձնած սոցիալական ու միջազգային պարտավորություններին:

Ինչ վերաբերում է վերաբաշխումներին, ապա 16.1 մլրդ դրամի տեղաշարժ է կատարվել: Որոշ ծախսեր կրճատվել են, որոշներն էլ՝ ավելացել: Մասնավորապես, 1 մլրդ 25 մլն դրամով նվազել են կրթության ոլորտի ծախսերը, ինչը, Վ.Արամյանի ներկայացմամբ, պայմանավորված է աշակերտների թվի ճշգրտմամբ: 2016թ. սեպտեմբերին արձանագրված ցուցանիշը 6500 աշակերտով պակաս է եղել, քան կառավարությունը նախապես պլանավորել էր: 8 մլրդ դրամով ավելացել է կառավարության պահուստային ֆոնդը: Այդպիսով, 2017թ. բյուջեն ունենալու է 1 տրլն 210 մլրդ դրամ եկամուտ, որի զուտ հարկային մասը լինելու է 1 տրլն 135 մլրդ դրամ: Դա կազմում է ՀՆԱ-ի 21 տոկոսը: Բյուջեի ծախսային մասը՝ 1 տրլն 360 մլրդ, դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 3,2 տոկոս:

Ֆինանսները սուղ են

Պատգամավորները, խմբակցություններն ու մշտական հանձնաժողովները Բյուջե 2017-ի վերաբերյալ 339 առաջարկություն են ներկայացրել, որոնք միասին պահանջում են հավելյալ 110 մլրդ դրամ: Կառավարությունն այդ առաջարկներից ընդամենը 31-ն է ընդունել: 104-ը մերժել է, մնացածի դեպքում էլ պարզաբանումներ ներկայացրել: Վ.Արամյանի ներկայացմամբ՝ խորհրդարանի առաջարկները քննարկելիս կարևորվել է այն հանգամանքը, թե դրանցից որոնք են ավելի առաջնահերթ և որոնց իրացման հնարավորությունը բյուջեն ունի: «Պետք է իրատեսորեն գնահատենք բյուջեի հնարավորությունները: Եթե առաջարկում ենք ծախսերի աճ, ապա պետք է նշենք նաև, թե որտեղից պետք է ապահովենք ֆինանսավորումը, հակառակ դեպքում՝ ավելի տխուր իրավիճակի առջև կկանգնենք»,- պարզաբանեց նախարարը:

«Անհույս» փաստաթուղթ և «մառազմատիկ» ելույթներ 

«2017թ. պետբյուջեում ներառված զարգացման թվերը չեն ապահովում աճող պարտքի բեռից դուրս գալու անհրաժեշտ տեմպերը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը երկիրը տանում է դեպի դեֆոլտ ու տնտեսական կոլապս:
Պատգամավորն ասաց, որ ՀԱԿ խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել նախագծին. եթե կողմ քվեարկի, ապա կկիսի երկիրն «անդունդ տանելու պատասխանատվությունը¦:

Պատգամավորների մեծ մասը դժգոհում էր, որ կառավարությունն իրենց առաջարկները չի ներառել բյուջեի նախագծում: «Բարգավաճ Հայաստան¦ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 101 առաջարկ է ներկայացրել, բայց դրանցից ընդամենը 8-ն է ընդունվել: Չի ընդունվել նաև նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին առաջարկը: «Գնացեք վերլուծություն արեք, թե իրական աշխատավարձն ինչքան է: Դուք պահում եք նվազագույնը, դրանից բխում են այլ վատ հետևանքներ: Դուք՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ձախողել եք ձեր հնգամյա ծրագիրը»,- հայտարարեց Մելքումյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, թե իրենք որևէ առաջարկություն չեն ներկայացրել, որովհետև անցած տարիների փորձից գիտեն, որ ընդդիմության առաջարկները չեն ընդունվում: §Ամենակարևորը հավատն ու հույսն են, որ բացակայում են այս փաստաթղթից: 2017թ. պետական բյուջեն որևէ հույս չի ներշնչում, որ կանգնեցվելու է արտագաղթը, ունենալու ենք տնտեսական աճ¦,- նշեց Բիշարյանը:

4 տարվա ընթացքում առաջին անգամ չէին ընդունվել նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկությունները: Այս անգամ դրանք վերաբերում էին պաշտպանական ծախսերին: Վ.Արամյանը կրկին բացատրեց, թե չեն բավարարել այդ առաջարկները, քանի որ ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրներ չունեն: «Ասում եք, աղբյուրը ո՞րտեղից: Տնտեսումներից պետք է լինի, ուռճացված կառավարության կառավարման համակարգի հաշվի պետք է լինի: Էլի տեղեր կարող ենք ասել՝ ՊԵԿ-ի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, Կենտրոնական բանկի շենքը վաճառելու հաշվին, էնքան բան կա, բայց էդ կրճատումները չեն արվում, օպտիմալացում ես չեմ տեսնում, միայն հռետորաբանության մեջ է դա մնացել»,- հակադարձեց պատգամավորը:

«Դուք հաճախ հարմարացնում եք սուտը: Ես վախենամ, որ այս կառավարությանը դուք թաղեք այս բյուջեով»,- քննարկմանը հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեմագոգիա համարեց ընդդիմադիր պատգամավորների ելույթները. «Այստեղ ամեն ինչ մենք լսեցինք՝ դեմագոգիայից սկսած, մառազմից սկսած մինչև նախընտրական հնարքներ: Իհարկե, եղան նաև բուն էությանը վերաբերվող ելույթներ: Իսկ իրականում ֆինանսական փաստաթուղթը իրատեսական է և համահունչ կառավարության ծրագրին»,,- ասաց Բաղդասարյանը: Նրա կարծիքով ՝ գնահատանքի է արժանի փաստը, որ կառավարությունը պոպուլիզմի ճանապարհով չի գնացել ու §նախընտրական» բյուջե չի ներկայացրել: Հենց դրա համար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը:

Նշենք, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ խմբակցությունից որևէ անդամ ոչ հարց տվեց, ոչ էլ ելույթ ունեցավ 2017թ. բյուջեի նախագծի վերաբերյալ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները