Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարության ծրագիրն արտացոլված չէ 2017թ. բյուջեում

Կառավարության ծրագիրն արտացոլված չէ 2017թ. բյուջեում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց 2017թ. բյուջեի նախագծին: Խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական մեծամասնություն, ձախողել է իր հնգամյա ծրագիրը: Բյուջեի ու ՀՀԿ-ի ծրագրի ձախողման մասին Parliamentmontitoring.am-ը զրուցել է Մ.Մելքումյանի հետ:

- Պարոն Մելքումյան, տնտեսական ի՞նչ ձեռքբերումներ է խոստանում 2017թ. բյուջեն:

- Ես նախ կասեմ, որ նոր կառավարության ծրագիրը բյուջեի հետ քիչ կապ ունի: Կառավարության ծրագրում ավելի հավակնոտ և ավելի լուրջ արդյունքներ ստանալու խոստումներ կային թե հակակոռուպցիոն, թե մենաշնորհների դեմ պայքարի, թե ընդհանրապես տնտեսական զարգացման առումով: Մինչդեռ բյուջեում հազիվ ծայրը ծայրին հասցնելու վիճակ է նկարագրված: Հուլիս-օգոստոս ամիսներից մեր տնտեսության զարգացումը անկումային է: Երրորդ եռամսյակում ունենք ընդամենը 2,6 տոկոս ՀՆԱ-ի աճ, մոտ 400 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ի անկում, որից 21 տոկոսը հարկերն են. 80 մլրդ դրամից ավելի պետական բյուջե թերհավաքագրում կա: Ամեն անգամ կայունացման վարկ ենք վերցում, որ այդ դեֆիցիտը փակենք: Իսկ գների կայունացման ԿԲ-ի քաղաքականությունը հակադրության մեջ է մտել տնտեսական քաղաքականության հետ: Ճիշտ է, դրան նպաստեց նաև միջազգային շուկաներում գունավոր մետաղների անկումը, բայց արդյունքում մեր ՀՆԱ-ն իջավ, և բյուջեն չի համալրվում: Իսկ դա նշանակում է, որ նախորդ տարիներին գնաճի արդյունքում է, որ բյուջեն համալրել ենք:

Ակնհայտ է, որ տրանսֆերտներն իջել են 840 մլն դոլարով, բայց ո՞վ է ասել, որ պետք է հույսներս դնեինք միայն տրանսֆերտների վրա: Մի ժամանակ ասում էինք, թե տնտեսության շարժիչ ուժը շինարարությունն է, հիմա էլ՝ տրանսֆերտնե՞րը: Այսինքն, ծրագրում գրված միջոցառումները, որոնք պետք է բերեին մուլտիպլիկացիոն էֆեկտի, ներդրումների աճի, բյուջեում արտացոլված չեն:

- Նման պայմաններում արդյո՞ք պոպուլիզմ չէր նվազագույն աշխատավարձը 100.000 դրամ դարձնելու Ձեր առաջարկը:

- Ոչ: Թող 100.000 դրամ չլինի, լինի 70-75 հազար, թեև կառավարության հնգամյա ծրագրով նվազագույն աշխատավարձը հիմա պետք է 65 հազար դրամ լիներ: Այսինքն, իրենք իրենց ծրագիրը չեն կատարում: Ես ասում եմ՝ եկեք բարձրացնենք ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը, ասում են ներդրումները դանդաղում են: Այսինքն, կառավարություն չի՞ ակնկալում, որ իր վեցամսյա ծրագրում նշված ներդրումները լինեն, մրցակցային միջավայրը բարելավվի: Բյուջեում այդ բարելավման ցուցանիշները չկան:

- Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որպես նվազագույն աշխատավարձը չբարձրացնելու պատճառ ներկայացրեց ֆինանսական միջոցների բացակայությունը:

- Գիտեմ: Իմ առաջարկը փող լինելու հետ որևէ կապ չունի: Ես չեմ կիսում այդ մոտեցումը, դա իրենց համար հանգիստ ապրելու ֆորմուլա է: Այսօր գիտենք, որ նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է: Բոլորս էլ գիտենք, որ նվազագույն, որակավորում չպահանջող բանվորական աշխատավարձը օրական 3-4 հազար դրամ է: Այսինքն, նվազագույն աշխատավարձն իրականում ոչ թե 55.000 դրամ է, այլ ՝ավելին: Մենք, պահպանելով այդ նվազագույն շեմը, խթանում ենք ստվերը: Հայաստանում 230.000 մարդ նվազագույն աշխատավարձ է ստանում, բայց դա ճիշտ չէ:

-Այսինքն, մեր ողջ աշխատուժի մոտ 40-50 տոկոսն ընդամենը նվազագույն աշխատավարձ է ստանում:

- Այո, որովհետև այդքան են ձևակերպում, բայց իրականում ավելի բարձր են ստանում: Երկրորդը, եթե ես ձեզ տալիս եմ 100 դրամ, դուք դրանից խնայելու տեղ չունեք և տանում՝ ծախսում եք կոմունալի, տրանսպորտի, սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գնելու համար, և արդյունքում այդ ոլորտները ստանում են լրացուցիչ պատվերներ: Իսկ դրա 30 տոկոսը հարկերով մտնում է բյուջե: Կառավարությունն աշխատավարձի բարձրացման ֆորմուլան պետք է դիտարկի որպես տնտեսական ակտիվության ու շրջանառության ավելացում: Սա մոդելի հարց է, և ես՝ որպես տնտեսագետ, պահանջարկի համատարած խթանման քեյնսյան մոդելի կողմնակից եմ, մինչդեռ Ֆրիդմանի մոդելը գերեզմանային կայունություն է ապահովում: Այսօր մեր վարկունակությունն ընկել է, քանի որ տնտեսության դիմադրողականությունն է իջել, էլ մեզ վարկ չեն տա: Մյուս կողմից էլ 2020թթ. միայն պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար է պետք:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հարկային օրենսգիրքը փոխվեց, որպեսզի մեր վարկունակությունը բարձրանա:

- Անկեղծ ասել է, նորմալ եմ համարում: Տնտեսության կարգավորման, կառավարության գործառույթների իրականացման մոդելի հարցում ես տարբեր մոտեցում ունեմ: Ես պահանջարկի խթանման կողմնակից եմ: Թող գնաճը մի փոքր շատ լինի, բայց դուք եկամուտ ունենաք, որ ապրեք: Բայց երբ մարդուն այնպիսի վիճակի մեջ ես դնում, որ թողնի ու գնա երկրից, նա չի հասկանում, որ դու այդպիսով ցածր ու կայուն եկամուտ ես ապահովում: Գնացողը մնում է այնտեղ, ընտանիքն է տանում ու էլ տրանսֆերտ չի ուղարկում:

- Թե բյուջեի թերակատարումը, թե տնտեսության անկումային վիճակը, տրանսֆերտների կրճատումը ՀՀ իշխանությունները պատճառաբանում են արտաքին բացասական ազդակների ազդեցությամբ: Այսինքն, ՌԴ-ում է տնտեսական անկում, նավթի և մետաղների գներն են ընկնում:

- Հասկացանք, թող 50 տոկոսը արտաքին գործոնի ազդեցությունը լինի, բա մյուս 50 տոկո՞սը: Այսինքն իրենցից ոչինչ կախված չէ՞: Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի, թե ով է կառավարում:

Քվեարկության պատմություն

Մելքումյան Միքայել Սերգեյի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մելքումյան Միքայել «Բարգավաճ Հայաստան» 549 62 152 87 114 191 185
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները